Հայեր ջան, իսկ հիմա առաջարկում եմ էմոցիաները մի կողմ թողնել և սառը գլխով դատել, ասել է թե` ծուռ նստենք, շիտակ խոսենք: Միայն թե շուտ եմ ասել՝ նեղանալ չկա, լա՞վ։
Չէ՛, լուրջ, իրատեսական էիք համարում, որ հնարավոր էր այս պատերազմում հաղթե՞լ: Իրո՞ք հնարավոր էր՝ 20 000-ոց բանակը պարտության մատներ 200 000-ոց զորքի՞ն։ Ձեր կարծիքով՝ 18-20 տարեկան մեր զինվորները կարող էին հաղթե՞լ ՆԱՏՕ-ի գերժամանակակից զենքերով մինչև ատամները զինված այդ մարդագայլերի ոհմակի՞ն: Առանց այդ էլ մերոնք արեցին անհնարինը՝ 44 օր կենաց-մահու կռիվ տվեցին:
Հակընդդեմ մի հարց տամ՝ իսկապե՞ս մտածում էիք, որ, եթե, մի հրաշքով, մեր բանակը հաղթանակ տաներ, Արցախը գրավյալ տարածքների հետ միասին տալու էին Հայաստանի՞ն։ Ի սեր Աստծո, միայն թե չասեք՝ հա, չեմ դիմանա․․․
Մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ ես ձեր պատկերացրածի չափ ռոմանտիկ չեմ։ Իսկ պատերազմ ասվածի հանդեպ իմ վերաբերմունքը, առավել քան, միանշանակ է․ պատերազմը, անկախ արդյունքներից, ինքնին պարտություն է և վերջ: Եվ թող ոչ մեկն ինձ չփորձի հակառակը համոզել, խնդրում եմ։ Եթե պատերազմի մեջ ենք հայտնվել, ուրեմն պարտվել ենք։
Անցնող շաբաթների ընթացքում՝ գիշեր-ցերեկ ինձ հանգիստ չեն տվել մեր լույս տղաների լույս պատկերները։ Մտովի, երբեմն նաև՝ բարձրաձայն շշնջացել եմ նրանց․ «Կներե՛ք, տղերք ջան, որ չկարողացանք ձեզ պաշտպանել։ Ձեր փոխարեն գետինը մտնեիք մենք՝ մեծերով, ավելի արդար կլիներ։ Կներեք մեզ․․․»։
Պատերազմի սկսվելու առաջին իսկ ժամերից միայն մի բան եմ փափագել՝ ոչ թե հաղթանակ, այլ ժամ առաջ հրադադար, ասել է թե՝ ռազմական գործողությունների դադարեցում։ Դժոխային 44 օրերի ընթացքում միայն խաղաղություն եմ ցանկացել, ուրիշ ոչինչ, միմիայն խաղաղություն։
Եվ, եթե զոհասեղանին դրված է մարդկային կյանքերի կամ հայրենյաց հողերի խնդիրը, ապա ես առանց դույզն-ինչ մտածելու իմ նախապատվությունը տալիս եմ մարդուն և նրա ապրելիք կյանքին:
Իմ պատկերացրած հայրենիքը, ամեն ինչից առաջ և ամեն ինչից հետո, Մարդն է ու նրա ծիլերը: Հողը հետո էլ կլինի, բայց հետո էլ չի լինի այդ հողի այսօրվա զարդը՝ Մարդը։
Հա՛, հենց էլ հազարավոր փրկված կյանքերի համար արժեր որ պարտվեինք: Այս ցավոտ խաղաղությունը, գոնե ինձ համար (խոսել-խոսում եմ իմ անունից), շատ ավելի գերադասելի է, քան, եթե էլի բյուրավոր խորտակված կյանքերի, խեղված ճակատագրերի, ազգիս մարած ճրագների հաշվին հաղթանակ ունենայինք։
Ինչ մնում է այսուհետ Արցախ՝ Բերձոր կամ Շուշի գնալուն։ Եթե Շուշի գնացել եմ 1987թ․-ին, երբ քաղաքը գրեթե ամբողջովին ադրբեջանական էր, հիմա ինչո՞ւ պիտի չգնամ։ Էդ ինչի՞՝ տարին երկու անգամ Վան ու Մուշ կգնամ-կգամ, իսկ Դադիվանք ու Ամարաս չեմ գնա՞։ Գնացել եմ, գնալու եմ, ավելին՝ գալ տարի ամռանը, պատրաստվում եմ կրկին գնալ։
Միով բանիվ՝ ինչ էլ լինի, հանուն Արցախ-Հայաստանի պիտի ապրել, ընդ որում, ապրել ապրեցնելով․․․
Լուսանկարը` անձնական արխիվից․ Երից Մանկունք վանք (Արցախ)
Նունե Մովսիսյան
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ծուռ նստենք, շիտակ խոսենք 2
Уведомление: Ես հավատում եմ նոյեմբերի ուժին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 2 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Սեյրան Գրիգորյան ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ
Հայաստանցիներից շատերն են ամանորյա և ամառային հանգիստն անցկացրել եգիպտական Շարմ էլ Շեյխ ծովափնյա քաղաքում և ուրեմն գիտեն, որ այն գտնվում է Սինայի թերակղզում։
1967 թ․ Վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելը Եգիպտոսից գրավեց Սուեզի ջրանցքը և Սինայի թերակղզին։ Այդ օկուպացիան դարձավ 1973 թվականի արաբա-իսրայելական նոր պատերազմի պատճառներից մեկը։ Մեծ կորուստների գնով Իսրայելը հաղթեց Եգիպտոսին և շարունակեց իր ձեռքին պահել Սինայի թերակղզին։ Բայց իսրայելցիները զգում էին, որ այդ տարածքները երկիրը պահում են պատերազմի, հարևանների և աշխարհի հետ մշտական լարվածության սպառնալիքի ներքո։ 1977 թ․ Իսրայելի վարչապետ դարձավ Մենախեմ Բեգինը, որը խաղաղությունը ամրապնդելու նպատակով ինտենսիվ բանակցություններ սկսեց Եգիպտոսի ղեկավարության հետ։ 1979 թ․ ԱՄՆ Քեմպ Դևիդ նախագահական նստավայրում նա համաձայնության եկավ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի հետ և կնքեց հաշտության համաձայնագիր։ 1982 թ․ իսրայելական զորքերը և վերաբնակները ազատեցին Սինայի թերակղզին։ Մինչ այդ Սադաթը ելույթ ունեցավ Իսրայելի Քնեսեթում՝ փաստացի ճանաչելով իսրայելական պետությունը։Համաձայնագրի կնքման համար Անվար Սադաթը և Բեգինը արժանացան խաղաղության նոբելյան մրցանակի։ Իսրայելական և եգիպտական հասարակությունները ընդհանուր առմամբ հանգիստ ընդունեցին համաձայնությունը, թեև երկու ղեկավարները հետագայում ունեցան խնդիրներ․ Անվար Սադաթը սպանվեց, իսկ Մենախիմ Բեգինը հրաժարական ներկայացրեց։Սինայի թերակղզին գրավելու և հետագայում պահպանելու համար հրեաները շատ զոհեր էին տվել։ Այնտեղ նրանք ունեն ազգային սրբություններ, մասնավորապես՝ այն լեռը, որի վրա Աստված անկեզ մորենու միջից տեսիլք է երևացել Մովսես մարգարեին և նրան փոխանցել տասը պատվիրանները։ Բացի այդ՝ թերակղզու տարածքը (25 հազար քառակուսի կիլոմետր) ավելի քան կրկնակի մեծ է Իսրայելի տարածքից, որը ներկայումս Գոլանի բարձունքների հետ միասին կազմում է 22 հազար քառակուսի կիլոմետր։
НравитсяНравится
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 3 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 4 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)