Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։
Խաղաղությունն ինձ համար միշտ եղել, մնում է և կմնա որպես գերակա արժեք: Հավանաբար, դա է պատճառը, որ չխամրող երախտագիտության նմանվող ջերմ ու քնքուշ զգացում եմ ունենում բնույթով խաղաղարար մարդկանց հանդեպ: Ինձ համար ընդունելի են խաղաղության հասնելու հնարավոր և անհնար բոլոր ձևերը և միջոցները: Ուշքս գնում է, երբ այն գալիս է սիրո, բարության, ժպիտի լուսե ճառագումով, բայց չեմ էլ բացառում, որ խաղաղությունը կարող է հաստատվել նաև կամքի դրսևորմամբ և ուժի պարտադրմամբ, միայն թե անչափ կարևոր մի վերապահում` Ուժի և Կամքի, բայց ոչ երբեք բռնության և պատերազմի:
Կա՛ բանակ, կա՛ պետություն, չկա բանակ, չկա և պետություն։ Չգիտեմ՝ դուք ոնց, ես այդպես եմ մտածում։ Հավատացել-հավատում եմ միայն Հայոց բանակին։ Ուրիշ որևէ պետության կամ օտար բանակի հետ հույսեր չեմ կապում։ Օտարներն ունեն իրենց շահերը, մենք՝ մերը։ Մեր ու իրենց շահերը կարող են համընկնել, կարող են և չհամընկնել․ նեղանալ կամ պահանջել պետք չէ, առավել ևս՝ վհատվել և հուսահատվել։
Ուզում եմ ասել՝ մենք ենք, մեր բանակը, ճիշտ ինչպես՝ մենք ենք, մեր սարերը․․․
Այո՛, իմ երկիրն այսօր դժվար ժամանակներ է ապրում։ Սա էլ կհաղթահարի։ «Բայց մենք երեկ-մեկելօրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էս տեսակ աղետ և, ինչ որ տեսնում ենք, անօրինակ չի մեզ համար»։ Թումանյան
Իմ, քո, բոլորիս տոնը` Հայոց բանակի օրը շնորհավոր:
Բարի ծառայություն մեր զինվորներին:
Խաղաղություն մեր աշխարհին:
Առաջ Աստված՝ հանգիստ ու լիքը հավատով։
Նունե Մովսիսյան