Օրեր առաջ դրսի ուժեղ քամին վթարային իրավիճակ ստեղծեց` անջատելով ներսս սնուցող բոլոր հաղորդալարերը: Արդեն քանի օր էր` գիշեր-ցերեկ ներսումս լույս չկար, անջատվել էր:
«Դե, չկա-չկա, ես էլ դրսում կմնամ, այնտեղ հո լույս կա»,-մտածեցի ես ու որոշումիցս գոհ` դուրս եկա արտաքին աշխարհ: Բայց… կա՞ որ լույս:
Դրսում մնալը հարցի լուծում չէ, ավելին` ինքնախաբերություն է ու ինքդ քեզնից փախչելու թաքուն միջոց: Էլ չեմ ասում, որ հետն էլ հորանջելու աստիճան ձանձրալի է ու տհաճորեն անբովանդակ…
Ճարս ինչ, ուզած-չուզած էլի իջա իմ աշխարհ, իմ մութ աշխարհ: Սկզբում անսովոր էր մթության մեջ տեղաշարժվել. պատերից փչող սառնությունից դողը սողոսկում էր ներսս` ստիպելով ցրտից սրթսրթալ և մթից փշաքաղվել, մեկ-երկու անգամ էլ դեմ-դիմաց բախվեցի ինչ-որ պատի ու ճակատս ցավեցրի: Բայց ի վերջո, մթության մեջ խարխափելուց տեղաշարժվել սովորեցի ու հիմա չեմ բողոքում` հարմարվել եմ մեն-մենակ ապրելուն:
Ու գիտե՞ք` ինչ հասկացա:
Հասկացա, որ ինքդ քեզ ու մարդկանց զգալու համար ոչ թե լույս, այլ մթություն է պետք, որովհետև լույսը բառերի նման քողարկում ու խաբում է մարդուն…
Հասկացա, որ մթության մեջ ավելի շատ լույս կա, քան կարող ենք պատկերացնել…
Հասկացա, որ մթության մեջ շատ ավելի երևակայություն կա, քան կարող ենք երևակայել…
Հասկացա, որ մթության մեջ ավելի շատ խորհուրդ կա, քան կարող ենք հասկանալ…
Օրեր առաջ դրսի ուժեղ քամին վթարային իրավիճակ ստեղծեց` անջատելով ներսս սնուցող հաղորդալարերը ու արդեն քանի օր է` գիշեր-ցերեկ ներսումս… շատացել է լույսը:
Օրհնվե՜ս դու, քամի…
Լուսանկարը` Լուսինե Սարգսյանի
Նունե Մովսիսյան