Ես մեկ անգամ ևս շեշտում եմ` ամբողջ աշխարհում և Տիեզերքում չկա մի իրավիճակ, որն արդարացնի սիրո մերժումը: Աստվածային մակարդակում մենք բոլորս ներվել ենք անցյալում և փրկվել ապագայում: Եթե դուք չեք սովորում ընդունել ցավոտ իրավիճակը, եթե չեք սովորում ներել ու պահպանել սերը, ապա իմ խորհուրդն անօգուտ է ձեզ համար: Կկարդաք ևս մեկ միլիոն պատասխան և խորհուրդ, և ոչինչ չեք հասկանա: Մեզ միայն թվում է, որ մենք հասկանում ենք գլխով, մտքով, գիտակցությամբ: Մենք առաջին հերթին հասկանում ենք զգացմունքներով: Եվ, եթե հոգին չի ընդունել, ապա գլուխը երբեք չի հասկանա:
Մարդը կարող է թաքցնել իր մտքերը, բայց նա չպետք է հոգում թաքցնի զգացմունքները, որովհետև զգացմունքները թաքցնելը ճնշում է, իսկ զգացմունքները ճնշելը հոգին ագրեսիվ է դարձնում։ Այդ է պատճառը, որ կեղծավոր մարդը միշտ ներքուստ ագրեսիվ է լինում: Եվ որքան ավելի ակտիվ է մարդը թաքնվում հոգեկան ցավից, այնքան ավելի արագ է կորցնում սիրո զգացումը: Որքան ավելի շատ է մարդը հոգով անկեղծ, այնքան ավելի շատ ցավ կարող է զգալ, ահա թե ինչու նա պետք է սիրի և հավատա Աստծուն: Նմանների մասին Քրիստոսն ասում էր․ «Երանի՜ սրտով մաքուրներին, քանզի նրանք կտեսնեն Աստծուն»:
Կատարե՛ք առաջին քայլը. կյանքի գլխավոր իրադարձությունների միջով անցեք սրտում պահպանելով Աստծո հանդեպ սերը` կենտրոնանալով սիրո վրա: Դա արեք անձնուրացաբար, տալով, առանց նահանջի: Որպեսզի աստվածայինը գա, մարդկայինը պետք է որոշ ժամանակ տեղի տա, սառչի: Սկսեք սրանից:
Մեկընդմիշտ հիշե՛ք՝ սիրո զգացումը մեզ չի պատկանում, մենք իրավունք չունենք այն շոշափել, իրավունք չունենք սերը մեզ ենթարկեցնել, այն հնարավոր չէ վերահսկել:
Մենք սիրո մի մասն ենք, մաս, որը գտնվում է ամբողջի ներսում, իսկ մասն իրավունք չունի ոտնձգություն կատարել ընդհանուրի հանդեպ։ Սիրո զգացումը սուրբ է և անձեռնմխելի:
Մենք ծառայում ենք նրան, ոչ թե նա է մեզ ծառայում: Դուք իրավունք չունեք սպանելու ոչ ձեր և ոչ էլ ուրիշների սերը։ Դա պատժելի արարք է:
Աղբյուր՝ Лазарев С.Н. «Человек будущего. Первый шаг в будущее», 2007
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի