Վազգեն Սարգսյան «Քարի մեջ արուն կա»

17532588

Այս հողի վրա կբնավորվեր ճարահատ, բայց զարմանալի պինդ ու աշխատասեր մի ժողովուրդ:
Այս հողն, այո, մարդու չնման – մարդու չհավան կնկա նման ուզվորին չէր տրվի: Սա բազմակողմանիորեն ու հանգամանալի մի լա՛վ պիտի մշակվեր: Աշխարհն էլ առա՜տ,  ընտրության հնարավորությունը մե՜ծ, ո՞վ գլուխ կդներ էդ սև տրճեի հետ: Զարմանալի պինդ ու համբերատար  տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սև տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ և, որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդներ տային աշխարհին. մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դու՞ք ովքեր եք:

…Աստվածաշնչի մեր կերպարը Ղովտի կինն է՝ նա, որ Աստծո պատվիրանին հակառակ ետ նայեց ու քարացավ: Ինչպես չնայեր, ախր շատ բան ուներ թիկունքում թողած:

Մեզ էլ ետ նայելու համար այսպես քարացրեց այդ նույն Աստված… Տեսնես փոքր ժամանակ իրեն չե՞ն սովորեցրել, որ քարի հետ խաղ անել չի կարելի՝ մեջն արուն կա: Այլևս թող իմանա, ուրեմն. Մենք հենց այն քարն ենք, որի մեջ արյուն կա ու մեզ ստիպում է շրջվել: Ու որ երկնքից Աստված, ասել է թե ինքն էլ իջնի, մենք ետ ենք նայելու: Ետ ենք նայելու անգամ ժայռանալու գնով: Ախր շատ բան ունենք թիկունքում թողած:

…Եկեղեցի և տուն շինող ժողովուրդ է հայը: Եկեղեցին ոգու տաճար է, տունը, օջախը` կեցության: Հասկանալ է պետք հիմնավոր տուն ու տեղ դնելու հայի պաշտամունքը, որքան շատ բան ունենաս կորցնելու, այնքան ավելի ամուր կլինես հող ու օջախիդ կապված: Թե չէ ուսապարկդ առ ու հայդա. «Մոյ ադրես սովետսկի սոյուզ» – ի՞նչ ունես կորցնելու, չորսը պատ ու մի քնապարկ ամեն տեղ էլ կգտնվի: Աստվածաշնչի ամենաողբերգական կերպարը, ինչ ուզում եք ասեք, Ղովտի կինն է, որ ետ նայեց ու քարացավ, թիկունքում բան թողած մարդը կհասկանա, չթողածն ի՞նչ հասկանա…

Սարոյանն ասում է. «Քրիստոսը դժբախտ էր, որովհետև երբեք ընտանիք չունեցավ»:  Քրիստոսից էլ առաջ քրիստոնյա մեր ժողովուրդի միակ պատվար-պահապանը ընտանիքն է եղել: Հարյուրավոր տարիներ պետականությունը կորցրած հայի յուրաքանչյուր ընտանիք մի-մի միկրոպետություն էր` իր թագավորով, մեծ ու փոքրով, օրենքներով և ավանդույթներով (երևի այս պատճառով է նաև, որ մեկ, միակ թագավորի հարցում շատ նախանձախնդիր ենք եղել: Ոչ անկառավարելի, այլ` նախանձախնդիր, մեզ արժանի թագավորի կարոտ): Հայի արյան կարմիր գնդիկներն են ընտանիքները, հարատևման խորհուրդը: Այս նույն ջավախեցի-էրզրումցիների մասին են պատմում, մեծ գաղթի ճանապարհին, վրաններում ծվարած, գարնանն սպասելիս, երեք-չորս ամիս շնչելու ժամանակ են ունեցել ու հարսանիքներ են արել, ընտանիքներ են ստեղծել տնաշենները:

…Կռունկները այս հողի վրա չեն իջնում. հողը սառն է: Կռունկների միայն ձայնն են լսում, որ արծաթյա փետուրի նման շատ բարձրից իջնում է գետնին: Բիձեքն էլ  երեխեքին չեն թողնում, թե երամն անցնելիս գլխարկները թարս դնեն ու ցած բերեն կռունկներին: Ու կարոտ են մնում կռունկների իջնելուն:

… Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր լինելու, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով այս հողը սանձահարեր:

Աղբյուրը՝  «Ջավախք» մեդիա

Սկզբնաղբյուրը՝  «Գարուն» ամսագիր, 1989 թ.

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վազգեն Սարգսյան» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s