Հիացմունքը դեռևս սեր չէ, և ոչ էլ ոգևորվածությունն է սեր։ Սերը գալիս է դրանից հետո: Սերը այն է, ինչ մնում է հիացմունքից և էյֆորիայից հետո։ Եթե մնում է, ուրեմն հենց դա էլ սերն է։
Երբ ոգևորությունը և բուռն էմոցիաներն անցնում են և, երբ մարդուն տեսնում ես այնպես, ինչպես որ նա կա, ահա այն ժամանակ էլ սկսվում է լավագույնը: Համենայն դեպս, կարող է սկսվել:
Գուցե նա՝ այդ մարդը, այլևս չի փայլում, այլևս նման չէ երկնային էակի: Պարզ է, որ նա մաքուր ոսկի չէ և ոչ էլ ամբրոսիայի ու նեկտարի խառնուրդով կոկտեյլ։ Նա ունի իր սովորությունները, թերությունները, յուրահատկությունները, բարքերը…։
Միով բանիվ՝ նա այլևս չի հիացնում։ Բայց, հնարավոր է, նա այժմ սեր է առաջացնում։ Նա մերոնցական է: Եվ առանց նրա ապրելը բացարձակապես անհնար է։ Ինչպե՞ս էինք մենք կարողանում նախկինում ապրել առանց նրա:
Ահա այդպիսին է իսկական սերը։ Այնտեղ չկա խանդավառություն: Հիմարություն է անընդհատ հիացած նայել սեփական ձեռքերին: Բայց այն շատ անհրաժեշտ է՝ ձեռքը կամ աչքի լույսը: Այդպես են մարդիկ միմյանց հանդեպ սերը հասունացնում: Եվ դա կախվածություն չէ: Եթե հետևելու լինենք հոգեբանների տրամաբանությանը, ապա մենք կախում ունենք նաև օդից, ջրից, սնունդից կամ սեփական մարմնից:
Ճշմարիտ և ողջ կյանքի համար սերը ծնվում է այն ժամանակ միայն, երբ անցնում է հիացմունքը: Ծնվում է, երբ մարդուն տեսնում ենք այնպիսին, ինչպիսին նա կա։ Երբ նրա մեջ տեսնում ենք պարզապես մարդուն: Իսկական սիրո մեջ հիացմունք չկա, ինչպես որ հիացմունք չկա շնչառության մեջ: Մենք ուղղակի շնչում ենք, սիրում ենք և ապրում…
Աղբյուր՝ Աննա Կիրյանովա
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ
Կարդում է Ալլա Քոչարը