Տեսադարան
Ավագ երկուշաբթի․ Անպտուղ թզենու առակ
Ավագ երեքշաբթի․ Տասը կույսերի առակը
Ավագ չորեքշաբթի․ Հուդայի մատնություն
Հոգևոր ընթերցումներ
Ավագ երկուշաբթի
Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Տաճարը մաքրելու օրն է: Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին՝ խորհրդանշելով հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման մասին՝ զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության։ Այն նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը:
Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Ճանապարհին մի թզենի տեսնելով` մոտենում է և տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:
Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է Ս. Հակոբոս առաքյալը. «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):
Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուս մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, քանի որ տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:
Ավագ երեքշաբթի
Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը եղավ նաև Երուսաղեմի Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Ավագ երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարվեց փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես որոշեցին մահվան մատնել Տիրոջը։ Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր՝ առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին։
«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած`փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրեցին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:
Տասը կույսերը մեր տասը զգայարաններն են. հինգը՝ հոգևոր, հինգը` մարմնավոր: Մարմնավորներն են` տեսնելը, լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը: Նույն օրինակով հոգու զգայարաններն են: Քրիստոս ասաց. «Ով Ինձ տեսավ, տեսավ Իմ Հորը» (Հովհ. 14: 9): Մարմնավոր աչքերով հրեաներն էլ տեսան Քրիստոսին, բայց Հորը չտեսան, ուրեմն, խոսքը հոգու տեսողության մասին է: Նույնպես՝ լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը: Արդ, ով հոգու զգայարաններով ծառայում է մարմնական զգայարաններին, ըստ հետրյալ խոսքի՝ «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ Քեզ» (Սաղմ. 143: 9), իմաստուն է, քանի որ հինգ իմաստուն զգայարաններով առաջնորդվեց, իսկ ով միայն մարմնավորով է առաջնորդվում՝ հիմար է, քանզի ոչնչով չի զանազանվում անասուններից:
Ձեթն առաքելական և մարգարեական խոսքն է. վաճառողները Եկեղեցու վարդապետներն են: Լապտերները մեր հոգիներն են: Հիմարները չունեին այսպիսի ձեթի առատություն` հեղված իրենց հոգիներում, ու երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ ննջեցին, քանզի դեռևս աշխարհում էին: Տակավին Քրիստոս ներում և դանդաղում է մեզանից յուրաքանչյուրին դատել. եթե չգա մեր արթնության` կենդանության օրոք, ապա կննջենք` մահվան քուն կմտնենք, մինչև Դատաստանի օրը, երբ Տերը գա:
Երբ բոլորը ննջեն, հրեշտակները բարձր ձայնով կգոչեն ննջեցյալներին, և բոլորը հարություն կառնեն: Պատրաստները` հոգու զգայարաններով ապրածները, Հիսուսի հետ կմտնեն Երկնքի Արքայություն, իսկ հիմարներն ամոթով կարտաքսվեն և կմնան խավարում, քանզի հանգցրեցին իրենց հոգիներում Աստծո լուսառատ կրակը: «Գուցե թե մեզ և թե´ ձեզ չբավականացնի» խոսքերը պետք է հասկանալ այսպես. երբ ժամանակն էր ուսանել, հիմարները չուսանեցին: Արդ, վարդապետելու ժամանակն անցել է, ո´չ ուսուցանելու, և ո´չ ուսանելու ժամանակ կա:
Ամեն մեկը կարող է արդարանալ միայն իր գործերով, և ո´չ թե մեկ այլ մարդու: Սա նաև այսպես է հասկացվում. ծեր ժամանակ կամ հիվանդ լինելիս եթե մեկը կամենա չառաջնորդվել մարմնավոր զգայարաններով չի կարողանալու: Անգամ եթե վերջում կամենա ուսանել և ապրել ըստ հոգու զգայարանների՝ կարող է հանկարծ վրա հասնել վախճանը. ինչպես առակն է ցույց տալիս, դուռը կփակվի նրանց դեմ. այն ժամանակ մարդիկ չեն կարողանա ո´չ ապաշխարել և ո´չ էլ գործել:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի)
Ավագ չորեքշաբթի
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13):
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16; 14-15):
Ավագ հինգշաբթի
Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:
Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին մատուցվում է Ս. Պատարագ:
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում կօրհնվի յուղը:
Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Առավոտյան կատարվում է ժամերգություն և Խաչելության կարգ, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Երեկոյան կատարվում է Թաղման կարգ՝ հանդիսավոր թափորով, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Ավագ շաբաթ
Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:
Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
Աղբյուր՝ Qahana.am
Լուսանկարը` «Հոգևոր գրադարան» ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Զատիկ» կայքէջին
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ավագ շաբաթը կրթահամալիրում ծրագիր | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ուսումնական գարուն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ավագ շաբաթ. հոգևոր ընթերցումներ | Մարինե Մկրտչյան