Հայրս օդաչու էր ու սիրում էր մեզ՝ իր հինգ երեխաներին, ծանոթացնել տարաբնույթ գիտելիքների հետ։
Դրանք, որպես կանոն, ուղղված էին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելուն։ Օրինակ՝ ի՞նչ պիտի անել, եթե հայտնվել ես տորբուլենտ հոսանքի մեջ։
Նախ՝ ինչ ասել է տորբուլենտ հոսանք։ Հասկանալի լեզվով ասած՝ դրանք օդային ալեկոծություններ են, որի ժամանակ ինքնաթիռը սկսում է ցնցվել և ճոճվել։ Ուղևորների մոտ այնպիսի տպավորություն է՝ ուր որ է ինքնաթիռը վայր է ընկնելու։
Տևական ժամանակ է՝ ինչ ինձ բռնել ու բաց չի թողնում հետևյալ զգացողությունը՝ աշխարհը հայտնվել է տորբուլենտ գոտում։
Ակնհայտ է, որ աշխարհում ցնցումները և անկանխատեսելի շրջադարձերը գնալով ավելի ու ավելի են ուժգնանալու։ Ինքնաթիռը, որի մեջ նստած ենք բոլորով, որոշ ժամանակ անց, թվալու է, թե կորցնում է կառավարումը։
Ի՞նչ է մեզնից պահանջվում։ Առայժմ ընդամենը մի բան՝ փորձել խաղաղվել, նստել տեղը և կապել ամրագոտիները։ Պարզ միջոց է, սակայն արդյունավետ:
Բարի թռիչք և փափուկ վայրէջք։
Նունե Մովսիսյան