Հավանաբար նկատած կլինեք` չարությունն ավելացել է և´ սոցցանցերում, և´ իրական կյանքում: Ինչո՞ւ են մարդիկ այդքան չարացել: Ինչո՞ւ են այդքան շատացել բախումները, վեճերը, ագրեսիան:
Պարզվում է՝ դա կապված է տագնապի և անհանգստության հետ: Այսօր աշխարհում իրավիճակը բավականին անբարենպաստ է: Հասկանալի չէ, թե հետո ինչ է լինելու: Վերջին իրադարձությունները ոչնչացրին մարդկանց միամիտ վստահությունն առ այն, որ աշխարհը գեղեցիկ և անվտանգ տեղ է, որտեղ անսպասելի ոչինչ չի պատահում: Եթե պատահի էլ, ապա ոչ մեզ հետ: Իսկ իրականությունն այն է, որ ամեն ինչ էլ կարող է պատահել. Այս մասին փիլիսոփաները միշտ էլ ասել են, բայց, դե´, խաղաղ ժամանակներում նրանց լսողն ո՞վ է:
Հիմա տագնապ կա: Այն միշտ առաջանում է, երբ առկա է անորոշ իրավիճակ և, երբ ապագայի մասին տեղեկություններ չկան: Չկան ճշգրիտ տեղեկատվություններ նույնիսկ ներկայի մասին: Եվ անհանգստությունն առաջացնում է ագրեսիա, ընդ որում, որքան մեծ է տագնապը, այնքան բարձր է ագրեսիայի մակարդակը: Այս մասին գրել են Ֆրեյդը և Կարեն Հորնին:
Բայց ոչ բոլորի մոտ է այդպես: Ոչ բոլորի մոտ է տագնապը չարությամբ դրսևորվում: Տագնապն ագրեսիայի է վերածվում փոքրոգի, վախկոտ մարդկանց մոտ: Այդպիսիք են նաև էգոիստները, ովքեր չեն ցանկանում դիմանալ նույնիսկ թեթև դժվարություններին: Եվ ընդհանրապես, չարության մեջ հեշտորեն կարելի է ճանաչել վախկոտին և էգոիստին: Կարևոր չէ, թե նա ինչ պատճառ է գտել, որպեսզի ցավեցնի ոչնչի մեջ մեղք չունեցող մարդուն: Խոսակցությունը կարող է վերածվել վեճի, և պատճառն ամենևին կարևոր չէ. կարող է լինել քաղաքականություն, հագուստ, շան լուսանկար, հենց՝ շուն, տեքստի ստորակետ, ձայնի ոչ ճիշտ տոնայնություն, որով դիմել եք վախկոտին: Փոքրոգի մարդկանց կարելի է անմիջապես ճանաչել: Նրանք հարձակվում են առանց պատճառի:
Եվ առաջանում է փակ շրջան: Տագնապը ծնում է ագրեսիա: Ագրեսիան ուժեղացնում է աշխարհում առկա թշնամանքի հանդեպ վստահությունը: Արդյունքում` առաջանում է էլ ավելի ուժեղ տագնապ, նույնիսկ` խուճապ:
Եթե ինչ-որ մեկն առանց պատճառի հարձակվել է ձեզ վրա և վիրավորում է, վստահ եղեք` նա վախկոտ է: Նա վախենում է: Վախենում է կյանքից, վախենում է անհայտությունից, վախենում է փորձությունից: Մենք բոլորս անհանգստացած ենք և երբեմն վախենում ենք: Բայց միայն վախկոտն է վախն արտահայտում ագրեսիայի միջոցով: Վախկոտը վտանգավոր է: Նրա վախը մեծանում է իր գործած չար հարձակումներին համընթաց: Ահա, թե ինչու են նրանք սկանդալներ և վեճեր հրահում. այդպես նրանց ավելի հեշտ է վախը և տագնապը փոխանցել:
Տագնապի և դժվար պահերի դեպքում նորմալ մարդը լավ կլինի, որ
Նվազեցնի իր ագրեսիվությունը` վերահսկելով և զսպելով այն:
Շրջապատված լինի ընկերներով և սիրելիներով. դա օգնում է:
Աջակցի ուրիշներին: Ուժեղ և հասուն լինի: Ուրիշներին աջակցելը բնորոշ է միայն ուժեղ և հասուն` մարդասեր մարդուն:
Թույլ մի´ տվեք, որ ձեզ վնասեն, ոչ էլ խստորեն վիճեք, հնարավորության դեպքում, իհարկե: Եվ հիշեք` տագնապի ժամանակ ամենաագրեսիվն ամենավախկոտն է: Սովորաբար այդպես է…
Աղբյուրը՝ Աննա Կիրյանովա
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ
Уведомление: Սերգեյ Լազարև “Ինչու է չարը շատացել “ – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ