
1921-ի ապրիլի 27-ին, դարձյալ Տաթևի վանքում, կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը պաշտոնապես կոչեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ Սպարապետ Նժդեհը դարձավ նորաստեղծ պետական միավորի վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։ Համագումարի պատգամավորների կազմը՝ 95 հոգի հայտարարվեց որպես Լեռնահայաստանի պառլամենտ։
Մայրաքաղաք հռչակվեց Գորիսը, ընդունվեց հանրապետության պաշտոնական օրհներգը (հեղինակ՝ Տիգրան Սազանդարյան), դրոշը՝ հայկական եռագույնը և զինանշանը:
Մեկ ամիս անց, ելնելով կտրուկ փոփոխվող քաղաքական իրավիճակից, Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նժդեհը մնաց իբրև սպարապետ՝ գերագույն գլխավոր հրամանատար։
1921-ի հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Գարեգին Նժդեհը թողնում է Լեռնահայաստանը՝ փոքր զորախմբով անցնելով Պարսկաստան։
Հայերի համար Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրսևորում էր, որը մղվում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու խորհրդային վտանգից պաշտպանելու համար։
Պատմաբանների կարծիքով, Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Ըստ նրանց, այս գոյամարտի շնորհիվ է, որ Զանգեզուրը մաս է կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետությանը։
Աղբյուր՝ Վիքիպեդիա
Լուսանկարում՝ Լեռնահայաստանի զինանշանը
«Զանգեզուր» ֆիլմի (1938 թ․) հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, «Զանգեզուրյան քայլերթ», երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի
Շուռնուխ գյուղի գրավումը հայերի կողմից 1920 Թ․ հունվարին
«Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ հետո Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային խորհրդի համաձայնությամբ կայացված որոշումով 1920-ի հունվարի սկզբներին պետք է հարձակում լինի թրքական Շուռնուխի-Էյվազլար շրջանի վրա՝ այդ շրջանի 28-ի չափ գյուղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանությունը ու զինաթափ լինեն, քանի որ նրանց շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի սահմանների մեջ։ Այլապես ամբողջ բնակչությունը պետք է հարկադրվի թողնել այդ շրջանը և հեռանալ դեպի թրքական շրջանները։
Պետք է նկատել, որ Շուռնուխի շրջանը հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Ղափանի ու բուն Զանգեզուրի միջև և ամեն անգամ էլ այնտեղ բույն դրած ադրբեջանական գործակալները կռիվ ու թալան էին կազմակերպում հարևան հայ գյուղերի դեմ։
Հավանեցի Դրոյի ծրագիրը ու պատրաստակամությունս հայտնեցի մասնակցելու արշավանքին, որ ճակատում էլ լինի։
Հենց այդտեղ էլ նա որոշեց ինձ հանձնել ռազմական գործողության դաշտի ամենից պատասխանատու ու դժվարին ճակատը՝ Շուռնուխի կենտրոնական գյուղի վրա քայլող Տանձավերի հովիտից առաջացող ճակատը, որ գալիս էր Ուզուն-Մեշա անտառի միջով ու ելնում էր անառիկ դիրքեր ունեցող մոտ 10 գյուղերի դեմ։
․․․Այստեղից մեր թափը կրկնապատկած՝ խփեցինք ուղիղ Շուռնուխի վրա։ Թրքական այդ կենտրոնական գյուղը իր բազմաթիվ կռվողներով ու անառիկ դիրքերով հազիվ կարողացավ մեկ ժամ դիմանալ։ Առավ ու փախավ՝ հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գյուղերը։ Միայն Մազրա գյուղի դաշտում կանգ առին ու փորձեցին անտառի մանվածապատ կածաններում շփոթել մերոնց շարքերը։ Բայց իմ կողքովը քայլող հերոս Երիցաթումբցիք կրակ կտրեցին և անմիջապես զույգերի բաժանվելով՝ իրարից անկախ խրվեցինք թշնամու շարքերը։
Թուրքերը, ինչ ասել կուզի, այդ թափին դիմանալ չկարողացան. իրենց գլուխն առած՝ իջան դեպի Դոնգարլուի դաշտը՝ մտքում շնորհակալ լինելով անտառի ծառ ու ժայռերի շնորհած պաշտպանությանը։
Կեսօր չեղած, մաքրեցինք իմ զորամասին հանձնված ճակատի վրա ընկած Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուռնուխ, Մազրա գյուղերը՝ իրենց մոտիկ 3 ուրիշ գյուղերով և Մարքազ բարձունքը։
Մազրայի գրավումով մենք լուծեցինք մեզ հանձնած ռազմական խնդիրը և շրջան կազմելով Էյվազլարի շրջանում՝ կախվեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ուժերին։ Դրոն դեռ հեռվից ողջունեց մեզ և մոտենալով՝ մենք գրկախառնվեցինք»։
Աղբյուր՝ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջ
Սկզբնաղբյուր՝ Յապոն (Հովհաննես Պարոնյան), Հուշեր
«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1941 թ․, թիվ 8
Հակամարտության օրենքը
Ժողովուրդների պատմությունն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց հաղթությանց և պարտութունների պատմությունը։
Պատերազմներն են օրորել մարդկության մանկությունը և ո՛չ խաղաղությունը, որ բնական վիճակ չի եղել, այլ՝ պատերազմների կարճատև դադար միայն։
Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը։ «Մի զինվոր սպանում է Արքիմեդին»։
Հաղթում է ուժեղը և ոչ արդարը։
Վա՛յ թույլերին։
Չեզոքության են դիմում թույլերը միայն՝ հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը։ Էապես չկան չեզոքներ։ Եթե երկուսն այսօր բարեկամ են, նշանակում է, թե նրանք զինակցել են մի երրորդի դեմ։
Ամեն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետև չափված կողմերից ոչ ոք է իրեն վերջնականապես պարտված կամ հաղթական համարում։
Եվ միշտ էլ պարտված կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրեժի ծրագիրը։
Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթային մինչև մեր օրերը և, ավա՜ղ, խաղաղության, եղբայրության ու սիրո Ուսուցչի աստվածաշունչ խոսքը շարունակում է մնալ որպես «ձայն բարբառոյ յանապատի»։
Երկու հակամարտ ուժերի արնոտ պատմությունը․ սրի և սիրո խոսքի պայքարը՝ երկու ուժեր, որոնցից մեկը երազում է վերացնել սահմանները երկրների և ժողովուրդների միջից, իսկ մյուսը համառում է հաստատ պահել այդ սահմանները, ասել է և ազգամիջյան թշնամանքը՝ իր գոյությունը հավերժացնելու համար։ Եվ դեռ իշխում է վերջինը, դեռ ուժեղ ու հաղթական է վերջինս, ու հույս չկա, թե մեր դարում սուրը կվերածվի արորի։
«Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր կռվի» — այս է մնում օրվա հրամայականը։
Եվ կարծեք խաբուսիկ խաղաղությունից սարսափած՝ բոլորը պատրաստվում են, զինվում։
Եվ ոչ ոք է ապահով, որ վաղը աշխարհի վրայով վերստին չի անցնի պատերազմի գունատ ճիվաղը՝ արնոտ սուրը ձեռքին։
․․․Զգացնել տուր թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, եւ նա կհրաժարվի զինուժով քեզ անհանգստացնելու մտքից — ահա՛ սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստնության:
․․․Քանի դեռ սուրն է կառավարում աշխարհը, ձիթենու ճյուղով զինված լինելը ծիծաղելի է և անմտություն: Ուժն է ծնում իրավունք: Ուժեղինն է Աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ … Ուզում ես փրկել՝ եղիր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում: Իսկ ուժիդ ազատություն տալու համար ցույց տուր երկու բան՝ որ գիտես մեռնել գիտակցված, իմաստալից մահով, երկրորդ՝ որ գիտես մեռցնել:
Գարեգին Նժդեհ
Գարեգին Տեր-Հարությունյան․Նժդեհ (1886-1955)։պետական-ռազմաքաղաքական գործիչ, Նախիջևանի գավառապետ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության սպարապետ։
Աղբյուր՝ «Լեռնահայաստան» ֆեյսբուքյան էջ
Պատրաստեց Նունե Մովսիսյանը