Օգոստոսի 13-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցն է (1102-1173)։
Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։ Հայաստանում այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ: Աշնանը Մատենադարանում նախատեսված է միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալուն: Իսկ «Մատենագիրք հայոց» մատենաշարի 21-րդ և 22-րդ հատորները ներառելու են Շնորհալու ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործերը՝ ամբողջացնելով կաթողիկոսի հսկայական ժառանգությունը:
Ստորև ներկայացնում ենք մի հատված Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ից
…Եկեղեցու մեջ ոչ մի մեղքի համար այնքան մեծ անեծք չի լինում, որքան գողության: Եվ թող ոչ ոք մեղքերի կարգում սա փոքր չհամարի, քանզի քարեղեն տախտակների վրա Աստծո մատով գրված օրենքների մեջ, սպանությունից և շնությունից հետո, երրորդը սա է կարգված:
Թող ոչ ոք չկարծի, թե միայն մեծ բաների հափշտակությունն է գողություն համարվում, իսկ փոքրերինը՝ ոչ:
Օրենքն է հրամայում գողացվածի քառապատիկը հատուցել, և տասը, հարյուր կամ հազար դահեկանի քառապատիկը ավելի մեծ է, քան մեկ կամ երկու դահեկանինը, սակայն անունը նույնն է՝ թե մեծինը, թե փոքրինը, թե շատինը և թե քչինը, քանի որ միայն մեծ առարկա կամ շատ գողացողը չէ, որ գող է կոչվում, ոչ էլ փոքր բան կամ քիչ գողացողը՝ այլ բան. գող անունը և պատիժը նույնաբար տրվում է բոլորին՝ թե շատ գողացողին և թե քիչ:
Եվ ահավասիկ սահմանումը, որով մարդը գող է անվանվում և որպես այդպիսին ճանաչվում. ով ձեռքը երկարում է որևէ բան վերցնելու, և այս ու այն կողմ է նայում , որ առարկայի տերը չտեսնի և իրեն բռնի, կամ օտարը տեսնի և հայհոյի, այնպիսին գող է և արածը՝ գողություն:
Աղբյուր՝ Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ
Կարող եք ծանոթանալ նաև՝ Հոգևոր Հայաստան․ Ներսես Շնորհալի