Ինչպես տարբերել նրբազգաց-զգայուն մարդուն հիստերիկ-սանձարձակից։
Մեկը կա, ով իրեն համարում է արտասովոր և անսովոր զգայուն մարդ: Այնքան զգայուն, որ նրա հետ շփվելն ուղղակի անհնար է. նա միշտ տեսարաններ է սարքում, ուշադրություն է պահանջում, առանձնահատուկ վերաբերմունք՝ իր նկատմամբ, ցուցադրական կերպով վիրավորվում է ինչ-որ մանրուքից և հանգիստ չի տալիս` ներկաների գլխին թափելով իր հույզերը: Ինչպե՞ս վարվել այսպիսի «զգայուն» մարդու հետ:
Կա միայն մեկ նշան, որով դուք կարող եք գերզգայուն մարդուն տարբերել հիստերիկ էգոիստից: Իսկապես զգայուն մարդը հասկանում է, զգում է, որ ուրիշները նույնպես զգացմունքներ ունեն: Եվ, որ նրանք էլ են հոգնում և նյարդայնանում, անձնական ինչ-ինչ խնդիրներ են ունենում, անհանգստանում են և հոգեպես տառապում…
Զգայուն մարդը ջանում է հարգել և պաշտպանել ուրիշի զգացմունքները: Նա գիտի՝ որքան ցավոտ է, երբ բառերով վիրավորում են: Որքան ծանր է, երբ սողոսկում են հոգու մեջ: Որքան անտանելի է, երբ հերթ չտալով՝ բողոքներ են թափում քեզ վրա կամ պարտադրում են անհարկի, անկոչ հաղորդակցություն։ Այդ ամենը նա ամբողջովին զգում է իր մաշկի վրա:
Հենց այդ պատճառով`
Զգայուն մարդը չի ասի. «ես հասկանում եմ, որ դուք շատ հոգնած եք և հենց նոր եք աշխատանքից եկել, բայց ես խնդիր ունեմ զարմիկիս հետ: Ներող կլինեք, բայց ես կպատմեմ ձեզ, թե ինչպես էր իմ եղբայրը մանկության տարիներին ինձ կոպիտ խոսքեր ասում, որոնք ինձ ցավ էին պատճառում»:
Զգայուն մարդը գիշերվա ժամը երկուսին ուրիշին չի զանգի, որպեսզի ասի, որ իր ղեկավարը ստիպել է իրեն կես ժամ ավել աշխատել:
Զգայուն մարդը, բացի իր բժշկից, ոչ մեկին հետևողականորեն տհաճ ֆիզիոլոգիական մանրամասներ չի ներկայացնի:
Իսկապես զգայուն մարդուն բնորոշ է հետևյալ պարզ նշանը. նա խոցելի է, ուստի փորձում է չվնասել ուրիշներին: Նա հասկանում է, թե դա որքան ցավոտ է ու տհաճ:
Եթե կա նրբանկատություն, կա նաև նրբազգացություն: Չկա նրբանկատություն, որքան էլ մարդը խոսի-ասի, նրա զգայուն լինելու աստիճանը ցածր է: Նա ընդամենը սովորական էգոիստ է, նույնիսկ եթե նա արտասվում է ֆիլմերը նայելիս կամ գիշերը չի քնում հարազատի հետ սկանդալից հետո: Եվ քեզ էլ չի թողնում քնել, չնայած դու դրա հետ բացարձակ կապ չունես։
Նրբանկատությունը զգայուն մարդու հիմնական որակն է:
Իսկ կեղծ զգայունությունը նկարագրել է դեռ մեծն Դիկենսը: Մեծարգո տիկնայք կարեկցանքով ու հուզմունքով լաց էին լինում ՝ նայելով մանկատան խեղճ որբերին: Բայց, և նրանք ոչ մի կոպեկ չտվեցին որբերին օգնելու համար…
Աղբյուրը` Анна Кирьянова
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Իսկական զգայուն մարդը երբեք ցույց չի տալիս ներսի շիլաշփոտը… Ուրախ ժպիտով պատանու բարի հայացքի տակ արցունքներ կհոսեն…
Ցավոք, ժամանակի ընդացքում ցավը վերածվում է ավերածության եւ ժպտերեսը դառնում է սատանա
НравитсяНравится