
Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Գ Ձորափորեցին:
Սահակ Գ Ձորափորեցին հեղինակ է ծիսական կանոնների և ճառերի, որոնցից նշանավոր է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենեացը»: Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, գրել է շուրջ 60 երգ: Դրանցից «Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» հետագայի հեղինակների համար ձեռք են բերել չափանմուշի նշանակություն: «Էջմիածինն ի Հօրէ» շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:
Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:
Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի` «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:
Ագաթանգեղոսի վկայությամբ` Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի և Գրիրգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303թթ): Վերանորոգման աշխատանքներ իրականացվել են Ներսես Ա և Սահակ Պարթև կաթողիկոսների օրոք:
Ղազար Փարպեցու վկայությամբ` Մայրավանքը և այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ-ին կառուցածն է (բացի գմբեթից): 1654թ-ին Փիլիպոս կաթողիկոսը սկսեց արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք: Մայրավանքի որմնանկարները վերանորոգվել են 18-րդ դարում:
1955թ-ին տաճարի դրսի և ներսի կողմերից խոշոր շինարարական աշխատանքներ է ծավալել Վազգեն Ա կաթողիկոսը: Մայր տաճարի վերանորոգման հանձնաժողովի կազմի մեջ են եղել նաև Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Մարտիրոս Սարյանը, Ռաֆայել Իսրայելյանը:
Իսկ ըստ ազգային ավանդության` Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակություն հայտնել Աստծուն:
Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանում Գրիգոր Ա Լուսավորիչը սեղան է կանգնեցրել և օծել Շողակաթ սուրբ Աստվածածին անունով: Մինչև XV դարը Էջմիածնի Մայր տաճարը հայտնի է եղել Վաղարշապատի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, Շողակաթ Սուրբ Աստվածածին եկեղեցի անուններով: «Էջմիածին» անունը տաճարի համար առաջին անգամ կիրառել է Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը` XIII դ.-ում:
Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբությունները` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Գետարգելի սուրբ Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի մասունքները, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները:
Մայր տաճարը, ի սկզբանե լինելով գմբեթավոր, աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան այս հորինվածքը հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդն է ողջ քրիստոնեության ճարտարապետության մեջ:
Մայրավանքի նմանությամբ կամ «էջմիածնատիպ» կառույցները Եվրոպայում տարածվեցին 8-9 դդ-ում: Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում Աախենի պալատական մատուռը՝ Սեն Շապելը, Քյոլնի Ս. Գեդեոնը, Ֆուլդայի Ս. Միքայելը, Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (Իտալիա)։
1994թ. Մայր Տաճարի մանրակերտը տեղադրվել է «Մինի Մունդուսում» (համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան), իսկ 2000թ.-ին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:
Աղբյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն»
Ագաթանգեղոս «Հայոց պատմություն»
Մաղաքիա Օրմանյան «Ծիսական բառարան»
Նյութը պատրասատեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի — Սեբաստացիական մեդիադարակ