Ավագ շաբաթվա ծիսակարգ

166134633_479555243225935_4171967898834475921_n

Տեսադարան

Ավագ երկուշաբթի․ Անպտուղ թզենու առակ

Ավագ երեքշաբթի․ Տասը կույսերի առակը

Ավագ չորեքշաբթի․ Հուդայի մատնություն

Ավագ հինգշաբթի․ Վերջին ընթրիք

Ավագ ուրբաթ․ Խաչելություն

Ավագ շաբաթ․ Թաղում

Կիրակի․ Հարության տոն

Հոգևոր ընթերցումներ

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Տաճարը մաքրելու օրն է: Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին՝ խորհրդանշելով հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման մասին՝ զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության։ Այն նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը:

Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Ճանապարհին մի թզենի տեսնելով` մոտենում է և տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:

Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է Ս. Հակոբոս առաքյալը. «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):

Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուս մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, քանի որ տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

Ավագ երեքշաբթի

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը եղավ նաև Երուսաղեմի Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Ավագ երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարվեց փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես որոշեցին մահվան մատնել Տիրոջը։ Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝  իբրև հորդոր՝ առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին։

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած`փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրեցին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:

Տասը կույսերը մեր տասը զգայարաններն են. հինգը՝ հոգևոր, հինգը` մարմնավոր: Մարմնավորներն են` տեսնելը, լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը: Նույն օրինակով հոգու զգայարաններն են: Քրիստոս ասաց. «Ով Ինձ տեսավ, տեսավ Իմ Հորը» (Հովհ. 14: 9): Մարմնավոր աչքերով հրեաներն էլ տեսան Քրիստոսին, բայց Հորը չտեսան, ուրեմն, խոսքը հոգու տեսողության մասին է: Նույնպես՝ լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը: Արդ, ով հոգու զգայարաններով ծառայում է մարմնական զգայարաններին, ըստ հետրյալ խոսքի՝ «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ Քեզ» (Սաղմ. 143: 9), իմաստուն է, քանի որ հինգ իմաստուն զգայարաններով առաջնորդվեց, իսկ ով միայն մարմնավորով է առաջնորդվում՝ հիմար է, քանզի ոչնչով չի զանազանվում անասուններից:

Ձեթն առաքելական և մարգարեական խոսքն է. վաճառողները Եկեղեցու վարդապետներն են: Լապտերները մեր հոգիներն են: Հիմարները չունեին այսպիսի ձեթի առատություն` հեղված իրենց հոգիներում, ու երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ ննջեցին, քանզի դեռևս աշխարհում էին: Տակավին Քրիստոս ներում և դանդաղում է մեզանից յուրաքանչյուրին դատել. եթե չգա մեր արթնության` կենդանության օրոք, ապա կննջենք` մահվան քուն կմտնենք, մինչև Դատաստանի օրը, երբ Տերը գա:

Երբ բոլորը ննջեն, հրեշտակները բարձր ձայնով կգոչեն ննջեցյալներին, և բոլորը հարություն կառնեն: Պատրաստները` հոգու զգայարաններով ապրածները, Հիսուսի հետ կմտնեն Երկնքի Արքայություն, իսկ հիմարներն ամոթով կարտաքսվեն և կմնան խավարում, քանզի հանգցրեցին իրենց հոգիներում Աստծո լուսառատ կրակը: «Գուցե թե մեզ և թե´ ձեզ չբավականացնի» խոսքերը պետք է հասկանալ այսպես. երբ ժամանակն էր ուսանել, հիմարները  չուսանեցին: Արդ, վարդապետելու ժամանակն անցել է, ո´չ ուսուցանելու, և ո´չ ուսանելու ժամանակ կա:

Ամեն մեկը կարող է արդարանալ միայն իր գործերով, և ո´չ թե մեկ այլ մարդու: Սա նաև այսպես է հասկացվում. ծեր ժամանակ կամ հիվանդ լինելիս եթե մեկը կամենա չառաջնորդվել մարմնավոր զգայարաններով չի կարողանալու: Անգամ եթե վերջում կամենա ուսանել և ապրել ըստ հոգու զգայարանների՝ կարող է հանկարծ վրա հասնել վախճանը. ինչպես առակն է ցույց տալիս,  դուռը կփակվի նրանց դեմ. այն ժամանակ մարդիկ չեն կարողանա ո´չ ապաշխարել և  ո´չ էլ գործել:

(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի)

Ավագ չորեքշաբթի

Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13):

Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16; 14-15):

Ավագ հինգշաբթի

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:

Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին մատուցվում է Ս. Պատարագ:

Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում կօրհնվի յուղը:

Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:

Ավագ ուրբաթ

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

Առավոտյան կատարվում է ժամերգություն և Խաչելության կարգ, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Երեկոյան կատարվում է Թաղման կարգ՝  հանդիսավոր թափորով, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:

Ավագ շաբաթ

Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝  ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Կիրակի՝ Սուրբ  Զատիկ

Աղբյուր՝   Qahana.am

Լուսանկարը`  «Հոգևոր գրադարան» ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Զատիկ» կայքէջին

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ավագ շաբաթվա ծիսակարգ

  1. Уведомление: Ավագ շաբաթը կրթահամալիրում ծրագիր | Ծեսերի բաց լաբորատորիա

  2. Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s