Իմ կանխատեսումներն իրականանում են, արդեն ասել եմ, որ խորքային փոփոխությունները շարունակվելու են։ Ես վաղուց եմ գրել՝ աշխարհը սկսել է փոխվել: Սա երկար գործընթաց է, և այն պետք է ընդունել։ Հիմա ամենակարևորը հասկանալն է, թե հատկապես որ որակներն են, որոնք մեզ հաջողություններ կբերեն և կօգնեն արագ հարմարվել փոփոխվող իրականությանը՝ հնարավորություններ ընձեռելով զարգացման և բարգավաճման համար: Մենք պետք է զարգացնենք այդ փրկարար հմտությունները:
✅Գլխավորը կդառնա մարդկանց հետ շփվելու և հասարակությանը օգուտ բերելու կարողությունը։ Մարդու արժեքն այսուհետ որոշվելու է այն բարիքով, որը նա կարող է տալ ուրիշներին։ Միայնակների ժամանակն անցնում է, որքան էլ մարդը վառ անհատականություն լինի, նրա հաջողությունը հետայսու որոշվելու է մարդկանց հետ լավ հարաբերություններ հաստատելու և ուրիշներին օգտակար լինելու ունակությամբ:
Ուրիշներին վանող վարքագիծը, օրինակ՝ բողոքելը, վիճելը, պահանջներ ներկայացնելը, ցուցադրական թուլությունը կամ ամբարտավանությունը, գոռոզամտությունը՝ այս ամենը կկործանի հաջողության հասնելու հնարավորությունները: Եվ հակառակը՝ աննկատ, համեստ, բայց հասարակությանը օգտակար մարդիկ կբարելավեն իրենց դիրքը։ Մենք պետք է փորձենք ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ, կամուրջներ կառուցել, բարելավել հարաբերությունները, գտնել նոր ընկերներ և համախոհներ, ինչ-որ լավ բան անել հասարակության համար:
Պարզապես նստեք և ինքներդ ձեզ պատասխանեք հարցին, թե ինչո՞վ եմ ես օգտակար հասարակությանը: Եթե ցուցակագրելու ինչ-որ բան կա՝ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է…
✅Փողերը ճիշտ տնօրինելու կարողությունն այժմ կենսական նշանակություն ունի: Հին կանոնները մեծ մասամբ արդեն չեն աշխատում: Մնում են միայն ամենակարևորները՝ չափավորությունը և պարտքեր անելու վտանգավորությունը։ Հիմա պետք է սովորել փողի նոր ռազմավարությունները: Հաջողության կհասնի նա, ով որքան հնարավոր է՝ շուտ կտիրապետի նոր կանոններին։
Փողն այլ է լինելու: Այն արդեն փոխվել է, հիմա դրանք պարզապես թվերով թղթադրամները չեն։ Նոր գումարները կգան նրանց մոտ, ովքեր սովորել են դրանք օգտագործել և ճիշտ ներդրումներ անել։ Այն, ինչ նախկինում աշխատում էր, հիմա չի աշխատում: Մենք պետք է սովորենք խնայել ու ավելացնել նոր փողերը, աշխատել դրանց հետ, ընտելանալ դրանց, շահույթ ստանալ թեկուզ տոկոսների և գնումների վերադարձի տեսքով։ Սա ներառում է նաև ձեր աշխատանքը վաճառելու հնարավորությունը:
Անցել են այն ժամանակները, երբ աշխատանքի և ժամանակի համար գումար պահանջելը ամոթալի էր, երբ մարդիկ չնչին գումարով վաճատում էին իրենց աշխատուժը, երբ լավ մարդիկ աշխատում էին գովասանքի համար։ Սա ճիշտ չէ: Հասարակության համար աշխատանքի արժեքը որոշվում է դրա վճարմամբ։ Եթե դուք անհրաժեշտ եք, ապա ձեզ կվճարեն։ Սա արժեքի ամենապարզ չափումն է և գոյատևման երաշխիքը:
✅Ձեր մտքերը բառերով պարզ և հստակ արտահայտելու կարողությունը: Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել մարդուն տրված խոսքի շնորհը։ Բառը հաղորդակցության միջոց է, տեղեկատվության փոխանակում: Այն, ի վերջո, ազդեցություն է։ Հստակ, ճիշտ և հասկանալի խոսքը ձեզ հաջողություն կբերի, կամրապնդի ձեր դիրքը հասարակության մեջ և կազատի բազմաթիվ թյուրիմացություններից ու սխալներից։
Նախկինում հնարավոր էր ջանք գործադրել ուրիշի խոսքը հասկանալու համար։ Ժամանակ կար կարդալու կամ լսելու երկար, բարդ պարբերությունները և իմաստությունները: Հիմա այլևս դրա ժամանակն ու էներգիան չկան։ Կյանքի ռիթմն էլ ավելի կարագանա։
Խոսքի կոպտությունը, անպարկեշտ արտահայտությունները, կանխամտածված խեղաթյուրումներն արագորեն անցյալի գիրկը կանցնեն: Ճիշտ այնպես, ինչպես երկարաշունչ «ուհ-ու-ու»-ն ու այլ ոռնոցներ: Ճիշտ կառուցված խոսքը՝ բարեկիրթ, էներգիայով և ասելիքով լի, հաջողություն կբերի և կամրապնդի ձեր դիրքը։
«Սկզբում խոսքն էր»: Հիմա՝ վիթխարի ճակատագրական շրջանի սկզբում ևս, բառը կստանա ամենամեծ նշանակությունը: Ով գիտե ճիշտ օգտագործել խոսքը, նա էլ կբարձրանա: Իսկ ով այդքան էլ լավ չի կարողանում՝ թող սովորի, որովհետև դա երրորդ՝ ամենակարևոր հմտությունն է, որ մեզ պետք է գալու:
Մեկ տարի հետո դուք կտեսնեք, որ այս կարևոր հմտություններն օգնել են ձեզ։ Շատ ավելի օգտակար հմտություններ և կարողություններ կան, բայց այս երեքը կլինեն հիմնականը։
Հենց այս երեք հմտությունները պետք է կարողանալ զարգացնել՝ չարիքից խուսափելու և գալիք տարում ավելի շատ հնարավորություններ ստանալու համար։
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝
Ինչպես նաև՝