«Ես ուզում եմ, որ ինձ սիրեն, բայց չբռնանան:
Ես ուզում եմ, որ ինձ գնահատեն առանց հիմնավորման: Ես ուզում եմ, որ ինձ միանան, բայց չնվաճեն: Ես ուզում եմ, որ ինձ խնդրեն, բայց չպահանջեն: Ես ուզում եմ օգնել, բայց չմեղադրվել անկարողության համար: Եթե երկուսս էլ սա ենք ուզում, ուրեմն մենք կարող ենք հանդիպել»: Վիրջինիա Սատիր
Վիրջինիա Սատիրը աշխարհում հայտնի ամերիկացի հոգեթերապևտ է: Նշանավոր է հատկապես նրա՝ ազատության մասին 5 հայտնի հիմնադրույթները, որոնք, ըստ էության, ընկած են բոլոր տիպի խնդիրների հիմքում:
5 ազատություն
1. Ազատություն` տեսնելու և լսելու այն, ինչ գոյություն ունի հիմա՝ եղել է կամ կլինի-ի փոխարեն:
2. Ազատություն` ասելու այն, ինչ իրականում զգում և մտածում եմ, ոչ թե այն, ինչ ինձնից սպասում են:
3. Ազատություն՝ զգացմունքներ ունենալու, ոչ թե ձևացնելու համար:
4. Ազատություն խնդրելու այն, ինչ ինձ պետք է` թույլտվություն ստանալ սպասելու փոխարեն:
5. Ազատություն ռիսկի համար պատասխանատվություն կրելու՝ միայն հին, փորձված միջոցներով գործելու և նորով տարվելու փոխարեն:
Վիրջինիա Սատիրը զբաղվել է նաև միջազգային դիվանագիտական գործունեությամբ՝ արդյունավետ կերպով գտնելով ազգային և քաղաքական կոնֆլիկտների լուծման ուղիներ:
Սակայն նրա հայացքները մեծ ազդեցություն են թողել հոգեբանության, մասնավորապես՝ ընտանեկան հոգեբանության զարգացման վրա: Սատիրին իրավամբ համարում են «ընտանեկան հոգեբանության մայրիկ»:
Ընտանեկան առողջ հարաբերություններ
Շատերը թյուր կարծիք ունեն, որ ամուսնական հարաբերություններում ինքնին ամեն ինչ կստացվի միայն այն պատճառով, որ երկուստեք սիրում են միմյանց:
Ես պետք է նշեմ, որ ոչ մի առողջ հարաբերություն չի ընթանում առանց բարդությունների և ցավի: Այս խնդիրների լուծման շարքում կարելի է նախանշել երեք հիմնական ուղիներ:
Առաջինը կապված է մարդկանց մասին ունեցած մեր պատկերացումների հետ: Անհրաժեշտ է հասկանալ, որ շատ հազվադեպ է մեկը կանխամտածված ինչ-որ բան անում ի վնաս մյուսի: Եթե դուք սա գիտակցում եք, ապա դուք կկարողանաք ընկալել և տվյալ անձնավորությանը բնորոշ վարքագիծը:
Երկրորդ ուղին կապված է մարդու՝ ինքն իրեն հասկանալու և ճանաչելու հետ: Սա հնարավորություն է տալիս հասկանալու՝ ինչ պետք է ասել, որպեսզի զուգընկերոջ հետ ունեցած հարաբերություններում վստահություն հաստատվի:
Երրորդ ուղի. անհրաժեշտ է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամուր կանգնի իր ոտքերի վրա: Ոչ ոք դա չի կարող անել քո փոխարեն: Ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց դուք պետք է լուծեք ձեր առջև ծառացած խնդիրները, որոնք առաջացել են ճանապարհին:
Դուք պետք է հասկանաք, որ ձեզ տրված է միմյանց ֆիզիկական, մտավոր և հուզական մակարդակով վայելելու անսահման հնարավորություններ: Հանուն դրա արժե, որ բոլոր հնարավոր ջանքերը գործադրվեն:
Աղբյուրը՝ Вирджиния Сатир
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի