Մարդիկ, ովքեր չեն հասկանում եղանակից, ամպամած օրերը համարում են անգույն: Դա ճիշտ չէ։ Մոխրաթույրը գույն է, երբեմն շատ հարուստ ու գեղեցիկ:
Եվ ընդհանրապես, վիրավորական է լսել «մոխրագույն, միօրինակ օրեր» արտահայտությունը: Դա նույնն է, եթե ասենք «կանաչ, միանման ծառեր»:
Իհարկե, գորշ երկինքն ասես վրան լինի մեր և երկնքի միջև, անկեղծ ասած` նույնն է և ծառի դեպքում: Բայց, դե՛ մոխրագույն վրաններն էլ գույնով և խտությամբ կանաչից պակասը չեն:
Ամպոտ օրերից մեկը նման է պողպատի, մյուսը` աղավնու թևի. առաջինը ցրտահարություն է հիշեցնում, մյուսը` խոհանոցի ծխնելույզից բարձրացող տաքուկ գոլորշու…
Մոխրագույն չսիրողները բերում են մի փաստարկ ևս: Նրանք ասում են, որ ամպամած եղանակին ամեն ինչ խամրում է և, որ երկնքի և երկրի գույները միայն արևի շողերի տակ են կյանքով լցվում:
Բայց, եթե դուք առողջ ճաշակի տեր մեկն եք, կհասկանաք, որ այդ գույները շատ ավելի պայծառ են հենց ամպամած օրերին, քանի որ միագույն գորշության մեջ փայլում են սեփակա՛ն լույսով…
Ամպամած եղանակին բոլոր ծաղիկներն ասես հրավառություններ լինեն․ զարմանահրաշ են, ինչպես կախարդի` կրակով նկարված ուրվական պարտեզում: Վառ կապույտ ֆոնը սպանում է կապույտ ծաղիկները: Իսկ ամպոտ օրն անմոռուկ է` երկնքի մի կտոր, օրվա բաց աչքեր` անյուտայի աչիկների պես և արևածաղիկ` արևի փոխանորդ:
Այդ պատճառով էլ գեղեցիկ է այն գույնը, որը կոչվում է անգույն: Այն բարդ է և փոփոխական, ինչպես բոլորիս կյանքը, և դրա մեջ, ինչպես բոլորիս կյանքում, այնքա´ն շատ խոստում և հույս կա…
Միշտ թվում է, որ մոխրագույնն ուր որ է կփոխվի ուրիշ գույնով` կապույտի բռնկումով, ճերմակի պայծառացումով, կանաչի կամ ոսկեգույնի ժայթքումով:
Եվ, երբ մեր բլուրները լուսավորվեն արծաթե մոխրագույնով, մենք պետք է հիշե՛նք` շուտով արևը դուրս է գալու, անպայման դուրս է գալու…
Աղբյուրը՝ Гилберт Кит Честертон
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Երևանն այսօր: Տեսանյութը՝ Տիգրան Մանուկյանի