Սյունիքոտ մտորումներ

211933353_4183338535076321_4752196210671129997_n

Մենք, ուզենք, թե չուզենք, տեսանելի-անտեսանելի շատ թելերով կապված ենք մեր բնաշխարհին։ 

Եվ, եթե մեր երկրի որևէ անկյունում խաղաղ չի լինում, անհանգստությունն ու տագնապը գաղտագողի գալիս, դարանակալ ձևով մտնում է յուրաքանչյուրիս մեջ։

Չեմ էլ թաքցնի՝  Սյունիք գնալուց առաջ ճիշտ այդպիսի՝  անհանգիստ հոգեվիճակ ունեի։ Ուզում էի անպայման գնալ ու իմ աչքով տեսնել Սյունիքի սահմանապահ գյուղերը, շփվել տեղաբնակների հետ, հասկանալ՝  ինչպես են ապրում, ինչ են մտածում։ 

Սյունիքից ստացած առաջին տպավորությունը՝  ֆեյսբուքյան գրառման տեսքով․ «Սյունիքի սահմանապահ գյուղերում մարդիկ ապրում են խաղաղ, համերաշխ, ուժ տվող ժպիտով ու հավատավորի սիրով։ Հաստատ լիքը բան ունենք սովորելու նրանցից։ Էսքան բան»։

Հայ-ադրբեջանական պետական սահմանը ձգվում է Գորիսի Հին Տեղ, Հին Խնձորեսկ, Հին Կոռնիձոր գյուղերի բնակատեղիներով։ Տեղացիները, ի տարբերություն հայկական մեդիադաշտում տարածվող աղմուկ-աղաղակի, ապրում են հանգիստ և առանց խուճապի։ Հոգսերը շատ են, սակայն գլխավորը, թերևս, խմելու և ոռոգման ջրի սակավությունն է, այս տարվա երաշտն էլ մի կողմից։

Ես քաղաքականությունից հեռու մեկն եմ, բայց, միևնույնն է, համառորեն չեմ հասկանում՝  պետություն ասվածը էդ ինչ կարևոր բան է արել 30 տարի շարունակ, որ Հայաստանի գյուղերն այսքան  Մենակ՝  անմխիթար և անբարեկարգ է թողել։ (Խոստովանում եմ՝ մեր շատ գյուղերից սրտի ցավով ու մեղքի գիտակցումով եմ հեռանում)։ Համենայն դեպս, ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ մեր ինքնությունն առաջին հերթին հարկավոր է փնտրել-գտնել մայրաքաղաքից (ներիր ինձ, Երևան), ընդհանրապես քաղաքներից դուրս՝  մեր գյուղերում։

Խնձորեսկի օրինակով ունենք, չէ՞, զբոսաշրջության հաջողված նախադեպ։ Ինչո՞ւ Հին Խոտ, Հին Տեղ, Հին Կոռնիձոր գյուղերում ևս այն չտարածել։ Ես Կապադովկիա (Թուրքիա), Քենդովան (Իրան), Վարձիա (Վրաստան) տեսած մեկն եմ, և հավատացնում եմ, որ Սյունիքի նշված գյուղերի քարանձավաբնակ վայրերը, զբոսաշրջության առումով, շատ էլ հետաքրքիր են և գրավիչ։

Բա որ ճոպանուղի լինի․․․։ Բա ինչ հավես համերգներ կարելի է կազմակերպել Կյորեսում (Հին Գորիս)․․․։ Բա որ քարանձավներում էլ համապատասխան լուսավորություն լինի․․․  Հա՞ որ։ Ասա, այ ջանըմ, ինչ ես երևակայություն զարգացնում, Շաքիի ջրվեժի (Սիսիան) մերձակայքում ըսկի մի տուալետ չկա։ Զբոսաշրջիկներն էլ էնտեղ հո լիքն են։ 

Սյունիքից տպավորությունները շատ են, սակայն հատկապես մի դրվագ մեխվել-մնացել է հիշողությանս մեջ։ Կոռնիձորի հայ-ադրբեջանական պետական սահմանից վերադառնալիս՝  հանդիպեցինք 9-10 տարեկան մի տղուկի, ով այծերի, ուլիկների ու գառնուկների հոտն առաջը տված՝  իջնում էր ձորը։ Հարցրինք՝  բա չե՞ս վախենում ադրբեջանցիներից, ախր, շատ մոտ են՝  20-30 մետրի վրա։ Եվ գիտեք՝  ի՞նչ պատասխանեց էդ պստի սյունեցին։ Նախ զարմացած նայեց մեզ, հետո էլ թե՝  ինչի՞ պիտի վախենամ, թող իրանք վախենան, իրանք են եկալ-նստալ մեր սարերում։

Սյունիքին հրաժեշտ ենք տալիս՝  կրկին այցելելու ակնկալիքով։ Ճամփա ենք ընկնում դեպի տուն՝  Երևան։ Անցնում ենք Արարատյան դաշտավայրով։ Իբր ինձ իմ տխրությունը քիչ էր, հիմա էլ տխուր-զայրացած նայում եմ Արարատյան չքնաղ դաշտավայրն աղավաղող ապուշագույն ձկնաբուծարաններին՝  կիլոմետրեր շարունակ «ըմբոշխնելով» դրանց տարածած գարշահոտն ու զայրանալով  խմելու ջրի այդտեսակ վատնումից։ Ու ոչինչ, որ մարդիկ խմելու և իրենց աճեցրած բերքը ոռոգելու ջուր չունեն։ Դաշտավայրի էդ գյոզալ հողերի ճահճացման մասին՝  էլ չասեմ։ 

Մինչև Երևան հասնելը՝  ինձ հանգիստ չի տալիս հետևյալ միտքը․ «Տեսնես կգա՞ Արարատյան դաշտավայրի գրավյալ հողերը ձկնաբուծական անհոգի բիզնեսից ազատագրելու ժամանակը, հը՞ն»։ 

Ուզում եմ հավատալ, որ կգա․․․

Ֆեյսբուքյան վերջին գրառումը՝  Սյունիքից գալուց հետո․ «Ձեր ներսից դուրս բերեք անհանգստությունները, վախերն ու տագնապները։ Հավատացեք՝  Սյունիք այցելելն առաջին հերթին հենց Ձեզ է պետք։ Լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել»։ Ւմ օրինակով եմ ասում։

Ճամփորդության մասին պատմող տեսանյութերը և նկարապատումները՝  ֆեյսբուքյան իմ էջում։  Եվ վերջում՝

Շնորհակալ եմ՝ 

Իմ գործընկերոջը՝  Վարդան Կարապետյանին, ով այնքա՜ն սիրով ու նվիրումով իրականություն դարձրեց այս նախագիծը։

Թաթուլ Շահնազարյանի և Վարդան Կարապետյանի ծնողներին՝  մեզ սրտաբաց հյուընկալելու համար։ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին և Արհեստակցական կազմակերպությանը՝  ճանապարհածախսը հոգալու համար։

Ճամփորդական խմբին՝  միասին անցկացրած տպավորիչ օրերի ու հավես ժամերի համար։

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  անձնական արխիվից․ Կոռնիձոր․ Գորիս

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Սյունիքոտ մտորումներ

  1. Уведомление: Սյունիքոտ մտորումներ — Ավագ դպրոց

  2. Уведомление: Դասավանդողների և սովորողների համատեղ արտագնա ճամբար Սյունիքում – Վարդան Կարապետյանի բլոգ

  3. Уведомление: Արտագնա ճամբար Սյունիքում — Սեբաստացիական մեդիադարակ

  4. Уведомление: Դասավանդողների և սովորողների համատեղ արտագնա ճամբար Սյունիքում – Վարդան Կարապետյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s