Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական: Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը: Նրանք, ովքեր ապրում են անորոշության մեջ` դեռևս լիարժեք չեն: Իսկ անվճականության մեջ ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ որոշում կայացնել: Նրանք մշտապես ապավինում են ինչ-որ մեկին. ուրիշը պետք է որոշի նրանց փոխարեն: Բայց դա ստրկություն է: Այդպես վարվելով` նրանք անհնարին են դարձնում իրենց հոգու ծնունդը:
Որոշումը պետք է գա ներսից, քանի որ վճռականությունն իր հետ բերում է ամբողջականություն:
Դուք ծնվում եք միայն այն ժամանակ, երբ ռիսկի եք գնում, ծնվում եք միայն այն դեպքում, երբ քաջություն եք դրսևորում: Ամեն անգամ, երբ դուք որոշում եք կայացնում, հիշե՛ք՝ եթե արդեն նման որոշում ունեք, ապա պատրաստ եղեք նաև հետևել դրան. հակառակ դեպքում մի ընդունեք այդ որոշումը, որովհետև ընդունել որոշում և այդ որոշմանը չհետևելը շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես անվճռական լինելը: Դուք կկորցնեք վստահությունը սեփական էության հանդեպ: Դուք կդառնաք անվստահելի:
Սակայն որոշում կայացնելուց հետո համարեք, որ դուք արդեն պարտավորություններ էլ ունեք: Հետագայում ինչ էլ որ պատահի, դուք պարտավոր եք դա անել: Հետևեք դրան ամբողջ սրտով, կենտրոնացեք այն աստիճան, որպեսզի ետ չդառնաք: Եվ, եթե կարողանաք դա անել, դուք կզգաք, որ հստակություն է գալիս, որ մառախուղը ցրվում է, ինչ-որ բան բյուրեղանում է, կենտրոնանում է ձեր մեջ:
Որոշումներ կայացնելու ունակությունը վիթխարի նշանակություն և կարևոր իմաստ ունի:
Աղբյուրը` Ошо — Беседы по трактату Лу-Цзы «Секрет Золотого Цветка»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին