Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած
Ամեն օրվա պես բացում եմ էլեկտրոնային փոստը, ծանոթանում ինձ հասցեագրված նամակներին (դրանք շատ չեն, ընդամենը՝ երեքը):
Իսկ հետո, սովորության համաձայն, մտնում եմ ֆեյսբուք: Այնտեղ «թրև գալուց» որոշ ժամանակ անց հանկարծ հիշում եմ. եսիմ որտեղից ինձ ուղարկված՝ անտարբեր կարդացածս անկապ նամակներից մեկը օրեր շարունակ փնտրած հարցի պատասխանն ուներ: Աչքիս առաջ հստակ պատկերանում է այդ նամակը, նամակն ուղարկող անծանոթ հեղինակի ազգանունը և կարդացածս բանալի-նախադասությունը: Արագ նորից բացում եմ փոստը, գտնում նամակն ու անհամբեր կարդում այն:
Բայց…պարզվում է՝ երկարաշունչ այդ նամակը լրիվ այլ բովանդակություն ունի: Նամակն այդ կարդում եմ առնվազն տասն անգամ՝ բառ առ բառ: Նախադասությունը, որը կարդացել եմ առաջին անգամ, չկա ու չկա: Ա՜յ քեզ բան, ո՞նց կարող է նման բան պատահել: Հո՞ չէր կարող կարդացածս նախադասությունը նամակի միջից հoդս ցնդել: Այ, հիմա էլ աչքիս առաջ հայտնվեց: Ես դա կարդացել եմ: Հաստա՛տ եմ հիշում, անգամ կետադրությունն եմ հիշում, թե չէ ինձ որտեղի՞ց օրեր շարունակ հուզող հարցի պատասխանը:
Փորձում եմ հասկանալ տեղի ունեցածը: Հընթացս հիշում եմ, որ շաբաթներ առաջ նման մի բան էլ էր պատահել: Համացանցում տեսել էի մի լուսանկար, որը զարմանալի ճշգրտությամբ և ամենայն մանրամասնությամբ պատկերում էր ամիսներ առաջ երազումս տեսածս: Տպավորությունն այն էր, որ ինչ-որ մեկը թաքուն լուսանկարել էր երազս ու առանց հեղինակային իրավունքները պահելու՝ գցել համացանց: Բա լուսանկարին կից ներկայացվող տեղեկատվությունը…
Կարծում եք՝ անհավանական կամ զարմանալի բա՞ն եմ ասում: Իսկ ես կասեմ.
-Բոլորովին էլ ոչ, սիրելինե՛րս:
Իսկ գիտե՞ք, թե ինչու:
Պատասխանը, առավել քան, պարզ է.
-Ամեն մեկը ստանում է, ասել է թե՝ լսում է, կարդում է, միով բանիվ՝ ընդունում է այն, ինչ ուզում է: Իսկ, որպեսզի չստանանք այն, ինչ չենք ուզում, այլ այն, ինչ ուզում ենք, հարկավոր է ընդամենը ճիշտ մտածել: Ընդ որում, ճիշտ մտածել ամենևին չի նշանակում շատ մտածել:
Այսպիսի բաներ, սիրելի՛ մարդիկ:
Նունե Մովսիսյան