Մի նշան կա, որը խոսում է այն մասին, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, նույնիսկ, եթե ամեն ինչ ձեզ շատ վատ է թվում` անտանելի, ծանր, մռայլ և անհույս: Մի վհատվեք, ձեզ մոտ ամեն ինչ ոչ միայն կարգին է, այլև, ամենայն հավանականությամբ, դուք կկարողանաք ստեղծված իրավիճակը հաղթահարել՝ անկախ այն ամենից, թե ինչ պայմաններում եք գտնվում այս պահին: Համենայն դեպս, հաջողելու ձեր շանսերը մեծ են:
Իսկ այդ նշանը վրդովվելու ձեր հատկությունն է։ Նվաստացնելու և արժեզրկելու փորձերին արձագանքելու ձեր ունակությունն է: Նույնիսկ, եթե շրջապատված եք հարձակվողների բազմությամբ: Նույնիսկ, եթե ընդվզելու համարձակության համար անխուսափելի պատիժ է սպառնում ձեզ: Նույնիսկ, եթե ձեր ուժերը սպառված են, և ավելի խելացի կլինի այն պահպանելը: Նույնիսկ, եթե այդ բռնկումը ձեզ կզրկի հույսից, որ ամեն ինչ կարգին կլինի, նրանք հանգիստ կթողնեն և կմոռանան քեզ, միևնույն է, դա փրկության նշան է:
Դա նշանակում է, որ դու անհատականություն ես, քանի որ անհատականությունը որոշվում է սեփական արժանապատվության զգացումով: Եվ քանի դեռ մարդը ի վիճակի է գիտակցել և պաշտպանել այդ արժանապատվությունը բոլոր հասանելի միջոցներով, նա ունի ապրելու իրավունք: Կա ապրելու պատճառ: Եվ նա արժանի է մարդկային կյանքին:
Այդպես հոգեբան և փիլիսոփա Ֆրանկլին վրդովվեց համակենտրոնացման ճամբարի վերակացուի խոսքերից, ով փորձում էր նվաստացնել իրեն: Սրիկան փորձեց նվաստացնել սովից, հիվանդությունից մեռնող, ընտանիքից և կարգավիճակից զրկված, կեղտոտ լաթերի մեջ կորած, ծանր աշխատանքից ուժասպառ մարդուն: Եվ նա այնպիսի պատասխան ստացավ, որից հետո հարձակվեց դոկտորի վրա: Ֆրանկլինի համար դա կարող էր ավարտվել մահվամբ: Բայց նա ողջ մնաց, որովհետև մնաց անհատականություն: Ինքն իր հետ մնաց:
«…Իր բոլոր խեղդված զգացումներով և անտարբերությամբ հանդերձ` մարդը ընդունակ է բռնկվել վրդովմունքով: Եվ դա կարող է պատահել ոչ այնքան կոպտության կամ ֆիզիկական ցավի դեպքում, որքան նվաստացման, որն ուղեկցում է այս ամենին: Ուղղակի արյունը խփեց գլխիս, երբ ես լսեցի ինձ ուղղված նվաստացումները։ Եվ պետք է ասեմ, որ զայրույթի իմ այդ բռնկումն ինձ հանգստացրեց»: (Ֆրանկլին)
Քանի դեռ կա վիրավորելու և արժանապատվությունից զրկելու փորձին արձագանքելու ունակություն, ուրեմն դուք ողջ եք: Դուք մեծ շանսեր ունեք գոյատևելու, առողջության և ձեր ունեցած նյութական արժեքների պահպանման համար:
Դադարում են վրդովվել նրանք, ովքեր մահվան ճանապարհին են: Հետազոտությունները դա հաստատել են: Անտարբերությունը ճակատագրի և անձի հանդեպ` մահվան ծրագրի ցուցիչն է: Անգամ, եթե այն դրսից նույնացվում է հեզության և համբերության կամ վտանգավոր պայմաններում՝ խելացի վարքի հետ:
Ուստի զայրույթի պոռթկումը` ի պատասխան նվաստացնելու և արժեզրկելու փորձերին, կանխատեսման առումով շատ էլ լավ նշան է։ Թեև դրա համար ձեզ առնվազն կնախատեն: Բայց դուք մի ընկրկեք: Եվ ինքներդ ձեզ մի նախատեք անխոհեմության համար, որովհետև ավելի լավ է կենդանի լինել, քան մեռած ապրել: Հոգեբանական մահը ազդարարում է ֆիզիկական մահվան մասին, և դա օրենք է: Եվ նշանը, որ դուք կփրկվեք, առավել քան, պարզ է` դա ձեր վրդովվելու ունակությունն է, երբ ձեր անհատականությունը վիրավորում են:
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի