Ինչո՞ւ բարի մարդու խորհուրդները չեն գնահատում, չեն ուզում շփվել նրա հետ, մերժում են նրա օգնության փորձերը և փորձի փոխանցման նրա առաջարկները։
Քանի որ նախ պետք է պայուսակը լցնել օգտակար և արժեքավոր ինչ-որ բանով, հետո միայն սովորեցնել ուրիշներին և օգնել նրանց: Փորձի փոխանակում, ելք-առաջարկներ անել, խորհուրդներ տալ. այս ամենը կարելի է անել, երբ ձեր պայուսակը լցված է ներկայանալի բաներով:
Ահա մի առակ աղքատ մարդու մասին։ Նա բարի էր, բայց աղքատ մեկն էր։ Սակայն աղքատությունն ամենևին չէր խանգարում բարի և մեծահոգի լինել։ Նա շրջում էր աշխարհով մեկ և բոլորին բաժանում էր իր ուսապարկի մեջ եղածը։ Ում հանդիպում էր՝ նրան էլ տալիս էր վերջին բաժինը։
Սակայն մարդիկ ոչ միայն շնորհակալ չէին լինում, այլև փորձում էին արագորեն հեռանալ բարի մարդուց։ Նրա նվերները շպրտում էին ցեխի մեջ։ Ոմանք ծաղրում էին բարեսիրտ մարդուն և սպառնում նրան։ Ահա այսպիսի անշնորհակալ մարդիկ էին նրան անընդհատ հանդիպում:
Բայց մի անգամ բարի մարդուն մի իմաստուն հանդիպեց։ Բարի մարդը նրան իր վերջին ունեցածը պարզեց։ Եվ պատմեց անշնորհակալ մարդկանց և իր մենակության մասին։ Հարցրեց՝ ինչո՞ւ են մարդիկ այդքան դաժան։
Իմաստունը հոգոց հանեց և ասաց․
— Դու, իհարկե, բարի ես։ Ահա ինձ տվեցիր խնձորի մի շերտ և բորբոսնած հացի մի կտոր։ Եվ ահա ինձ հետ կիսեցիր նաև մարդկանց հանդեպ ունեցած քո բողոքը։ Ըստ երևույթին, սա այն ամենն է, ինչ դու կիսում ես ուրիշների հետ: Հետն էլ խորհուրդներ ես տալիս, թե ինչպես դառնալ երջանիկ, առողջ և հաջողակ: Դու, բարի մարդ, ճամփեքին տարուբերվելու և այստեղ-այնտեղ նստոտելու փոխարեն լավ կանեիր՝ գնայիր աշխատելու։ Եվ պայուսակդ էլ լցնեիր ավելի օգտակար բաներով։ Հա, չէր խանգարի նաև միտքդ լցնել՝ գրքեր կարդալ, թատրոն գնալ։
Դու մարդկանց տալիս ես ինչ պատահի, կներես, աղբ ու կեղտոտ բաներ․ ամենը, ինչ դու ունես։ Դու նախ ձեռք բեր ու վաստակիր արժեքավոր ինչ-որ բան։ Եվ միայն դրանից հետո բարեգործությամբ զբաղվիր և երախտագիտություն սպասիր։
Եթե դու մարդկանց ոսկե մետաղադրամներ տաս, հազիվ թե դրանք ցեխի մեջ գցեն: Կամ տաս թարմ թխվածքաբլիթներ, կամ էլ՝ հետաքրքիր պատմություններ։ Այնպես որ, ետ վերցրու խնդրեմ քո տվածը և ցտեսություն։ Շնորհակալություն, իհարկե, բայց այն ձեռքում պահելն անգամ տհաճ է։
Անշնորհակալ իմաստունը ճիշտ էր ասում․ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք մենք տալիս մարդկանց։ Ի՞նչ ունենք մեր պայուսակի մեջ, մեր հոգում և մտքում, կյանքի ի՞նչ փորձ ունենք։
Չէր խանգարի, որպեսզի նախ մենք դառնանք խելացի, հաջողակ և ապահովված, հետո միայն կիսենք մեր ունեցածը։ Այդ դեպքում անշնորհակալության վերաբերյալ բողոքներն էլ շատ ավելի քիչ կլինեն․․․
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Առակ բարի մարդու և իմաստունի մասին — Ղազարյան Էդգար