Հունվարի 27-ին ծնվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նա հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային, վոկալ գործերի, որոնք կատարվել ու կատարվում են աշխարհի լավագույն համերգասրահներում: Նա, թերևս, աշխարհում այսօր ամենաճանաչված հայ կոմպոզիտորն է, ում հաջողվել է միաձուլել հայկականը, դասականն ու ավանգարդը:
Տիգրան Մանսուրյանին համարում են նաև անցյալ դարի 70-ականների հայկական կինոերաժշտության ֆենոմեն: Գրել է մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արեւ» և այլն։
«… Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա` ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը` չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում` խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Մեր ամեն մի չծնված գործ` առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել…»։ Տիգրան Մանսուրյան
Աղբյուր՝ blog.times.am
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)