Առաջին անգամ Արցախ աշխարհում եղել եմ հեռավոր 1987թ. հոկտեմբեր ամսին՝
երջանկահիշատակ Խորեն Պալյանի «Հայ տոհմիկ» երգչախմբի հետ: Բավական է հիշեմ այդ ուխտագնացությունը, երբ աչքիս առաջ կինոկադրի նման հայտնվում են հադրութցի Արթուրն ու իր ընտանիքը. կինը՝ Գոհարն ու սիրուն տղուկները՝ Արեգն ու Սևակը, Արթուրի հորաքույրը՝ հոքոն, ում տանը գիշերեցինք: Անգամ հոքոյի գցած տեղաշորի փափկությունը զգացի…Մեր Արթուրը, նույն ինքը՝ Արթուր Մկրտչյանը, վառվռուն, կրակի կտոր երիտասարդ մտավորականը, ով հետո դարձավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահը։
Դեռ էն ժամանակ՝ խորհրդային տարիներին, երբ ամեն ինչ «խաղաղ» էր, լարվածությունն ու վտանգը, միևնույն է, կախված էին օդում: Հայկական պետհամարանիշով ավտոբուսն արդեն իսկ ուշադրություն էր գրավում: Արցախցիները մեզ ուղեկցում էին միշտ և ամենուր։ Հատկապես, երբ ճանապարհն անցնում էր ադրբեջանաբնակ գյուղերի միջով: Մի քանի ավտոմեքենաներով ուղեկցում էին այնքան ժամանակ, մինչև հասնում էինք մոտակա հայկական որևէ գյուղ: Գյուղի մատույցներում մեզ դիմավորում էին, իսկ ուղեկցող տղաները վերադառնում էին: Մեր անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը, արցախցու չգրված օրենքով, փոխանցվում էր գյուղից գյուղ: Այդպես դիմավորելով-ուղեկցելով-փոխանցելով՝ մեզ բերեցին-հասցրին Հայաստան՝ Գորիս: Մենք՝ հայաստանցիներս, տպավորված էինք առաջին հերթին մարդկանցով՝ շիտակ ու եռանդուն, պատվախնդիր ու անկոտրում արցախցիներով: Արցախի չքնաղ բնության մասին՝ էլ չասեմ…
Միակ մռայլ, սև ու մթամած բանը, որ ունեցանք Արցախում՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին էր: Այն ժամանակ արդեն Շուշիում հայերը քիչ էին, եկեղեցու պահակը մոտիկ տան բնակիչ էր՝ ադրբեջանցի: Խեղճացած, կծկված, գոմաղբի ու ծղոտի մեջ կորած Ղազանչեցոցից ուղղակի փախանք: Տարիներ հետո, երբ կրկին հնարավորություն ունեցա տեսնել Շուշիի Ամենափրկիչը, աչքերիս չէի հավատում: Ոչ մի կերպ չէի կարողանում այդ լուսե ու պայծառ վեհությունը համեմատել մինչ այդ տեսածիս հետ:
Արցախ աշխարհն ինձ համար անչափ թանկ է ու հարազատ։ Արցախում ես ապրել եմ երկու սիրուն տարի․ Բերձորում է լույս աշխարհ եկել իմ դուստր Լիլիթը։
Արցախ, դու աղոթք ես ինձ համար։ Առաջ Աստված․․․
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Նունե Մովսիսյան
Այայի երկիր Արցախ
Այա-մեծ մայր, տատ-Հրաչյա Աճառյան Հայոց լեզվի բարբառային բառարան
Կատարումը՝ Գայա Արզումանյանի
Երաժշտությունը՝ Ռուզաննա Անդրեասյանի
Բառերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)