Տիեզերական ծառի` Կենաց ծառի գաղափարն է ունեցել Ամանորի տոնածառը և Վարդավառի Խնդումը: Եթե Ամանորին ծառի չոր ճյուղերը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել:
Ի՞նչ ասել է Կենաց ծառ։ Ըստ Վիգեն Ղազարյանի՝ Կենաց ծառ-կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը:
Ծառի մասին խոսվում է Հին Կտակարանում․ «․․․իսկ կենաց ծառը և չարի ու բարու գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում»: Անբաժան են այստեղ մարդը և կյանքի ծառը: Կյանքի ծառից զրկվելով՝ մարդը զրկվում է հավիտենական կյանքից՝ հրե սպառնալիքի տակ․ «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել կենաց ծառը տանող ճանապարհները»։
Հայտնության գրքում կյանքի ծառի գաղափարը դառնում է Աստծո դրախտի մեջ գտնվող «կենաց փայտ», այսինքն՝ խաչ։ Հայտնության կյանքի ծառը տալիս է տասներկու պտուղ՝ ըստ ամիսների թվի, իսկ «… ծառի տերևը ազգերի բուժման համար էր»: Մի այլ անգամ Հիսուսի անունն հիշատակվելուց առաջ խոսվում է պատվիրանները պահողների մասին, որոնք «իրավունք ունեն ուտելու կենաց ծառից»:
Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց, ասել է թե` կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Տիեզերական ծառը` Կենաց ծառն ի սկզբանե ունեցել է Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք: Կենաց ծառի բարձրագույն ցաղափարն անմահությունն է:
Կենաց ծառին նվիրված մեր հին դիցաբանական երգերից, որի երկրորդ մասը քրիստոնեական ժամանակաշրջանի հավելում է․
— Ծաղկեցաւ ծառն կենաց
Եւ աննման էր.
Լուսեղէն պտուղ եբեր
Եվ աննման էր.
Ճղերն ամէն արքայական
Եվ աննման էր.
Տերևն ամէն արփիափայլ
Եվ աննման էր.
Գարնանային հոտն որ ելաւ
Եվ աննման էր.
Անմահութեան աղբիւր բխեալ
Եվ աննման էր.
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի`
Եվ աննման էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ
Եվ աննման էր:
— Ծաղկեցաւ ծառն կենաց`
Աստուածածինն էր.
Լուսեղէն պտուղ եբեր`
Իւր միածինն էր.
Ճղերն ամէն արքայական`
Սուրբ առաքեալքն էր.
Տերևն ամէն արփիափայլ`
Սուրբ մարգարեքն էր.
Գարնանային հոտն որ ելաւ`
Իւր սուրբ ծնունդն էր.
Անմահութեան աղբիւր բխեալ`
Մկրտութիւնն էր:
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի`
Սուրբ մարտիրոսքն էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ`
Էն սուրբ կուսանքն էր։
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Уведомление: Ծառզարդարի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Վարդևորը մոտ ա. խնդում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կենաց ծառ. Նունե Մովսիսյանի բլոգից | Մարինե Մկրտչյան
Уведомление: Կենաց ծառ. Նունե Մովսիսյանի բլոգից | Երաժշտության ուսումնական կենտրոն
Уведомление: Կենաց ծառ. Նունե Մովսիսյանի բլոգից | Սվետա Ճաղարյան