Խաղողագործությունը Հայաստանում

images

Խաղողօրհնեքին ընդառաջ

Խաղողագործությունն ու գինեգործությունը Արարատ լեռան ստորոտին տարածված են եղել Նոյ նահապետի ժամանակներից: Անհիշելի ժամանակներից խաղողագործության ու գիներգործության կենտրոններ են եղել Աղձնիքը, Մոկքը, Պարսկահայքը, Վասպուրականը, Արարատյան դաշտը և Հայաստանի այլ շրջաններ։

Խաղաղագործության մասին կան նաև պատմական հիշատակություններ։ Այսպես, Արգիշթի 1-ին թագավորը Արգիշթիխինիլի քաղաքի հիմնադրման մասին արձանագրության մեջ (Ք. ա. 776 թ.) ասում է. ‹‹Գետից չորս ջրանցք անցկացրի, խաղողուտ և անտառ տնկեցի››1: Իսկ Ասորեստանի Սարգոն 2-րդ արքան, հաղորդելով դեպի Վանի թագավորություն կատարած իր արշավանքի մասին, հայտնում է. ‹‹Նրանց խաղողի վազերը ամբողջությամբ հավաքեցի և կրակով այրեցի››։ Ստրաբոնը գրում է. ‹‹Հայաստանի ներսում կան շատ լեռներ և շատ լեռնաշղթաներ, որոնց մեջ խաղողի այգին հեշտությամբ չի աճում. նա ունի և շատ հովիտներ, ոմանք չափավոր, ոմանք էլ շատ բերրի, ինչպես Արաքսենի դաշտը››։

Նշենք, որ միջնադարյան Հայաստանում հաճախ այգի ասելով հասկանում էին
հենց խաղողի այգին: Օրինակ, Վարդան Այգեկցու առակներից մեկում ասվում է. ‹‹Եւ
թագաւորն հումքի արար, թէ զինչ որ ի յիմ իշխանութեանս այգի կայ, փակեցեք և զկարասնին կոտորեցէք››: Գոշավանքի 1301 թ. մի արձանագրության մեջ էլ ոմն Թաղարտեր
հաղորդում է. ‹‹Էտու … յիմ խաս այգուն Ճ կուժ գինի››: Ուշագրավ է այն հանգամանքը,
որ միջնադարյան Հայաստանում խաղողի նորատունկ այգին մատնարկ են անվանել:

Հայաստանում խաղողագործության զարգացման բարձր մակարդակի մասին են
վկայում օտարերկրյա աղբյուրները: Օրինակ, 13-րդ դարի պարսիկ ճանապարհորդ Նասիր Խոսրովի մի վկայությունից իմանում ենք, որ Արձն քաղաքում եղել է խաղողի էժանություն: Իսկ 14-րդ դարի հեղինակ Համդուլլահ Ղազվինին, թվելով Փոքր Ասիայի խաղողագործության լավագույն տեղերը, հիշում է Երզնկան ու Մալաթիան: 15-րդ դարի ճանապարհորդ Գոնցալես Դի Կլավիխոն վկայում է, որ Երզնկայից Խոյ գնացող ճանապարհին ‹‹շրջապատի բոլոր կողմերից կարելի է տեսնել գյուղեր, որթատունկով և բուսականությամբ. ամբողջ դաշտը մշակվում էր որթատունկ և հացահատիկ››:

Հնձանների մասին տեղեկություններ են պահպանվել նաև հայ մատենագրության
մեջ: Ագաթանգեղոսը խոսելով Արևելյան Հռոմեական կայսրության սահմաններից Հայաստան եկած կույսերի մասին, հաղորդում է, թե նրանք եկան հայոց Վաղարշապատ քաղաքը և ‹‹մտանէին ի հնձանահարկս այգեստանւոյն, որ կան շինեալ ի հիւսիսոյ յարևելից կուսէ››30: Նույն պատմիչի մի այլ վկայության համաձայն էլ Տրդատ արքայի հրամանով գնում, կույսերին գտնում են շինվածքների հնձաններում: Բազմաթիվ են վկայությունները, որոնք հավաստում են հնձաններն այգիների մոտ կառուցելու մասին: Բերենք դրանցից մի քանիսը: Ագաթանգեղոսը, խոսելով Լուսավորչի մասին, ասում է, թե թագավորն ու մեծամեծերը չէին հեռանում նրա մոտից ‹‹և ցայգ և զցերեկ կային առ նմա, և օթևանք նոցա առ նմին լիցէին ի մեջ այգւոյն, առ դուրս հնձանին››: Մի այլ առիթով էլ պատմիչը վկայում է, թե Գրիգոր Լուսավորիչը վկայարաններ է կառուցել տալիս հնձանի տեղում. ‹‹Եւ զմիւսն ևս մօտ ի հնձանն ի մեջ այգւոյն››:

Դատելով Զվարթնոցում, Գառնիում, Էջմիածնում, Եղվարդում, Դվինում և այլ վայրերում պեղումների միջոցով հայտնաբերված հնձաններից, կարելի է պնդել, որ միջնադարում այդ տիպի կառույցներն ունեցել են երկու, իսկ երբեմն էլ` երեք բաժանմունքներ: Առաջինը եղել է խաղող ճզմելու առագաստը, որն ունենում էր կրաշաղախից պատրաստած ամուր և հարթ հատակ: Վերջինս ցածր պատով բաժանված էր լինում 2-րդ բաժանմունքից: Պատի վրա դրված կավե խողովակով քաղցուն ծորում էր երկրորդ բաժանմունքում նրա տակ դրված ամանի մեջ:

Հնձանի մյուս կարևոր բաժանմունքն էլ մառանն էր: Առաջին բաժանմունքի հորերի մեջ հավաքված քաղցուն, որ որոշ ժամանակ մնալուց հետո զուլալվում էր, տեղափոխվում էր մառան,
որտեղ էլ տեղի էր ունենում խմորման հիմնական գործընթացը: Գինին մառաններում
պահվում էր թե՛ կարասների, թե՛ հատակի մեջ արված հորերի մեջ:

Ինչպես վերը նշեցինք, գինու պահպանությունը կատարվում էր հորերում, որոնք մատենագրության մեջ հայտնի են ‹‹գուբ գինւոյ›› անվամբ: Ագաթանգեղոսն, օրինակ, ասում
է. ‹‹Արկէք մանգաղս, զի հասեալ է ժամանակ կթոց մտէք հնձանս, զի լցեալ են հնձանք և զեղուն գուբք իւրեանց››:

Գինեգործության մասին բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել դեռևս վաղ
ժամանակներից: Պատմահայր Հերոդոտոսը հաղորդում է, որ դեռևս ասորեստանցիները Հայաստանից իրենց յուրահատուկ ձև ունեցող նավերով կարմիր գույնի ամանների
մեջ լցված գինի են փոխադրել: Մովսես Խորենացին էլ հաղորդելով Շամիրամ թագուհու կատարած գործերի մասին, հայտնում է, թե նա Արայի մահից հետո քաղաք է կառուցում, որը զարդարում է ‹‹բազմաբեր ու գինեբեր›› տունկերով: Իսկ ավելի ուշ ժամանակներում նման հաղորդումները սովորական են: Ղազար Փարպեցի պատմիչն իր հերթին Ոստանը համարում է գինու և հացի շտեմարան46: Իր մի հանելուկում գինին հիշատակում է Ներսես Շնորհալին.

Ըզջուրն հըրոյ նման տեսայ,
Նաև պայծառ, քան զլուսնկայ,
Քան զծիրանի ծով կու ծըփայ,
Շատոց արիւն հեղեալ է նա

Այս առումով հետաքրքիր է ‹‹Գիրք վաստակոցի›› վկայությունը. ‹‹Եւ գիտելի է, որ երաշտ տարւոյն գինին պինտ և ուժով լինի››, և որպեսզի վերացվի այդ թնդությունը. ‹‹պարտ է, որ առնուս անձրևաջուր և եփես այնչափ, որ մնա կէսն և գինին խառնէս››: Գինին անձրևաջրով էր նոսրացվում, քանի որ վերջինս թորած ջուր էր և չուներ գինու որակին վնասող աղային խառնուրդներ:

Ինչպես ակներև է դառնում բազմաթիվ վկայություններից, գինիներին խառնել են
բազմաթիվ համեմունքներ նրանց համա-հոտային հատկանիշները լավացնելու համար:
Մատենագրության մեջ հիշատակվում են ‹‹խնկով››, ‹‹վարդով››, ‹‹հապալասով›› և այլ անուշահոտություններով ‹‹կազմեալ›› գինիները: Օրինակ, Անանիա Շիրակացին հիշատակում է խնկով և վարդով կազմված գինիները: Գրիգոր Նարեկացին իր տաղերից մեկում նշում է .‹‹խառնել ի գինի զխառնելիս անուշից››: Գինին անուշահոտ դարձնելու եղանակ է հայտնում ‹‹Գիրք վաստակոցը››. ‹‹Առ վայրի հապալասը, չորացրու և մանր լեսիր և յուրաքանչյուր լիտրին մեկ նուկի լցնելով կամաց-կամաց խառնիր, կարասի բերանը ծեփիր և տաս օրից հետո բաց››: Բերված վկայությունները ցույց են տալիս, որ գինիների համա-հոտային որակները բարելավելու համար նրանց տարաբնույթ յուղեր ու համեմունքներ են խառնել:

Խաղողից, ամենայն հավանականությամբ, նաև օղի են ստացել: Այն աղբյուրներում
հանդիպում է նաև ցքի անունով: Հր. Աճառյանը ցքին բացատրում է որպես ‹‹արմաւից պատրաստած մի տեսակ արբեցուցիչ ըմպելիք, օղի››:

Գինին թթվել-քացախելուց զերծ պահելու համար նախքան կարասի մեջ գինի լցնելը այն ծծումբով ծխահարում էին, քանի որ վերջինս ուներ մանրէասպան հատկություններ: Բացի դրանից կարասի մեջ նաև մանրէասպան խոտեր էին լցնում (‹‹Եւ լաւն այն է, որ ի ներքոյ ոռիցն կարասին սամիթ դնեն, կամ անանուխ կամ այլ անուշահոտ խոտ››)։

Պատմահայրը վկայում է, որ Հայաստանում եղել է ‹‹տակառապետություն›› գործակալությունը: Ագաթանգեղոսն էլ մի առիթով գրում է. ‹‹Ահա լի են շտեմարանք այսր թագաւորի, և կազմ են մատռուակք արբուցիչք››:

Խաղողի պահպանման լավագույն կարասները պատված էին գինու մրուրով: Մրուրի բացակայության դեպքում կարասի տակ ավազ էին լցնում:

Աղբյուրը՝  Հրաչ Բեգլարյան ‹‹Խաղողի վերամշակումը միջնադարյան Հայաստանում››

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Խաղողագործությունը Հայաստանում

  1. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Եւ ոչ արկանէն գինի նոր ի տիկս հինս, ապա թէ ոչ տիկքն պատռին և գինին հեղու և տիկքն կորնչին, այլ արկանէն զգինի նոր ի տիկս նոր:

    Нравится

  2. Уведомление: Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք» | Մարինե Մկրտչյան

  3. Уведомление: Վերափոխումն Սբ. Աստվածածնի — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s