Հովհաննես Այվազովսկի

16995374

Հուլիսի 29-ին ծնվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Ժամանակակիցները նրան անվանել են «բարի հանճար»։

Այվազովսկին խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։

Վախճանվել է 1900 թվականին` անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը, որը սկսել էր նկարել հենց իր մահվան օրը։ Որպես ժառանգություն թողել է 6000 կտավ։ Ի դեպ, Այվազովսկու ծննդյան օրը նշում են ոչ միայն արվեստասերները, այլև նավաստիները և նավատորմի վետերանները։

Եթե երկու բառով բնորոշելու լինեմ Այվազոսկու արվեստը, ասելու եմ՝ Լույս և Շարժում, սակայն նրա կտավներից հատկապես երկուսն ինձ համար ֆանտաստիկայի ժանրից են։ Խոսքը մասնավորապես «Իններորդ ալիքը» և «Աննա Բուռնազյանի դիմանկարը» կտավների մասին է։
«Իններորդ ալիքին» հանդիպել եմ Պետերբուրգում` Ռուսական թանգարանում: Տեսել եմ քսան տարի առաջ, բայց զգացողություններն ամենայն մանրամասնությամբ հիշում եմ նաև այսօր, որովհետև այդպիսի բան, գոնե ինձ հետ, բացառիկ դեպքերում է պատահում:
Հոգնած նստած էի թանգարանի ցուցասրահներից մեկում, երբ թիկունքից լսեցի. «Այս պատին ցուցադրվում է ռուս  մեծ ծովանկարիչ Իվան Այվազովսկու «Իններորդ ալիքը»: Ձայնի ուղղությամբ շուռ եկա ու…առաջին բանը, որ արեցի (պարզորոշ հիշում եմ) անսպասելիությունից կծկվելն էր: Աներևակայելի բան կատարվեց, ինձ թվաց` պատով մեկ փռված ծովի ալիքները գալիս են ուղիղ ինձ վրա ու հիմա, հենց հիմա ես կխեղդվեմ: Նույնիսկ շունչս սկսեց կտրվել: Վախից դեմքս շրջեցի: Այդպես որոշ ժամանակ նստեցի, հետո որոշեցի քայլելով նախ հեռանալ նկարից, նոր միայն շրջվել ու նայել: Այդպես էլ արեցի: Չգիտեմ, չեմ հիշում ինչքան ժամանակ եմ հեռվից հիպնոսացած նայել այդ կտավին, միայն հիշում եմ, որ դժվարանում էի չնայել…

Այվազովսկու մյուս՝  «Աննա Բուռնազյանի դիմանկարը» կտավի մշտական հասցեն Թեոդոսիայի պատկերասրահն է: Խոսքը Այվազովսկու երկրորդ կնոջ` Աննա Բուռնազյանի դիմանկարի մասին է: Ամեն անգամ այդ նկարը տեսնելիս, չգիտեմ՝ ինչու հուզվում եմ: Զարմանալի, մաքրամաքուր էներգետիկա ունեցող նկար է. հայուհու իսկական կատարելատիպ` գեղեցիկ, խելացի, նուրբ ու քնքուշ, խաղաղ ու ներդաշնակ…

Կտավում պատկերված գեղեցկուհին ինձ ստիպեց գնալ իր ետևից և ահա, թե ինչ պարզեցի։ Այվազովսկին նրան հանդիպել է, երբ արդեն 65 տարեկան էր, իսկ Աննան` ընդամենը 25: Տարիքային տարբերության 40 տարին խոչընդոտ չեղավ, որպեսզի նրանք միասին 18 տարի երջանիկ ու համերաշխ ապրեն։ Աննան ոչ միայն Այվազովսկու տան օջախի պահապանն էր, այլ նաև նրա առաջին օգնականն ու խորհրդատուն: Այվազովսկին պաշտում և փայփայում էր իր երիտասարդ կնոջը, այդ մեծ զգացմունքը ներշնչանքի նոր աղբյուր էր Այվազովսկու համար: Նամակներից մեկում Այվազովսկին կնոջն ուղղված այսպիսի խոսքեր ունի. «Հոգիս մշտապես պետք է առնչվի գեղեցկության հետ, որպեսզի հետո այդ ամենը կարողանամ վերարտադրել կտավներում: Ես սիրում եմ քեզ, և քո խորունկ աչքերում ինձ համար առկայծում է մի մեծ խորդհրդավոր աշխարհ, որն իրոք կախարդական ազդեցություն ունի ինձ վրա: Եվ եթե հանկարծ արվեստանոցի լռության մեջ ես չեմ կարողանում հիշել քո հայացքը, ապա նկարս խամրած է ստացվում»:

Ծովանկարիչը խոստովանում էր նաև․ «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»: Երևի թե պատահական չէ նաև այն, որ հիմնականում իր կյանքի վերջին տարիներին է Այվազովսկին հայկական թեմաներով նկարներ ստեղծել․ «Արարատ լեռան հովիտը», «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը Ավարայրի ճակատամարտից առաջ», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Բայրոնի այցը Մխիթարյանների Սուրբ Ղազար կղզի», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» և այլ կտավներ։

1903 թ.ին Այվազովսկու այրին` Աննա Բուռնազյանը, մարմարե շիրմաքար է պատվիրել իտալացի քանդակագործ Լ. Բիոջոլիին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում թաղված Այվազովսկու շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու հետևյալ խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Աննա Բուռնազյանը մահացել է 1944 թվականի հուլիսին, 88 տարեկան հասակում, և թաղված է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում՝ Հովհաննես Այվազովսկու գերեզմանի կողքին։

Լուսանկարում`  Հովհաննես Այվազովսկի «Աննա Բուռնազյանի դիմանկարը»

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s