Գուրգեն Մահարի, բանաստեղծություններ

mahari

Օգոստոսի 1-ին ծնվել է Գուրգեն Մահարին:

«Քո կյանքի ճանապարհը ուղիղ չեղավ, ինչպես լարախաղացի ճանապարհը, ոչ էլ միշտ փշոտ ու տատասկոտ, ինչպես մարգարեների ճանապարհը: Հաճախ դու մեղանչեցիր քո դեմ, քո սրտի, հոգու, խղճի դեմ, բայց հավատա, ով դու, որ նայում ես հայելու միջով տխուր աչքերով, քո ժողովուրդը քեզ կների, որովհետև դու մարդ ես եղել, և այն ամենը, ինչ մարդկային է, խորթ չի եղել քեզ համար… Մեծ ու փոքր ընկերներ ունեցար դու, մեծ ու փոքր սերեր, մեծ ու մանր կրքեր, կորցրեցիր ու գտար, հաճախ, երբ կորցրեցիր՝ ուրախացար, երբ գտար՝ տխրեցիր, բայց դու անկեղծ եղար, քո մոլորությունների մեջ անգամ՝ անկեղծ… Ով դու, որ հայելու միջից նայում ես ինձ թափված գանգուրներով, ալեհեր մազերով պսակված ճակատով ու այնուամենայնիվ ժպիտով: Ես գիտեմ քո անտանելի բնավորությունը»: Գուրգեն Մահարի

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեմ՝ ոչ մի, ոչ մի ծաղիկ
Իմ արցունքով չէ, որ ապրում է,
Էլ ինչի՞ս է պետք մուժ ու թախիծ,
Էլ ինչիս է պետք քո համբույրը…

Ես շատ սիրեցի և շատերին,
Դահիճ եղա ոմանց ու ոմանց զոհ,
Ինձ մեղմ օրորեց փշատենին,
Ու ջուրը երգեց քաղցր ու գոհ:

Ու ես ասում եմ, ասում եմ այժմ,
Խաղաղությո՜ւն ձեզ, օրեր անցած,
Ես իմ դեմ եղա այնքա՜ն դաժան,
Գործեցի իմ դեմ այնքա՜ն հանցանք…

Բայց նայում եմ ես նոր աշխարհին,
Այդ նա՛ է,– երգըս, որ հնչում է…

– Ես գիտեմ, ես գիտեմ՝ ոչ մի ծաղիկ
Քո երգերով չէ, որ շնչում է…

ԲԱՐԴ ՀԱՇԻՎ

Սիրեցիր ինձ ու ես քեզ,
Մենք, մեկմեկու համար որս,
Մեր սերը պարզ էր, որպես
Երկու անգամ երկու՝ չորս:

Օրեր անցան հրահուր,
Գարնան նման անստվեր,
Պուրակ, կածան ու համբույր,
Քնքուշ խոսքեր ու ստեր:

Երբ չմնաց ոչ մի վարդ,
Տվինք հրաժեշտ մեկմեկու.
Մեզ վրա պաղ ու հանդարտ
Աշնան ամպն էր հեկեկում:

Մենք մեկմեկու ուրացանք
Հանգույցներում օրերի,
Եվ պարտեզն այն եռացանկ,
Եվ ժամերը մտերիմ:

Ու սուտ թվաց ամեն գույն,
Ու անարժեք ամեն որս,
Ու թվաց, որ չի անում
Երկու անգամ երկու՝ չորս…

ՍԵՐ

Ես քո անունը կպահեմ թաքուն,
Չե՜մ հանձնի երբեք ես այն ոչ ոքի,
Որպես սուր պահված հնօրյա բակում,
Ես քո անունը կպահեմ թաքուն:

Ես քո անունը կպահեմ թաքուն,
Չի՛ խլի նրան և ոչ մի ոգի,
Որպես գանձ պահված հնամյա այգում,
Ես քո անունը կպահեմ թաքուն…

Կհսկեմ նրան ահեղ ու անքուն,
Ու մեր լուսավոր ու անհուն կյանքում
Քո սիրով, փառքով, հմայքով կանգուն
Ես քո անունը կպահեմ թաքուն…

ԹԵ ՈՒՆԵԻ ԵՍ ՄԵՂՔԵՐ…

Թե ունեի ես մեղքեր, քավե՜լ եմ վաղուց,
Թե անմեղ եմ հալածվել, մի՛ նայիր խոժոռ,
Չէի՜ վերջին երգիչը Պառնասյան թաղում,
Բայց անունս աղոտվեց օրերի փոշում…
Ա՜խ, քո կրակը մնաց սրտում իմ անմար
Երկի՛ր, ես քո երգերը պահեցի անգիր…
Լոկ դու եղար պատվանդան մարմար առ մարմար,
Եղար հզոր հենասյուն հանգի ու կյանքի…
Հիմա քեզ մոտ եմ նորից, ի՛մ երգ, ի՛մ գարուն,
Վերադարձե՜լ եմ առույգ, թեպետ և փոշոտ…
Թե ունեի ես մեղքեր, քավե՜լ եմ վաղուց,
Թե անմեղ եմ հալածվել, մի՛ նայիր խոժոռ…

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇԱՑԱՐ

Ինչո՞ւ ուշացար, գարուն աղջիկ,
Ինչո՞ւ ուշացար, վերջին կարոտ.
Ես վար եմ իջնում լեռան լանջից,
Դու բարձրանում ես լույսով այրող:
Ինչո՞ւ ուշացար, թեթև թիթեռ,
Տե՛ս, իրիկուն է, դեմը` գիշեր,
Անցավ արևը լեռան ետև.
Ի՞նչը մոռանալ, ի՞նչը հիշել:
Գրկել քեզ սիրով ու քաղցր լալ,
Փայել մազերդ, լռել անհուշ.
Դու չէի՞ր կարող մի քիչ շուտ գալ.
Ա՜խ, լավ էր երբեք, քան այսպես ուշ:

ՎԵՐԱԴԱՐՁ

Ծիծեռնակներն եկան աշխարհներից հեռու,
Ճամփաներով երկար, ճամփաներով անտես,
Ծիծեռնակներն եկան ճիչով և երգերով,
Իմ աշխարհում բացին երգի, գարնան հանդես:

Եկան ծիձեռնակներն, թևին տվին, իջան
Կտուրներին ծանոթ ու ծառերին,
Ավերել էր ոմանց բույները հողմը չար,
Ոմանք էլ չգտան իրենց տները հին:

Ու թռչում են նրանք, կանչում տագնապահար,
Որոնում են հարմար նոր քիվեր ու սարքեր,
Ու կրում են սեզեր ու հյուսում են համառ
Օթևաններն իրենց անձեռակերտ:

Ու հնչում է նրանց երգը զվարթ, վառման,
Հյուսում են բույները մամուռից ու երգից…
– Ծիծեռնակնե՛րն եկան, կարապետնե՛ր գարնան,
Հեռու աշխարհներից վերադարձան երկիր…

Աղբյուրը՝  Գրանիշ

Կարող եք ծանոթանալ նաև`

Անկախության օրվա մահարիական պատգամը

Գուրգեն Մահարի և Եղիշե Չարենց

Գուրգեն Մահարի և Ավետիք Իսահակյան

Ծանր ուխտի հին ուխտավորը

Գուրգեն Մահարի «Երևանյան քանդակներ»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s