Անպտուղ թզենի
Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5:21-24):
Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22):
Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:
Աղբյուր՝ Qahana.am
Հոգևոր մտորումներ
Աղոթելը, եկեղեցի գնալը, պահք պահելը, Աստվածաշնչից մեջբերումներ անելը, հոգևորից ու ոգուց խոսելը դեռևս բավարար չէ քրիստոնյա լինելու համար: Ավելին` շատ հնարավոր է, որ դա փարիսեցիություն է: Հա՛, հենց էդպես: Փարիսեցիություն է` Անպտուղ թզենու օրինակով: Թզենին էլ էր զարդարաված տերևներով` ինչպես իրեն բարեպաշտ համարող մարդն է վարագուրվում աղոթքով ու սիրուն-սիրուն բառերով: Բայց այդ սիրուն բառերը չեն փրկի, ինչպես կանաչ տերևները չփրկեցին թզենուն: Արտաքին բարեպաշտության դիմակի տակ պետք չէ մտնել: Ուղղակի իմաստ չունի: Եթե չկա, տեսանելի չէ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերն ու ներքին առաքինությունը, ուրեմն իմաստ չունի թաքնվել վարագույրի ետևում շատ պարզ պատճառով՝ «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):
Այս օրը մտաբերում ենք նաև Երուսաղեմի տաճարի մաքրագործման պատմությունը: Հիսուս մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, քանի որ տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել»: Աստծո տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:
Պատգամ ինքս ինձ. Տե՛ր, ինձ թույլ չտաս բարեպաշտություն խաղալ կամ մարդահաճություն անել, հանկարծ թույլ չտաս…
Նունե Մովսիսյան
Уведомление: Տասը կույսերի առակ. Ավագ երեքշաբթի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր մտորումներ. Աստված սեր է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր մտորումներ. առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դարձ ի շրջանս յուր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առակ տասը կույսերի մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)