Մամ, քո մասին միշտ դժվարացել եմ խոսել։ Պատմել եմ ընտանիքիս բոլոր անդամների մասին՝ հորս, եղբայր-քույրերիս, տատիի ու պապիի, նույնիսկ նախապապի ու նախատատի, բայց քո մասին, մամ, ոչ մի տող մինչև հիմա չեմ գրել, դժվարանում եմ արտահայտվել․ բառերը չեն հերիքում, հուզմունքն էլ թարսի պես կանգնում-մնում է կոկորդում։ Այն, ինչ հիմա գրելու եմ, չափազանց դժվար է ասելը, բայց, այնուամենայնիվ, այս անգամ որոշել եմ փորձել․․․
Քո՝ իմ կողքին ապրած 37 տարիները եղել են անվերապահ սիրո, հավատարմության և նվիրումի տարիներ։ Քեզնից հետո ապրած իմ 15 տարիների մեջ դու միշտ ներկա ես եղել, մի՜շտ․․․
Մամ ջան, դու այնքա՜ն շատ ու այնքա՜ն անխնա ես ինձ տվել-ողողել, որ քեզնից ստացած սերն ինձ էլի տարիներ կապրեցնի․․․
Դու ինձ կյանք ես պարգևել, լուռ ու համբերատար իմ կողքին ես եղել, երբ ես երկար ու ձիգ տարիներ քայլելիս եմ եղել դժոխքի փշոտ ճամփեքով՝ հոգի բզկտող ու սիրտ մաշող․․․Ինձ հետ քայլել ես՝ ձեռքս բռնած, թիկունքիս կանգնած, անտրտունջ ու անհոգնել։ Ես գիտեմ՝ դու հիմա էլ ես մեզ հետ, ուղղակի քայլում ես ետևից, որպեսզի ուղեկցես և պահպանես մեզ․․․
Դու ինձ անբավելի հարստություն ես թողել՝ պարգևելով արևների զարմանահրաշ մի փունջ՝ եղբայր ու երեք քույր։ Գիտե՞ս՝ որքան շնորհակալ եմ քեզնից ասուպի նման պոկված ու ինձ հասած զավակներիդ համար․ նրանցից ամեն մեկն ինձ համար մի-մի աշխարհ է, քեզնից մնացած մի-մի մասունք․․․
Ուզում եմ իմանաս, որ մենք՝ քո շարունակությունները, այսօր էլ սիրում ու հիշում ենք քեզ․․․
Մամ ջան, ծնունդդ շնորհավոր․․․
Միշտ քո՝ Նունե, Հայկանուշ, Լուսինե, Սարգիս, Վերա
Լուսանկարը՝ անձնական արխիվից