Հունիսի 13-ին ծնվել է Ակսել Բակունցը։
«Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը…Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
-Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ~…
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս… Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր, և այդպես էլ մնաց իմ հուշերում…»: Մահարի
Հատված Գուրգեն Մահարու «Երևանյան քանդակներից»
Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ պարսկական թեյ խմելու:
— Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի: Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:
Հե-ռո՜ւ հիշողություն:
Շոգ է, երեւանյան ամառային այրող արեւ: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.
— Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:
Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն եւ կրկնում.
— Երեւան, չարսու բազար…
Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ
Դիմանկարը՝ Փանոս Թերլեմեզյանի, 1932թ․
Կարող եք ծանոթանալ նաև Ակսել Բակունց կայքէջին
Уведомление: «Ակսել Բակունց», մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դեկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Ընթերցում ենք» Ակսել Բակունց | Լիլիթ Մադոյան