Հունիսի 23-ին ծնվել է ամերիկացի գրող, օդաչու, փիլիսոփա Ռիչարդ Դեվիդ Բախը (այսօր դառնում է 85 տարեկան): Ռիչարդ Բախը հայ ընթերցողին ծանոթ է աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերից մեկով՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայ»-ով:
Ռիչարդ Բախ «Փախուստ անվտանգությունից» (հատված)
Ես բացարձակապես ոչինչ չգիտեմ տարիքի մասին: Ես չեմ հավատում տարիքին:
— Ինչպե՞ս կարող ես չհավատալ տարիքին,-ասաց նա,-դու քանի՞ տարեկան ես:
— Ես վաղուց դադարել եմ հաշվել: Դա շատ վտանգավոր է:
—Վտանգավո՞ր:
—Տարիքը հաշվելը վտանգավոր է,-ասաց նա:-Երբ դու փոքր ես՝ ամեն ծննդյան օրը քեզ ուրախացնում է: Դա տոնական սեղանն է, և՛ նվերները, և՛ հոբելյար լինելու զգացողությունը, և՛ շոկոլադե տորթը:
Նա մի պահ լռեց՝ մտածելով այդ մասին: Բոլորը, ում նա գիտեր, նշում էին ծննդյան օրերը:
— Ի՞նչ է՝ դու խելա՞ռ ես,-հարցրեց նա:
—Իհարկե՛, Դիկի, ես խելա՛ռ եմ, բայց լավ ձևով:
—Դու հենց նոր ինձնից վտարեցիր իմ ծննդյան օրը և դա անվանում ես «լա՞վ ձև»:
—Հա՛: Լավը պայմանականություններից ազատվելն է: Ես վռնդեցի ևս մի բան:
— Ի՞նչ:
— Երբ դու դադարես հավատալ ծննդյան օրերին, ապա տարիք ասվածը կդառնա քեզանից հեռու ինչ-որ մի բան: Քեզ այլևս չի հուզի՝ դու տասնվեց տարեկան ես կամ երեսուն, ծանրակշիռ Հինգ-Զրո կամ մահահավատ Հարյուր տարեկան: Դու քո կյանքը կսկսես չափել քո գիտեցածով, այլ ոչ թե հաշվել, թե քանի օրացույց ես արդեն տեսել: Եթե քեզ իսկապես անհրաժեշտ են տրավմաներ, ապա ավելի լավ է դրանք ձեռք բերես ՝ ուսումնասիրելով տիեզերքի հիմնարար սկզբունքները, քան ամսաթվին սպասել նույնքան անհամբերությամբ, ինչպես հաջորդ հուլիսին:
—Բայց այդ դեպքում բոլոր երեխաներն ինձ մատով ցույց կտան, ասելով՝ ահա այն տղան, ով ծննդյան օր չունի:
—Դե հա՛: Բայց ինքդ որոշիր: Եթե դու կարծում ես, որ առողջ իմաստ կա հաշվելու մեջ, թե որքան ժամանակ ես թափառում այս մոլորակում՝ արևի տակ, ապա շարունակիր նշել քո ծննդյան օրերը: Կուլ տուր քո տարիները և վճարիր քո գինը, ինչպես բոլորը:
— Դու ճնշում ես գործադրում ինձ վրա,-ասաց նա:
—Ես քեզ վրա ճնշում կգործադրեի, եթե քեզ ստիպեի հրաժարվել քո ծննդյան օրերից և, եթե դա լիներ քո կամքին հակառակ: Իսկ, եթե դու չես դադարելու քո ծննդյան օրերը նշել, ուրեմն ոչ էլ պետք է, որ դու դա անես: Ի՞նչ ճնշում գործադրելու մասին է խոսքը:
Նա խեթ ինձ նայեց՝ համոզվելու համար, որ ես չեմ ծաղրում:
—Դու իսկապե՞ս մեծ ես:
—Հարցրո՛ւ ինքդ քեզ, — պատասխանեցի ես: Դու իսկապե՞ս երեխա ես:
—Ես կարծում եմ՝ հա՛, չնայած ես ինձ հաճախ ավելի մեծ եմ զգում իմ հասակակիցներից: Իսկ դու քեզ մեծ զգո՞ւմ ես:
—Երբե՛ք,-ասացի ես:
—Նշանակում է՝ հաճելի զգացողությունները պահպանվե՞լ են: Ես՝ փոքրս, ինձ մեծ եմ զգում, իսկ որ մեծանամ՝ ինձ երիտասա՞րդ կզգամ:
—Իմ տեսանկյունից,- ասացի ես,-մենք անտարիք արարածներ ենք: Հաճելի զգացողություններն այն մասին, թե դու մեծ ես կամ փոքր քո տարիքից, առաջանում է ի հակադրություն ավանդական մտածելակերպի, ըստ որի մարդու գիտակցությունը պետք է համապատասխանի իր մարմնի տարիքին և ճշմարտությանը. իսկ ճշմարտությունն այն է, որ գիտակցությունն ընդհանրապես տարիք չունի: Մեր ուղեղը ոչ մի կերպ չի կարող համատեղել այդ ամենը տիեզերական ժամանակի սահմաններում և, որպեսզի ուրիշ սահմաններ չստեղծի, մեր գիտակցությունն ուղղակի շեղվում է խնդրից: Ամեն անգամ, երբ զգում ենք, որ մեր տարիքը չի համընկնում մեր ապրած թվերի հետ, մենք ասում ենք. «Ի՜նչ տարօրինակ զգացողություն է» և փոխում ենք խոսակցության թեման:
—Իսկ ի՞նչ կլինի, եթե խոսակցության թեման չփոխենք: Ի՞նչ պատասխան կլինի այդ դեպքում:
—Տարիքը պիտակ մի՛ դարձրու: Մի՛ ասա՝ «Ես յոթ տարեկան եմ» կամ «Ես ինը տարեկան եմ»: Հենց որ դու ասես «Ես տարիք չունեմ», հակադրվելու պատճառ էլ չի լինի, և տարօրինակ զգացողություններն էլ կանհետանան: Ճի՛շտ եմ ասում: Փորձի՛ր:
Նա փակեց աչքերը:
—Ես տարիք չունեմ,-շշնջաց նա և մի ակնթարթ անց ժպտաց: Հետաքրքի՜ր է:
—Ճի՞շտ:
—Ստացվո՛ւմ է,-ասաց նա:
—Եթե քո մարմինը ճշգրտորեն համապատասխանում է քո պատկերացումներին,-շարունակեցի ես,-իսկ քո պատկերացումները հանգում են այն բանին, որ մարմնի կարգավիճակը որևէ կերպ կախված չէ ժամանակից և չի ուղղորդվում ներքին կերպարի կողմից, ապա այդ դեպքում երբեք չեք ամաչի, որ դուք ավելի փոքր եք զգում ձեր տարիքից և չեք վախենա, որ չափազանց ծեր եք:
Աղբյուրը՝ Ричард Бах — Бегство от безопасности
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև նախորդ տարիների թարգմանություններին ևս՝
Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»