Իկիգայը ճապոներեն բառ է: Իկիգայը օգնում է երկար ապրել, լավ զգալ և պահպանել սթափ միտք: Իկիգայն այն է, հանուն որի մենք ապրում ենք, ինչի համար առավոտյան արթնանում ենք և ապրում ենք օրը մինչև երեկո:
Բայց իկիգայը տարբերվում է ապրելու պարտականությունից և անհրաժեշտությունից. դրանում ուրախություն կա: Ի՞նչն է մեզ ուրախացնում, ոգեշնչում և ստիպում ապրել: Ի՞նչն է ստիպում ուժ և համբերություն ունենալ՝ դժվարություններին դիմակայելու համար:
Երկրագնդի վրա գոյություն ունեն «կապույտ գոտիներ». դրանք այն վայրերն են, որտեղ շատ երկարակյացներ են ապրում: Վայրեր, ուր մարդիկ ապրում են երկար և իրենց լավ են զգում: Ճապոնական մի կղզու վրա կանայք, միջին վիճակագրությամբ, ապրում են մինչև 92 տարի, նույնն է նաև տղամարդկանց դեպքում:
Հենց նրանք էլ գիտնականներին բացատրել են՝ ինչ է իկիգայը: Իկիգայը շատ էլ հեշտ բան է: Հասկանալ է պետք՝ հանուն ինչի ես ապրում: Անձնական կյանքի մեջ իմաստ դնել է պետք: Եվ կարևոր չէ, թե ուրիշներն ինչպես են գնահատում մեր իկիգայը: Կարևորը, որ մենք այն անձամբ ունենանք:
Մեր անձնական իկիգայը կարող է ուրիշների համար լինել փոքր և անտեսանելի: Կարող եք ընտանիքի կամ նույնիսկ մեկ սիրելի մարդու համար ապրել: Կարող եք ապրել սեփական հոբբիի կամ բարի գործի համար: Կարող եք թռչուններ կերակրել, կարելի է նաև թոռների համար հատապտուղներ աճեցնել: Գեղեցիկ իրեր հյուսել կամ պատկերներ գրել…
Կարելի է ապրել աշխատանքի և ձեռքբերումների համար: Եվ կարելի է ապրել հանուն այգու: Անգամ կարելի է ապրել պատուհանագոգին դրված մանուշակների համար, որոնք աճեցրել ենք սիրով և հիմա հիանում ենք նրա նուրբ ծաղիկներով: Նույնիսկ դրա համար արժե ապրել:
Իկիգայը կյանքի գլոբալ և կարևոր իմաստից տարբերվում է իր ուրախությամբ: Այն հաճելի է հոգուն: Իկիգայը վայելքն է և ոգևորությունը: Այն ամենը, ինչը ստիպում է սրտին ժպտալ: Ահա թե ինչ է նշանակում իկիգայ: Մեր անձնական փոքրիկ իկիգայը, մեր շարժիչ ուժը, որի շնորհիվ մենք ցանկություն ենք ունենում ապրել:
Կյանքն առանց ուրախության կարճ է: Եվ մարդը հիվանդանում է, երբ նա կյանքից այլևս հաճույք չի ստանում, երբ լինում է միայն պարտականություն և պատասխանատվություն. միայն անհրաժեշտություն…Իհարկե, դրանք կարևոր բաներ են, անհրաժեշտ են, բայց դրանց մեջ չկա ուրախություն և հաճույք: Իսկ իկիգայի մեջ կա: Իկիգայի մեջ քաղցրություն և ուրախություն կա:
Հարկավոր է գտնել և զգալ քո իկիգայը: Այդ դեպքում տագնապը նվազում է, ուժեր են հայտնվում, ուրիշների բամբասանքը դառնում է անկարևոր, թուլանում են հակամարտությունները. ահա այսպես է ուղեղը արձագանքում իկիգայի գոյությանը:
Թող որ յուրաքանչյուր բարի մարդ ունենա իր իկիգայը: Հարկավոր է միայն լսել ինքդ քեզ և հարցնել քո հոգուն՝ ո՞րն է իմ իկիգայը: Ինչի՞ց եմ ես ուրախանում և ո՞րն է կյանքի իմ քաղցրությունը: Եվ հոգին անպայման կպատասխանի: Հնարավոր է նույնիսկ, որ դուք փոքր-ինչ զարմանաք այդ պատասխանից, որովհետև կպարզվի, որ այն՝ ձեր իկիգայը, այնքա՜ն փոքր է: Բայց չէ՞ որ հանուն հենց այդ փոքր բաների՝ մենք երբեմն ապրելու ուժ ենք գտնում…
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ