Փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը։
«Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը: Չէ՞ որ այսպես իմ հոգու նման այրվում է և իմ երկիրը, «իմ Նաիրին» — գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Նվարդ Թումանյանին ուղղած նամակից, 1916 թ.
Երկիր Նաիրի
Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…
* * *
Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում ։
Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ,
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներրդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ․․
* * *
Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։
Թող կիտվի խավարն ավելի խրթին
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ֊երկրիս անարգված սրտին։
Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.—
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե—
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկնիր իմ եիկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ ․ ․ ․
* * *
Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան տիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ…
* * *
-Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար ,
Եվ տրտունջը հին։
Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։
Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն։
Եվ խնջույքում, հրով հին
Երբ կարմիր խնդա,—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա…
* * *
Ինչպես չըսիրեմ, եիկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր:
Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր:
Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ:
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…
* * *
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
* * *
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն։
Աղբյուր՝ Վիքիդարան
Կարող եք ծանոթանալ նաև «Վահան Տերյան» կայքէջին
Հետգրություն-խոստովանություն
Խոստովանում եմ՝ երբեք չեմ կարողացել Վահան Տերյանի «Երկիր Նաիրին» առանց փոթորկող՝ ներսս տակնուվրա անող հուզմունքի կարդալ․ ճիշտ նույն զգացողություններ եմ ունենում Կոմիտասի «Տէր, ողորմեա»-ն լսելիս․․․
Նունե Մովսիսյան
Уведомление: 22.09.2021 — Կարինե Գոմցյան
Уведомление: Վահան Տերյան – Անի Եիսսաղոլի