Ես երբեք չեմ հանդիպել աշխատանքի կամ փողի հետ կապված խնդրի, որը առնչություն չունենա մտածողության խնդիրների հետ: Ես հակված էի հավատալ, որ ինձ գումար պետք է երջանիկ լինելու համար: Անգամ այն ժամանակ, երբ ինձ մոտ շատ փող էր լինում, ես հաճախ հիվանդանում էի վախից, որ ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա, և ես կկորցնեմ դրանք: Հիմա ես հասկանում եմ, որ ոչ մի գումար չարժե այդպիսի սթրես ապրելու համար: Եթե դուք ապրում եք «Ինձ փող է պետք վստահ ու ապահով զգալու համար» չուսումնասիրված մտքով, ապա դա նշանակում է, որ ձեր մտածողությունն անհույս է: Բանկերը սնանկանում են: Ֆոնդային բորսաները փլուզվում են: Փողն արժեզրկվում է: Մարդիկ ստում են, խախտում են պայմանագրերը և չեն կատարում խոստումները: Նման շփոթահար վիճակում դուք կարող եք միլիոնավոր դոլարներ աշխատել, սակայն անվստահ ու դժբախտ զգալ:
Մարդիկ կան, ովքեր հավատում են, որ հենց վախն ու սթրեսն են մղում փող աշխատել: Բայց արդյո՞ք դա ճիշտ է: Կարո՞ղ եք բացարձակապես համոզված լինել, որ առանց վախի կամ սթրեսի չէիք կարողանա նույն փողը կամ նույնիսկ ավելին աշխատել: «Ինձ վախ ու սթրես է պետք մոտիվացիա ունենալու համար»: Իսկ ո՞վ կլինեիր, եթե այլևս չհավատայիր այդ մտքին: Այն բանից հետո, երբ այդ միտքը գտավ ինձ, և ես գտա Աշխատանք իմ ներսում` գիտակցեցի, որ ես միշտ ունեցել եմ այնքան գումար, որքան ինձ անհրաժեշտ է եղել տվյալ պահին, նույնիսկ, եթե փողն ի սկզբանե քիչ է եղել կամ ընդհանրապես չի եղել:
Երջանիկ լինել, նշանակում է ունենալ մաքուր միտք: Մաքուր և առողջ միտքը գիտե` ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպիսի նամակներ գրել, ինչպիսի հեռախոսազանգեր անել և ինչպես առանց վախի ստեղծել այն, ինչը պետք է: Ո՞վ կլինեիր դու առանց մտքի. «Ինձ փող պետք է, որպեսզի ինձ ապահով զգամ»: Հնարավոր է, որ այդ դեպքում քեզ հետ շփվելն ավելի հեշտ լիներ: Հնարավոր է, որ այդ դեպքում դուք սկսեիք գիտակցել շռայլության օրենքները, փողից առանց վախի բաժանվելու օրենքները և դրանք վերադարձնելու օրենքները, ի դեպ, նույնպես առանց վախի: Դուք երբեք ավելի շատ փողի կարիք չեք ունենա, քան ձեր ունեցածն է: Հենց դուք սա գիտակցեք, կհասկանաք, որ արդեն ունեք այն վստահությունը, որը, առաջին հերթին, ցանկանում էիք ձեռք բերել փողի օգնությամբ: Եվ հիշեք` նման դիրքորոշում ունենալու դեպքում՝ փող աշխատելն ավելի հեշտ է:
Աղբյուր՝ Байрон Кейти
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Բայրոն Քեյտի «Սիրեք այն, ինչ կա»
Բայրոն Քեյտի «Այն ոչինչ է և ամեն ինչ»