Այսօր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, գաղափարախոս Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-րդ ամյակն է։
Ներկայացնում ենք հատվածներ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից։
Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։
Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։
Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։
․․․ Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։
Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։
Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։
․․․Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երրորդ ուժին մեր ապավինելը իր գագաթնակետին հասավ, և մեր կորուստներն էլ իրենց գագաթնակետին հասան, մոտեցանք լիովին բնաջնջվելու եզրին։
Այս կտոր Հայաստանն էլ փրկեց մեկը, որ հեռատեսորեն բացառում էր երրորդ ուժին ապավինելը և այս կտոր հողը պահեց ու հայոց նոր պետություն ստեղծեց առանց որևէ երրորդ ուժի։
Խոսքն, անշուշտ, Արամ Մանուկյանի մասին է։
․․․Ռուսաստանից հիասթափվում են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։
․․․Անիմաստ է նաև Ռուսաստանի հետ թշնամանալը։ Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել։
․․․Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու։ Դարձյալ հանկարծակիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյանները, նրանց զինակիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազարի վրա մնացածնե՞րս։ Այսօր, կարծում եմ, չկա հայկական մի կազմակերպություն, մի ուժ, որ կարողանա այս կտոր Հայաստանի ղեկավարությունը ստանձնել և մեր հարևանների հետ լրջորեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխոսությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու հնարավորության գաղափարն էլ պետք է պատվաստել հիմա։
Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։ Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրր երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլինը, նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։
Իսկ եթե բանականությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքներին, վրեժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգովին կկորչենք։
300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։
Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։
Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։
Աղբյուր՝ Գրապահարան
Կարող եք ծանոթանալ նաև՝ Այսպիսի Ռաֆայել Իշխանյան
Ռաֆայել Իշխանյանը «Դեպի կործանում տանող հին ճանապարհը» հոդվածը գրել 1989-ին, տպագրվել է «Մաշտոց» թերթում: Այն ներկայացնում ենք զգալի կրճատումներով: Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» գրքում (էջ 35-44):
Այն ո՞ր երկրի թագավորն է գրել, թե հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով:
Ո՞վ է Անդրկովկասի նահանգների սահմաններն այնպես որոշել, որ պատմական Հայաստանի հողերը հայկական հոծ բնակչությամբ (Ուտիք, Արցախ, Սյունիք, Լոռի, Ջավախք) մնան Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգներում, որպեսզի հետո՝ դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս մնան կամ Հայաստանի ու իր հարևանների միջև պատերազմի պատճառ դառնան:
Ո՞վ էր 20-րդ դարի սկզբին Անդրկովկասում զինում հայերի հարևան մահմեդականներին հայկական ջարդեր կազմակերպելու համար:
Ո՞ր երկիրը պաշտոնապես հայտարարեց և իր սկզբունքը դարձրեց “Հայաստանն առանց հայերի” քաղաքականությունը:
Ո՞ր պետության հրամանով փակվեցին նույն երկրում եղած բոլոր հայկական դպրոցները և բռնագրավվեց հայ եկեղեցու ունեցվածքը:
Ո՞ր պետության զորաբանակների աչքի առաջ ոչնչացվեց ու տեղահանվեց Արևմտահայաստանի ամբողջ հայությունը, և այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվին հայերին:
Այն ո՞վ էր, որ սուտ նահանջի անվան տակ 1915թ. վերացրեց Վասպուրականի հայկական պետությունը և հայությանը քշեց իր դարավոր բնօրրանից դեպի հյուսիս:
Այն ո՞ր պետությունն էր, որ դատարկված Արևմտահայաստանում կազակներ էր բնակեցնում:
Այն ո՞ր երկիրն էր, որ 1917 թվից իր զորքերը ետ քաշեց Հայաստանից, որպեսզի թուրքական զորքերը գրավեն այն և կեղծ հայտարարություն արեց Արևմտահայաստանի ինքնորոշման մասին:
Այն ո՞ր երկիրն էր, որ մահացող Թուրքիային կենդանացրեց՝ մեծ քանակությամբ զենք, հանդերձանք, ոսկի տրամադրելով նրան:
Այն ո՞ր երկիրն էր, որ քեմալական Թուրքիայի հետ պայման կապեց Հայաստանի Հանրապետությունը իրար մեջ բաժանելու մասին:
Այն ո՞ւմ հետ էր Քեմալը համաձայնեցրել իր զորքերի ներխուժումը Կարսի մարզ:
Այն ո՞ւմ հրահանգով էին 1920թ. Բաքվից Հայաստան գրություններ ուղարկում իրենց մարդկանց թուրքական հարձակվող բանակին ամեն կարգի աջակցություն ցույց տալու և հայկական բանակի ու Հայաստանի պարտությունը կազմակերպելու մասին:
Այդ ո՞ր բանակն էր, որ մտավ Հայաստանի մնացած մասը և վերացրեց հայկական պետականությունը:
Այդ ո՞ր բանակն էր, որ կռվում էր Զանգեզուրը գրավելու և Ադրբեջանին միացնելու համար:
Այդ ո՞ր երկիրն էր, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց ու 1921թ. հատուկ պայմանագրով համարեց Թուրքիայի մասը:
Այդ ո՞ր երկիրն էր, որ 1921թ. Նախիջևանը նվիրեց Ադրբեջանին և դեռ Շարուրն էլ միացրեց Նախիջևանի մարզին ու նույնպես անջատեց Հայաստանից:
Այն ո՞ր պետությունն էր, որ 1921թ. Արցախը նվիրեց Ադրբեջանին:
Այն ո՞ր պետությունն էր, որ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի:
Այդ ո՞ր երկրի ղեկավարությունն էր, որ 1988թ. փետրվարի 20-ին հայտարարեց Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության և ԱրցախըԱդրբեջանի կազմում մշտապես մնալու մասին:
Ո՛չ, Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ խոսքը, այլ Ռուսաստանին ճիշտ ճանաչելու, մեր հողերի հարցում նրա հետ որևէ հույս չկապելու մասին:
Աղբյուր՝ aniarc.am
Уведомление: Ռաֆայել Իշխանյան «Դեպի կործանում տանող հին ճանապարհը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)