Ինչպե՞ս սիրել մարդկանց։ Այս հավերժական թեմայի մասին խոսելը հեշտ գործ չէ, որովհետև սերն ինքնին անսովոր երևույթ է։ Սերը աստվածային ուղերձ է արևային խորհրդավոր լուսապսակով՝ այն միաժամանակ և՛ անձնական փորձառություն է, և՛ վերացական հասկացություն:
Ինչպե՞ս է արտահայտվում սերը։ Իմ պատկերացմամբ՝ սերը չայրող, բայց ջերմացնող գարնանային Արև է: Եվ նրա նուրբ լույսը կամ արևի ճառագայթները սիրո դրսևորումներն են:
Եվ դրանք տարբեր են․․․կարող են լինել շռայլ ժեստեր՝ ի տես ամենքի կամ հազիվ նկատելի փոքրիկ, համեստ, հաճելի մարուքներ՝ Արևը պատկերող երկչոտ մանկական խզբզանքների նման: Բայց, ի վերջո, սիրո կերակուրը բաղկացած է քնքուշ մանրուքներից: Սիրո սնունդ, որը բերում է երջանիկ ժպիտներ:
Եվ կան սիրո դրսևորումներ օրհնված ձեռքի տեսքով՝ խնամքով հավաքված մի բուռ քաղցր ազնվամորի:
Դա կարող է լինել քեզ հասցեագրված ընդամենը մեկ սրտանց ժպիտ, և ցավով լցված մարդու հոգին ակնթարթորեն բուժվում է՝ ի զարմանս անձամբ տուժողի:
Եվ սրանք պարզապես բառեր չեն, այլ իրականություն։
Այս մանրուքները, ասես, թանկարժեք մարգարիտներ լինեն կյանքի թելի վրա․․․ անհարթ եզրերով մարգարիտներ, որտեղ յուրաքանչյուրը եզակի է: Դրանք իրական են ՝ օվկիանոսի խորքից, ինչպես իրական զգացմունքները՝ հոգու խորքից:
Գոյություն ունի սիրո, ջերմության և հոգատարության դրսևորումների անհավատալի բազմազանություն․ այնքան, որքան դուք կարող եք արևի ճառագայթները նկարել, ինչն էլ նշանակում է՝ անսահման թվով։ Եվ դրանից աշխարհը մի փոքր ավելի է պայծառանում։
Սերը դրսևորվում է գործերով: Սա, հավանաբար, բոլորը գիտեն։ Ինչ վերաբերում է բառերին, ապա կարծիքները միանշանակ չեն: Ես չեմ ուզում կշեռքի վրա դնել խոսքերն ու գործերը: Դրանք անհնար է համեմատել։ Դրանք յուրովի կարևոր են․ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ դերակատարումը:
Անզգույշ ասված բառը կարող է լուրջ վնաս հասցնել մարդուն (կամ կործանել): Իսկ սիրով ասված բառը ի վիճակի է փոխել մարդու կյանքը: Կարևոր է նաև, թե ձայնի ինչ տոնով են արտասանվում բառերը: Եվ ինչ են ասում այդ պահին ձեր աչքերը: Եթե գործ ունենք հոգևորի հետ, ուրեմն դա տեսանելի կլինի ամեն ինչում՝ ձայնի հնչերանգում, հայացքում, ժեստերում․․․
Շատ կարեւոր է նրբանկատ լինել մարդու հետ գործ ունենալիս: Հակառակ դեպքում, թվացյալ «նորմալ» հարցը կարող է անհարմար դրության մեջ գցել մարդուն․ կամ պատահաբար արթնանում են ցավալի հիշողություններ, կամ վատագույն դեպքում՝ հարաբերություններ են փչանում։ Ցավոք, շատերը առաջնորդվելով միայն իրենց հետաքրքրասիրությամբ՝ մոռանում են նրբանկատության մասին․․․
Եթե ուզում եք ուղղել ինչ-որ մեկին կամ խորհուրդներ տալ, բարի եղեք՝ խոսեք մեղմ և սիրով: Այդ ժամանակ դիմացինը ձեր ասածը ավելի հեշտությամբ կընդունի: Սերը հարգանք է և ազատություն:
Սերն արտահայտվում է երբեմն լռելու, ինչ-որ բան չնկատելու անհրաժեշտության մեջ, որպեսզի թույլ չտա մյուսին անհարմար զգալ:
Եվ լինում են պահեր, երբ խորհուրդներ պետք չեն և ընդհանրապես խոսքեր չեն ասվում: Անհրաժեշտ է միայն լսել մարդուն: Լսել և ուղղակի գրկել: Կարեկցանքը, ըմբռնումը և առանց դատապարտելու ընդունումը բոլոր ժամանակներում էլ արժեքավոր կլինեն:
Եվ լսելու ունակությունը նույնպես շատ կարևոր է, եթե ուզում եք հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում մարդը: Ոնց էլ լինի, լսելու ժամանակ՝ բառերի արանքում կզգաք նրա հոգին:
Կանոնը, որը գոյություն ունի բոլորիս համար, շատ պարզ է. ժամանակ մի՛ կորցրեք մտածելու վրա ՝ սիրո՞ւմ եք ձեր մերձավորին․ վարվիր այնպես, ինչպես, եթե դու նրան սիրելու լինեիր: Հենց սկսենք այդպես վարվել, մենք կհայտնաբերենք տիեզերքի մեծագույն գաղտնիքներից մեկը, այն է՝ Մարդու հանդեպ վարվելով այնպես, կարծես մենք նրան սիրում ենք, մենք աստիճանաբար սկսում ենք սիրել նրան:
Վնասելով նրան, ով մեզ դուր չի գալիս, նկատում ենք, որ դրանից հետո նա էլ ավելի շատ մեզ դուր չի գալիս։ Եվ ընդհակառակը՝ բարի ժեստ կատարելով նրա նկատմամբ՝ զգում ենք, որ մեր հակակրանքը պակասել է։
Եվ հիշեք՝ բոլորին չէ, որ հեշտ է սիրելը, ավելին՝ պետք էլ չէ փորձել բոլորին սիրել: Գլխավորը՝ ուղղակի մարդկային լինելն է։
Աղբյուրը՝ Анастасия Родригез
Թարգմանությունը և ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի