Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց:
Նավասարդի տոնը նշվում է ի հիշատակ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրվա: Օգոստոսի 11-ը հատկանշական է նաև նրանով, որ Հայկ-Օրիոն համաստեղությունը ուղղահայաց դիրքով կանգնում է Տաթևի սյան ուղղությամբ։

Նավասարդ բառը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։ Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Նավասարդյան օրերը կրում էին ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։ Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։ Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։
Աղբյուրը` Վիքիպեդիա
Լուսանկարում՝ Հայկ Նահապետի քանդակը սկզբնապես տեղադրված է եղել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), այնուհետ՝ 1975 թ. տեղափոխվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգված: Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան
Կարող եք ծանոթանալ նաև՝
Ս.Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը»
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Ձեր՝ Հայկական կակաչ
Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ