Ակսել Բակունցի մտերիմներից Ռաֆայել Աթայանը գրում է. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»:
Բակունցի՝ 1918թ. հրապարակած «Աղոթք» և «Անտառում»պատկերներում հիշվում է Հերդա խորհրդանշական անունով հերոսուհի: «Տե՛ր, չէ՞ որ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր… Աղերսանքս ընդունի՛ր: Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր: Այնքան շատ են Հերդաները: Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար: Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող» («Աղոթք»): «… Ու հիշեցի Հերդային:
— Ու՞ր է նա, ո՞ր աշխարհում: Արդյոք հիշու՞մ է նա ինձ, արդյոք գիտե՞, որ ես մի մոլոր ճամփորդ եմ, մի անտուն շրջիկ, որ քնում է անտառում, ճամփի եզրին:
Եվ կարոտը մարեց իմ հոգում, այնպես, ինչպես առաջացել էր: Ոչ ոք չեկավ ցավս հարցնելու, մեկը չկար, որին պատմեի, թե ինչքան ծանր է նստել հինավուրց անտառում և հին օրերը վերհիշել: Զգացի, որ մենակ եմ, մեն-մենակ…» («Անտառում»):
Միաժամանակ «Անտառում» պատմածքն ունի նվիրագրություն՝ «Ընկերոջս՝ Վաղոյին»: Բակունցի մանկության ընկեր Վաղարշակ Հովակիմյանի հուշերից իմանում ենք, որ նվիրագրության «Վաղո»-ն ինքն է, իսկ Հերդան՝ Բակունցի պատանեկության ընկերուհիներից Թագուհի Սաֆրազբեկյանը, որ առաջինն ալեկոծեց Ակսելի զգայուն ներաշխարհը:
Թագուհի Սաֆրազբեկյանը հուշագրել է Բակունցի հետ իր ծանոթության մանրամասները՝ վկայելով, որ գրողը պատանեկան տարիների իր լավ ընկերն էր: Քաղաքի ակտիվ երիտասարդները տեղի նորակառույց դպրոցի շենքում թատերական ինքնագործ խմբակ էին կազմակերպել և բեմադրում էին փոքրիկ պիեսներ: Մի փորձի ժամանակ տղաները Ալեքսանդրին ձեռքի ափի վնասվածքով բերում են Թագուհու մոտ՝ վիրակապելու: Բակունցը դիտավորությամբ էր վնասել ձեռքը, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու աղջկա հետ: Ինչպես վկայում է Սաֆրազբեկանը, առանց այդ «հնարի» էլ Ալեքսանդրը կարող էր հասնել իր նպատակին, սակայն «բնավորությամբ նա հակված էր դեպի ռոմանտիկան»: Ի դեպ, Թագուհին հուշագրության մեջ համեստորեն նշում է, որ Բակունցին ձեռքը վիրակապելու համար բերում են խմբի մեկ ուրիշ աղջկա մոտ, բայց իրականում ինքն էր այդ «գթասիրտը», ինչի մասին և վկայել է Մոսկվայից Ռաֆայել Իշխանյանին հասցեագրած նամակում: «Երբ տուն եկա, եղբայրս՝ Գևորգը, ծիծաղում էր վրաս: Ասաց, որ Ալեքսանդրը դիտմամբ էր կտրել ափը, որպեսզի ես կապեի ու այդպես ծանոթանայիք»,- գրում է նա: «Շատ ամաչկոտ էր, մեծ երազող, միևնույն ժամանակ ինքնասեր էր, նպատակամետ: Ծանոթանալով մեր խմբի հետ, նա սկսել էր ակտիվորեն մասնակցել բեմադրություններին: Ինքն էլ խաղում էր և որոշ ժամանակ հետո փաստորեն դարձավ խմբի ղեկավարը: Նրա առաջարկով բեմադրվեց արտասահմանյան մի հեղինակի(չեմ հիշում` ում) «Հերդա» պիեսը, որում Հերդայի դերակատարը ես էի, իսկ նրան սիրահարված երիտասարդի՝ Ակսելի դերակատարումը ստանձնեց Բակունցը: Անցել է կես դար, և ես մոռացել եմ այդ պիեսի բովանդակությունը, բայց հիշում եմ, թե ինչ հաստատակամությամբ Բակունցն ասաց, որ սկսելու է իրեն կոչել Ակսել և, իրոք, նա իր խոսքի տերը եղավ»:
Խոսքը նորվեգացի թատերագիր Բյոռնստեռնե Բյոռնսոնի (1832-1910) «Նորապսակներ» (1865) պիեսի մասին է, որը բեմադրվեց Գորիսում 1916 թվականի ամռանը: Բակունցը կատարում էր նորապսակ Ակսելի դերը, ով սիրահարված էր Հերդային: Ահա թե ինչու Բակունցը վաղ շրջանի ստեղծագործություններում կերպավորում է Թագուհուն՝ Հերդա անունով, իսկ գրական անունը հաստատագրում «սրտամոտ» ու խորհրդանշական դերախաղից հետո: «Դրանից հետո հաճախ էր ինձ Հերդա անվանում և նույնիսկ մի բանաստեղծություն բերեց՝ «Հերդային» վերնագրով: Ես երկար ժամանակ պահում էի այդ բանաստեղծությունը՝ որպես հիշատակ իմ ջահելության, բայց … ցավոք կորավ, ուր դրեցի, չգիտեմ»,- վկայել է Թագուհին:
1917 թվականի ամռանը սերտանում են Թագուհու և Ալեքսանդրի հարաբերությունները, երբ Գևորգյան ճեմարանի դասարանական բաժինն ավարտած Բակունցը գտնվում էր հայրենի քաղաքում: Նա հաճախ էր լինում Սաֆրազբեկյանների տանը, որովհետև Թագուհու եղբոր՝ Գևորգի ընկերն էր: «Մի անգամ բերեց իր մանրիկ, գեղեցիկ ձեռագրով արտագրած՝ Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարին», որը սիրում էր ասմունքել և ընթերցել մոզ մոտ: Նրա շնորհիվ ես հասկացա, թե որքան գեղեցիկ և երաժշտական է գրական հայոց լեզուն»: Թագուհին հիշում է Ակսելի վճռականությունը՝ չնայած ծանր կենսապայմաններին՝ անպայման ստանալու բարձրագույն կրթություն: Բակունցի առաջին սերը ափսոսանք է հայտնում, որ իրենց ծանոթության տարիներին Գորիսում խմբով լուսանկարվելը ընդունված չէր, և ինքը չունի մի հիշարժան լուսանկար Բակունցի հետ:
Գորիսի ծխական դպրոցում Բակունցի մտերիմ դասընկերներից Վաղարշակ Հովակիմյանը, որի հետ գրողն իր մտերմությունը պահպանեց մինչև կյանքի վերջը, հուշերում երկրորդում է Բակունցի առաջին սիրո ապրումները. «… այդպիսի գեղեցիկ օրերից մի օր նույն Հրազդանի ձորում մի անգամ Սանթրին պատմեց իր առաջին սիրո մասին….»: «Երբ 1910թ. ուղարկեցին ինձ ճեմարան, բացի ծնողներիցս ու քույրերիցս ես իմ հոգու խորքում տարա նաև Թագուշին: Երկար տարիներ, քնած թե արթուն, նա էր իմ անուրջների առարկան: Նրա կեցվածքը, սիրուն դեմքը, անմեղ ժպիտը, սևորակ ու խելոք աչքերը, մեծ խնամքով հյուսած սև սաթի պես զույգ ծամերը ինձ հանգիստ չէին տալիս: Չգիտեմ ինչպես որակեմ իմ այդ վաղ տարիքի ապրումները Թագուհու վերաբերմամբ՝ սկիզբը սիրո հրի բոցավառման, թե՞ լոկ համակրանք: Դե, դու գիտես, որ 1915թ. մեր արևմտահայ եղբայրների գաղթի հետևանքով ճեմարանի շենքը ժամանակավորապես վերածվեց հիվանդանոցի, և ես էլ ուրիշների պես մեկնեցի Գորիս՝ ծնողներիս տեսության: Որքան մոտենում էի Գորիսին, այնքան դեպի Թագուշն ունեցած կարոտից հոգիս լցվում էր այնպիսի մի հուզմունքով, որ սիրտս սկսվում էր արագ բաբախել: Շատ անգամ մի պահ զգաստանում էի, զարմանում, կշտամբում ինքս ինձ, թե ինչու Թագուշին ավելի եմ կարոտել, քան թե մորս ու քույրերիս: Բայց կարծես թե մայրական անզուգակից սիրո մի ձայն շոյում էր լսողությունս՝ շշնջալով. «Ոչինչ, զավակս, քո սրտի կարոտն էլ իմ կարոտն է, շարունակիր պինդ սիրել Թագուշին, ես համոզված եմ, որ քո՝ դեպի ինձ ունեցած որդիական սիրո հուրը երբեք չի մարի զգայուն հոգուդ մեջ»: Վերադարձիս գիշերը, մինչև առավոտ, չկարողացա քնել: Իմ ամբողջ էությունը համակված էր նրանով, թե մեր երկարատև անջատումից հետո արդյոք Թագուշը կարձագանքի՞ իմ սիրո զգացումներին, թե սառը ջուր կլցնի իմ հույսերին: Սակայն որքան մեծ էր իմ ուրախությունը, երբ հաջորդ օրը առաջին իսկ հանդիպումից մեր հայացքները կախարդեցին իրարու հենց իր՝ Թագուշի հայրական տան մեջ: Քիչ անց մենք արդեն փողոցում էինք և անխոս ու արագ քայլում էինք դեպի «Կալին պաշը», որտեղից բացվում էր քեզ ծանոթ մեր բաղերի, գետակի և լեռների սքանչելի տեսարանը: Երկար ատեն մեզնից ոչ ոք չէր համարձակվում դժվար բացատրելի լռությունը խանգարել, կարծես հենց այդ վսեմ լռության մեջ էր ամփոփված վեհագույն իմաստը մեր հոգեկան նուրբ զեղումների: Բայց հանկարծ, այդ լռության պահին, կարծես թե գերբնական մի ուժով մենք ինքնաբերաբար սեղմվեցինք իրարու և մեր աչքերը լցվեցին արցուքով: Արձակվեցին մեր լեզվի կապերը, և մեր շուրթերը ըմբոշխնեցին առաջին սիրո քաղցրությունը: Ամեն ինչ ասված էր: Մենք պայմանավորվեցինք ցմահ սիրել իրար»:
Թագուհի Սաֆրազբեկյանի հուշերից իմանում ենք նաև, որ այդ ամառվանից հետո նա Բակունցին հանդիպել է 1919թ.-ի ամռանը Երևանում և ապա 1923թ.-ին՝ դարձյալ Երևանում, երբ ինքն արդեն ամուսնացած էր… «Միայն այդ ժամանակ,-գրում է Թագուհին,- ես հասկացա, որ չեմ գնահատել նրա զգացմունքների խորությունը, տևականությունը, նրա անկեղծությունը և, ուշադրություն չդարձնելով, անցել եմ նրա կողքով: Այդպես մենք հրաժեշտ տվեցինք միմյանց առհավետ»:
Թագուհի Սաֆրազբեկյանը ծնվել է Բռնակոթում 1898 թվականին: Մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում: Հայրը` Սադաթ Սաֆռազբեկյանը, Գորիսում մանկավարժական աշխատանքի անցնելուց հետո, ընտանիքով տեղափոխվել է այստեղ: Թագուհին նախնական կրթությունը ստացել է հենց Գորիսի ծխական դպրոցում: Հետագայում նա ստացել է բժշկական բարձրագույն կրթություն և երկար տարիներ որպես բժիշկ աշխատել Մոսկվայի տուբերկուլյոզային դիսպանսերում: Այստեղ էլ 1980 թվականին կնքել է իր մահկանացուն: Ունեցել է ռուս ամուսին: Նրա 2 դուստրերը կրում են Իվանով ազգանունը:
«ԴՈՒ ՆԱՀԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԵՍ…» Վահրամ Ալազան (1903-1966), գրող, գրական-հասարակական գործիչ, քաղբանտարկյալ. ազատազրկված է եղել 1936-1946 և 1949-1954 թթ.
…Մի անգամ Ներքին բանտի 10-րդ խցից մեզ մոտ բերեցին մի գյուղական ուսուցչի: Նա պատմեց, որ իրենց խցում են եղել նախկին լուսժողկոմ Պողոս Մակինցյանը և Ակսել Բակունցը:
Բակունցն անընդհատ չափել է բանտախցի երկայնքն ու լայնքը և անդադար արտասանել Վահան Տերյանի հետևյալ տողերը.
Դու նահատակ պիտի լինես,
Մարգարե ու մարտիրոս,
Խարույկ ու խաչ պիտի ելնես,
Ո՛չ իբրև ստրուկ, այլ՝ հերոս:
Մի գիշեր էլ Բակունցին են կանչել: Նա զգացել է, որ իրեն գնդակահարության են տանում. տեղից վեր է կացել, համբուրել բոլոր կալանավորներին, ապա մի ծերունու հետ գրկախառնվելով, ասել.
«Հայրիկ ջան, մնաս բարով, գիտեմ, որ այլևս չեմ վերադառնալու, երբ կազատվես, մեր բարձր սարերին ինձնից շատ բարև կանես»:
(«Տառապանքի ուղիներով: Հուշեր», Եր., «Խորհրդային գրող» հրատ., 1990)
«ԴՈՒ ՆԱՀԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԵՍ…» Վահրամ Ալազան (1903-1966), գրող, գրական-հասարակական գործիչ, քաղբանտարկյալ. ազատազրկված է եղել 1936-1946 և 1949-1954 թթ.
…Մի անգամ Ներքին բանտի 10-րդ խցից մեզ մոտ բերեցին մի գյուղական ուսուցչի: Նա պատմեց, որ իրենց խցում են եղել նախկին լուսժողկոմ Պողոս Մակինցյանը և Ակսել Բակունցը:
Բակունցն անընդհատ չափել է բանտախցի երկայնքն ու լայնքը և անդադար արտասանել Վահան Տերյանի հետևյալ տողերը.
Դու նահատակ պիտի լինես,
Մարգարե ու մարտիրոս,
Խարույկ ու խաչ պիտի ելնես,
Ո՛չ իբրև ստրուկ, այլ՝ հերոս:
Մի գիշեր էլ Բակունցին են կանչել: Նա զգացել է, որ իրեն գնդակահարության են տանում. տեղից վեր է կացել, համբուրել բոլոր կալանավորներին, ապա մի ծերունու հետ գրկախառնվելով, ասել.
«Հայրիկ ջան, մնաս բարով, գիտեմ, որ այլևս չեմ վերադառնալու, երբ կազատվես, մեր բարձր սարերին ինձնից շատ բարև կանես»:
(«Տառապանքի ուղիներով: Հուշեր», Եր., «Խորհրդային գրող» հրատ., 1990)
НравитсяНравится