Մխիթար Գոշ

Mkhitar_Gosh

Մխիթար Գոշը ծնվել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գանձակ գավառում (այժմ՝ Գյանջա)։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Ձեռնադրվել է կուսակրոն քահան: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականներին, ստացել վարդապետի կոչում: Մեկնել է Կիլիկիա, ուսանել է Սև Լեռան երևելի գիտնականների մոտ:

Գոշի կենսագիրը համարվում է Կիրակոս Գանձակեցին: Ըստ Գանձակեցու, Մխիթարին «Մականունով այսպես՝ Գոշ էին կոչում նրան, որովհետև շատ քիչ էին նրա մազերը»:

Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշին մեծարել են «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծ իմաստուն գիտութեամբ» պատվանուններով։

Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, «իմաստախոհ գրքեր ուսումնասերների օգտի համար»։ Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրական մեկ տասնյակ աշխատություններ, աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և այլն․ «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից»։

Մխիթար Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը»։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, իսկ Դատաստանագիրքն բացառիկ կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի ներքին կյանքին վերաբերող տեղեկությունների առումով: Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։

Կիրառվել է Հայաստանում և հայկական գաղթավայրերում՝ Լեհաստանում, Աստրախանում, Վրաստանում, Սուդանում:  Ընդգրկում է իրավունքի բոլոր ճյուղերն ու ինստիտուտները, հասարակական հարաբերությունների բազմազան բնագավառները՝  քրեական, քաղաքացիական, ամուսնաընտանեկան, դատական և պետության իրավունքները: Գիրքն արժանավոր տեղեկություններ է հաղորդում նաև հայ ժողովրդի կյանքի ու կենցաղի մասին:

Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ Մխիթար Գոշը Դատաստանագիրքը գրել է Գանձակի Դասնո (Կարմիր վանք, Հոռոմաշեն) վանքում։ «Բայց ձեռնարկութիւն մեզ յայսմ իրողութեան եղև ի թուականութեանն Հայոց ՈԼԳ… յաշխարհիս Առանայ, ի նահանգիս, որ կոչի մայրաքաղաքին Գանձակայ, յանապատի և յեղբայրանոցիս անուանեալ Դասնոյ, սկզբնաւորեալ ի լեռնակողմն մենաստանին կոչեցելոյ Հոռոմաշէն, ընդ հովանեաւ սրբոց եկեղեցեաց կուսաստանացն յիշեցելոց, ձեռնտուութեամբ հաւր Յովսեփայ և եղբաւր Պաւղոսի յորդորմամբ յառաջարկութիւնս»։

Հետաքրքիր է Մխիթար Գոշի մեկ այլ՝  «Յայտարարութիւն»,  որը հայագիտության մեջ հայտնի է նաև «Գծագրութիւն… յաղագս Վրաց» և «Թուղթ առ վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» անուներով։ Ըստ Գոշի՝ ազգերը պետք է հարգեն իրար և միմյանց «կարգերը», թողնեն, որ յուրաքանչյուր ազգ ապրի իր ընտրած «կարգով», ասել է թե՝ Գոշը դեմ է դավանական տարբերությունները ժողովուրդների հարաբերությունների լարման առիթ դարձնելուն

Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ։

Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝։ Նրա մահվանից հետո Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։

Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական և մշակույթային խոշոր կենտրոններից: Պատմական աղբյուրներում անվանվել է վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքում ուսուցվել են հայոց և օտար լեզուների քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը։

Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը։

Աղբյուրը՝  Կիրակոս Գանձակեցի, Մխիթար Գոշ, «Հայազգ» հանրագիտարան, Գոշավանք

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s