Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2020
Ահա և նույն ամսի նույն օրը մենք հանդիպեցինք վեցերորդ անգամ: Եվ ես, ինչ խոսք, ուրախ եմ այս հանդիպման համար: Սիրով ներկայացնում եմ իմ արտակարգ հուլիս-օգոստոսի ուսումնական գործունեությունը: Իսկ նրանց, ում հետաքրքիր է, կարող են ծանոթանալ իմ մանկավարժական գործունեության ամփոփ փաստավավերագրությանը:
Ներկայացնում եմ, հետն էլ ինձ ու ինձ մտորում եմ կրթահամալիրի՝ իմ կյանքում ունեցած դերակատարման մասին: Փորձեմ ներկայացնել կրթահամալիրի դերն ու նշանակությունը իմ՝ որպես անձի վրա: Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի որդեգրած մեդիակրթության շնորհիվ ես ինքնարտահայտվելու- ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն եմ ստացել: Վկան՝ մեդիակրթության ծնունդ Հայկական կակաչը:
Խոստովանում եմ` ես ֆիզիկական միջավայրում միշտ էլ չեմ գտել կամ մեծ դժվարությամբ եմ գտնում ինքնիրացման ուղիներ: Ֆիզիկական միջավայրին բնորոշ շատ հարցերում ես ուղղակի չկամ, մինչդեռ համացանցում ես` ինչպես ձուկը ջրում: Վիրտուալ իրականությունը լրացնում, ամբողջացնում, ավարտին է հասցնում այն ամենը, ինչը ես ինչ-ինչ պատճառներով չեմ կարողանում կամ չեմ հասցնում ավարտել ֆիզիկական միջավայրում: Կրթահամալիրի թե՛ վիրտուալ տիրույթը, և թե՛ ֆիզիական միջավայրը իրական աշխարհներ են, ավելի ճիշտ` իրականության երկու սիրուն դրսևորումներ: Երկուսին էլ շա՜տ եմ սիրում:
Սիրում եմ կրթահամալիրի վիրտուալ միջավայրը՝ դրական, սիրուն, գույնզգույն…
Սիրում եմ կրթահամալիրի մարդկանց՝ ժպտերես, հետաքրքիր, ինքնատիպ…
Կրթահամալիրում կողք կողքի ապրում՝ սովորում և աշխատում են տարբեր մտածողությամբ տարբեր մարդիկ՝ տարբեր ճաշակներով և տարբեր աշխարհընկալումներով, տարբեր քաղաքական և տարբեր կրոնական հայացքներով ու…այսքա՜ն հանդուրժող, այսքա՜ն ներող:
Կրթահամալիրն ինձ համար, ամենից առաջ և ամենից հետո, Ազատություն է և Սեր, Ուժ է և Հավատ, Երևույթ է և Պարգև, միով բանիվ` սիրուն Իրողություն է` իսկական ու իրական զարմանահրաշ մի Թագավորություն:
Այս բացառիկ կրթական, մշակութային, հոգևոր միջավայրն արարել և հոգի-շունչ է ստանում տիար-տնօրեն Աշոտ Բլեյանով, նրա մտավորականությամբ ու ազնվականությամբ, կենսաթրթիռ ռիթմով ու գրավիչ թեթևությամբ, մայրենիի պաշտամունքով ու հայրենաճանաչությամբ, շիտակությամբ ու ներողամտությամբ…
Տիար ջան, սիրով ու խոնարհումով խոստովանում եմ, որ Ձեր շնորհիվ այսօր ոչ միայն հարազատ ու թանկ մարդկանցով լեցուն մի պսպղուն մոլորակ ունեմ, այլև ես ինձ ունեմ: Շնորհակալ եմ, էլի լիքը տեսանելի-անտեսանելի բաների համար, տիար ջան…
Կարող եք ծանոթանալ նախորդ տարիների նյութերին`
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2019
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2017
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2015
Առաջ Աստված: Կհանդիպենք մյուս տարի` 2021թ.-ի օգոստոսի 18-ին:
Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի ֆեյսբուքյան էջից
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Նունե Մովսիսյան
Уведомление: Համայնքի խնդիրներին արձագանքում են – Սեբաստացի կրթական համայնք
Уведомление: Ջոջ գետի ակունքը․․․ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)