Մարդիկ, ովքեր չեն հասկանում եղանակից, ամպամած օրերը համարում են անգույն: Դա ճիշտ չէ։ Մոխրաթույրը գույն է, երբեմն շատ հարուստ ու գեղեցիկ:
Եվ ընդհանրապես, վիրավորական է լսել «մոխրագույն, միօրինակ օրեր» արտահայտությունը: Դա նույնն է, եթե ասենք «կանաչ, միանման ծառեր»:
Իհարկե, գորշ երկինքն ասես վրան լինի մեր և երկնքի միջև, անկեղծ ասած` նույնն է և ծառի դեպքում: Բայց, դե՛ մոխրագույն վրաններն էլ գույնով և խտությամբ կանաչից պակասը չեն:
Ամպոտ օրերից մեկը նման է պողպատի, մյուսը` աղավնու թևի. առաջինը ցրտահարություն է հիշեցնում, մյուսը` խոհանոցի ծխնելույզից բարձրացող տաք ծուխ:
Մոխրագույնի թշնամիները բերում են մի փաստարկ ևս: Նրանք ասում են, որ ամպամած եղանակին ամեն ինչ խամրում է և, որ երկնքի և երկրի գույները միայն արևի շողերի տակ են կյանքի կոչվում:
Բայց, եթե դուք առողջ ճաշակի տեր մեկն եք, կհասկանաք, որ այդ գույները շատ ավելի պայծառ են հենց ամպամած օրերին, քանի որ գորշ ֆոնի վրա փայլում են սեփակա՛ն լույսով:
Ամպամած եղանակին բոլոր ծաղիկներն ասես հրավառություններ լինեն․ զարմանահրաշ են, ինչպես կախարդի` կրակով նկարված ուրվական պարտեզում: Վառ կապույտ ֆոնը սպանում է կապույտ ծաղիկները: Իսկ ամպոտ օրն անմոռուկ է` երկնքի մի կտոր, օրվա բաց աչքեր` անյուտայի աչիկների պես և արևածաղիկ` արևի փոխանորդ:
Այդ պատճառով էլ գեղեցիկ է այն գույնը, որը կոչվում է անգույն: Այն բարդ է և փոփոխական, ինչպես բոլորիս կյանքը, և դրա մեջ, ինչպես բոլորիս կյանքում, այնքա´ն շատ խոստում և հույս կա:
Միշտ թվում է, որ մոխրագույնն ուր որ է կփոխվի ուրիշ գույնով` կապույտի բռնկումով, ճերմակի պայծառացումով, կանաչի կամ ոսկու ժայթքումով:
Եվ, երբ մեր բլուրները լուսավորվեն մոխրագույն արծաթի գույնով, մենք պետք է հիշե՛նք` շուտով արևն անպայման դուրս է գալու…
Աղբյուրը՝ Гилберт Кит Честертон
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի