Ինչպե՞ս տարբերել` հարաբերությունները նորմալ են, թե՞ վնասակար: Մարդկային փոխհարաբերությունների մասին կա չինական մի հին ասացվածք. «Ճիշտ հարաբերությունները նման են ջրի, սխալ հարաբերությունները` մեղրի»:
Մենք մեզ ազատ ենք զգում մաքուր, թափանցիկ ջրի մեջ: Ցանկության դեպքում` ազատորեն մոտենում և նույնքան ազատորեն հեռանում ենք` հեշտությամբ շարժելով ձեռքերն ու ոտքերը: Ոչինչ չի խանգարում մեր շարժումներին և շնչառությանը:
Փորձեք շարժվել մեղրի մեջ. դուք կխրվեք և կպչուն կդառնաք: Ձեզ համար դժվար կդառնա շնչելը և շարժվելը: Դուք կընկնեք կպչուն զանգվածի մեջ և կկորցնեք ձեր ազատությունը: Նույնիսկ, եթե ձեզ շրջապատող զանգվածը քաղցր է և սննդարար, դրանից ձեզ ի՞նչ օգուտ: Դուք խրվել եք և դժվարանում եք շնչել…
Հարաբերություններում գործում է հետևյալը. եթե դուք ազատ եք և հեշտ եք շփվում, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե դուք կորցնում եք ազատությունը, եթե դժվարանում եք շնչել և շարժվել, եթե շփումից թմրածության զգացողություն եք ունենում և անընդհատ ջանքեր եք գործադրում, ուրեմն` ձեր հարաբերությունները սխալ են, թունավոր և վնասակար: Կամ դուք եք սոսնձվել այդ մարդուն կամ ինքն է ձեզ կպել, դուք գայթել եք և խեղդվում եք: Ուժեր եք կորցնում: Եվ դուք չեք կարողանում հեռանալ այդ կպչուն, մածուցիկ տեղից: Անընդհատ մտածում եք` ինչպես շփվել, ինչպես խուսափել բախումներից կամ ինչպես սահմաններ դնել, իսկ դա խոսում է սխալ հարաբերությունների մասին: Եթե դուք կորցնում եք ընտրության ազատությունը, դադարում եք զարգանալ, ստեղծագործել, ազատ շնչել, ուրեմն` հարաբերությունները սխալ են:
Դուք չեք կարող դուրս գալ նման հարաբերություններից, նույնիսկ, եթե ցանկանաք․ կամ հանգամանքները ձեզ կստիպեն պտտվել կպչուն խառնաշփոթի մեջ, կամ էլ դուք «խրվել եք» և կախվածություն ունեք:
Դուք հաճախ անզորության և զայրույթի զգացողություններ եք ունենում, իսկ դրան հետևում է թուլությունը, դատարկությունը և ընկճվածությունը: Հսկայական ուժեր են ծախսվում շարժվելու և ապրելու փորձերի վրա, բայց ոչինչ չի փոխվում։
Սա բոլոր տիպի հարաբերություններին է վերաբերում` անձնական, ընտանեկան, աշխատանքային, հարևանների հետ ունեցած։
Եթե կա կպչուն խեժի զգացողություն, դա կործանարար հարաբերություն է: Հարկ է դուրս գալ նման հարաբերությունների բեռի տակից, եթե ինքնուրույն չեք կարողանում, ապա դիմեք մասնագետի օգնությանը: Դրանք միանշանակ վատ և վնասակար հարաբերություններ են, որոնք կփչացնեն ձեր անհատականությունը: Եթե ջանքեր չգործադրեք ազատվելու համար` խեժը կկարծրանա, և դուք ճանճի պես կմնաք սաթի մեջ…
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի