Պարզվում է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում-սահմանազատումը էն գլխից էլ կռվով է եղել։ Երկու անհաշտ հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանային վեճերն ու տարածքային հավակնությունները ոչ միայն նոր չեն, այլև տասնամյակների վաղեմություն ունեն։
Դրանք սկիզբ են առել դեռևս 1918թ․-ին, երբ երկու հարևանները հռչակեցին իրենց անկախությունը: Արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ երբ ադրբեջանական պատվիրակությունը բացեց իր քարտեզը, պարզվեց, որ հայկական գավառների մեծ մասը պետք է Ադրբեջանի մաս կազմեր: Նույն կերպ, երբ հայկական պատվիրակությունն է բացում քարտեզը, ադրբեջանցիները տեսնում են, որ հայերը հավակնում են Ելիզավետպոլի (Գյանջա-Գանձակ) նահանգի մեծ մասին:
1919-ին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում, առկա սահմանային վեճերը լուծելու նպատակով, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են իրենց քարտեզները։ Ներկայացված քարտեզում Ադրբեջանը հավակնում էր Զանգեզուրին, Նախիջևանին, Կարսին, Տավուշին, Սևանի արևելյան ափին և այլ տարածքների: Հայաստանի տարածքային հավակնությունները ևս անզուսպ էին և, ըստ էության, չէին համապատասխանում այն ներուժին, որ այդ ժամանակ ուներ Հայաստանը:
1920-ին և հետագայում, Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների հարցը, որոշակի տարածքային փոխանակումներ կատարելով, փորձել է լուծել Մոսկվան: Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև խորհրդային տարիներին տարածքային փոխանակումներ եղել են բազմիցս, հատկապես 1922-1936 թվականներին։
Ներկայացնենք մի քանի այդպիսի փոխանակումներ: Մեղրիի շրջանի թաթաբնակ (հետագայում ադրբեջանական դարձած) Նյուվադի, այսօր՝ Նռնաձոր գյուղը միայն 1928 թվականին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Նախիջևանի մի քանի սահմանային հայկական գյուղեր միացվել են Վայքին (նախկինում՝ Ազիզբեկովի շրջան)։ Վարդենիսի և Ջերմուկի միջև գտնվող Ալ լճերը Հայաստանի կազմում էին, այլ ոչ թե Քելբաջարի։
1932-ին Երևանում հրատարակված քարտեզում, Արծվաշեն գյուղը (Բաշքյոյ-Բաշքենդ) պատկանում էր Խորհրդային Ադրբեջանի Գետաբեկի շրջանին, որը հետագայում դարձավ Արծվաշեն և մաս կազմեց Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի շրջանին։ Այդ անկլավը ադրբեջանական զինուժին անցավ 1992 թվականի օգոստոսին:
1932 թվականի քարտեզը ուշագրավ է նաև նրանով, որ այսօր Վրաստանի Քվեմո Քարթլիի երկրամասի հայկական և հայաբնակ Բրդաձոր, Չանախչի և Աղքյորփի գյուղերը պատկանում են Խորհրդային Հայաստանի Ալավերդու շրջանին: Այսօր այդ գյուղերը գտնվում են հայ-վրացական հենց սահմանագլխին՝ Վրաստանի կազմում:
Քարտեզը և տեղեկությունները՝ civilnet-ից
Հետգրություն
Այսօր, ուզենք, թե չուզենք, վերադարձ է կատարվելու Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի պետական սահմաններին՝ սահմանազատման համար հիմք ընդունելով քարտեզները։ Իսկ քարտեզները, ինչպես պատմությունը, ժամանակի ընթացքում սիրում են խախտվել՝ փոխվել-փոփոխվել։ Ոչինչ մշտական չէ, առավել ևս՝ սահմանները. չես իմանա՝ վաղը, մյուս օրը ինչ տեսք կունենան։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք։
Նունե Մովսիսյան