Դեկտեմբերի 19-ին ծնվել է աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը։
1940 թիվ, հունիս։ Նացիստական Գերմանիան զավթել էր Փարիզը: Եվ չնայած դրան՝ մշակութային կյանքը Փարիզում կանգ չառավ: Ֆրանսիայի ամենահայտնի աստղի՝ Էդիթ Պիաֆի հաջողությունները թափ առան հենց օկուպացիայի ժամանակ: Նա անվճար ելույթներ էր ունենում Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում ֆրանսիացի ռազմագերիների համար: Միակ բանը, որ խնդրում էր հոնորարի փոխարեն՝ լուսանկարվելն էր. լուսանկարվել ճամբարի կառավարիչների և ռազմագերիների հետ: Երգչուհու հանդեպ մեծ համակրանք տածող գերմանացի սպաները հաճույքով էին ընդառաջում նրան:
Վերադառնալով Փարիզ՝ խմբակային լուսանկարները մեծացնում էր, զինվորների դեմքերը վերատպում և մեկ առ մեկ փակցնում կեղծ փաստաթղթերի վրա՝ թաքցներով դրանք երկշերտ հատակ ունեցող դիմահարդարման տուփի մեջ: Հաջորդ համերգին Պիաֆը ինքնագրի քողի տակ կեղծ վկայականները գաղտնի փոխանցում էր գերիներին: Այդ ճանապարհով շատերը կարողացան փախուստի դիմել:
Ու թեև Պիաֆը ոչ մի հերոսություն չէր տեսնում իր արարքի մեջ, բայց նացիստական ռեժիմի պայմաններում դա ավելի քան հերոսություն էր:
«Պարզապես ես չափից շատ եմ սիրում ֆրանսիացի զինվորին»,- «արդարանում էր» երգչուհին:
Նա նաև բարեգործական համերգներով օգնել է զոհվածների ընտանիքներին, հասարակաց տան հարկերից մեկում թաքցրել հրեաներին՝ գերմանացիների հետապնդումից: Պիաֆը գերմանացի սպաների հովանավորությամբ ելույթներ է ունեցել նաև Երրորդ Ռեյխում՝ վաստակելով մեծ գումարներ, որի առյուծի բաժինը հատկացրել է ֆրանսիացի ռազմագերիներին սնունդ հասցնելուն:
Ոմանք Պիաֆի այս քայլը համարել են դավաճանություն, բայց երգչուհու համար դա ընդամենը իրականությունը քողարկելու միջոց էր: Իսկ իրականությունը ռազմագերիներին օգտակար լինելն էր, հանուն որի նա պատրաստ էր նվիրաբերել իր վերջին սենթը:
Արդյունքում՝ զրկվելով բնակարանի վարձը վճարելու հնարավորությունից, նա սենյակ է վարձում հասարակաց տանը:«Ճիշտ է, որ իմ կյանքը եղել է նողկալի: Սակայն այն նաև սքանչելի է, որովհետև ես առաջին հերթին սիրել եմ կյանքը»,-ասել է Պիաֆը: