Ամանորից մինչև Սուրբ Ծնունդ՝ տիեզերքի դռները բաց են, որպեսզի մարդ հնարավորություն ու ժամանակ ունենա մաքրագործվելու ու նորովի` նոր գաղափարներով ու հոգևոր նոր ծնունդով դիմավորի Սուրբ Ծնունդը:
Երբ փոքր էի՝ Ամանորին հայրիկիցս անսպասելի նվեր ուզեցի. քայլող, երգող, պարող, հետն էլ` ճիշտ իմ հասակի տիկնիկ: Քանի որ հայրս օդաչու էր ու, ըստ իմ պատկերացումների, աշխատանքի էր գնում-գալիս երկնքով, ու երկնքի խանութից ինձ համար բերում էր երկնային ուտելիք ու նույնքան երկնային շորեր, պետք է որ իմ ուզած ամեն ինչ կարողանար բերեր: Այդպես էլ եղավ։ Ամանորի առավոտյան անկողնուս մոտ գտա իմ ուզածը: Սակայն տիկնիկի հետ խաղացի քիչ, շա˜տ քիչ․ արագ ձանձրացա։ Դա եղավ իմ առաջին ու վերջին տիկնիկը․․․
Հիասթափությունս մեղմելու համար` առաջվա նման անցա իմ խաղերին. քաշվում էի տան անկյուններից մեկը ու սկսում զրուցել մահճակալի տակ հայտված ա˜յ էն հողաթափի հետ, որը խռովել ու նոթերը կիտել էր։ Խոսում էի երկնքի պատուհանից ինձ, հա´, հենց ինձ նայող ա˜յ էն աստղի հետ, որը ժպտալով պահմտոցի էր խաղում հետս։ Խաղում էի վառարանի վրա դրված թեյնիկից բարձրացող ա˜յ էն նկարիչ- գոլորշու հետ, որը արագ-արագ նկարում էր ու նույնքան արագ էլ ջնջում նկարածը, բայց մեկ է` ես հո տեսնում էի այդ պատկերները․․․
Ու, եթե այդ խաղը խաղալու համար տան անկյունն էլ բավարար էր, ապա իմ սիրած մյուս խաղի համար անպայման բաց տարածություն էր հարկավոր: Հեռանում էի բոլորի աչքից հեռու ու սկսում հիմնականում լուռ, երբեմն էլ բարձրաձայն զրուցել իմ ներսում ապրող էակների հետ: Ես ունեի մի «տեսություն», ըստ որի, երբ մարդիկ մեծանու˜մ-մեծանու˜մ-մեծանու´մ են, մեռնում, իսկ մեռնելուց հետո փոքրանու˜մ-փոքրանու˜մ-փոքրանու´մ են ու դառնալով անտեսանելի` մտնում են իրենց շրջապատող մարդկանց մեջ՝ շարունակելով ապրել նրանց ներսում…
Դարձ ի շրջանս յուր. ըստ էության, շատ բան չի փոխվել․ առաջվա նման անխոս զրուցում եմ իմոնց հետ, միայն տիկնիկ տեսնելիս` մեղքի զգացում եմ ունենում․․․
Ամանորից Սուրբ Ծնունդ տիեզերքի դռները բաց են, որպեսզի մարդ հնարավորություն ու ժամանակ ունենա մաքրագործվելու ու նորովի` նոր գաղափարներով ու հոգևոր նոր ծնունդով դիմավորի Սուրբ Ծնունդը:
Ամենասուրբ Ծնունդ, թույլ տուր այսօր դույզն-ինչ մոտենալ Քո մաքրամաքուր Խորհրդին…
Տեր, տուր ինձ այն, ինչի կարիքը ես իսկապես ունեմ, ոչ թե այն, ինչ ես եմ ուզում ունենալ․․․
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Նունե Մովսիսյան