Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։
Խաղաղությունն ինձ համար միշտ է եղել գերակա արժեք։ Ընդ որում, ըստ իս, ընդունելի են խաղաղության հասնելու հնարավոր և անհնար բոլոր ձևերը և միջոցները: Ուշքս գնում է, երբ այն գալիս է սիրո, բարության, ժպիտի լուսե ճառագումով, բայց չեմ էլ բացառում, որ խաղաղությունը կարող է հաստատվել նաև կամքի դրսևորմամբ և ուժի պարտադրմամբ, միայն թե անչափ կարևոր մի վերապահում` Ուժի և Կամքի, բայց ոչ երբեք բռնության և պատերազմի:
Կա՛ բանակ, կա՛ պետություն, չկա բանակ, չկա և պետություն։ Չգիտեմ՝ դուք ոնց, ես այդպես եմ մտածում։ Հավատացել-հավատում եմ միայն Հայոց բանակին։ Ուրիշ որևէ պետության կամ օտար բանակի հետ երբևէ հույսեր չեմ կապել։ Օտարներն ունեն իրենց շահերը, մենք՝ մերը։ Մեր ու իրենց շահերը կարող են համընկնել, կարող են և չհամընկնել․ նեղանալ կամ պահանջել պետք չէ, առավել ևս՝ վհատվել և հուսահատվել։
Ուզում եմ ասել՝ մենք ենք, մեր բանակը, ճիշտ ինչպես՝ մենք ենք, մեր սարերը․․․
Այո՛, իմ երկիրն այսօր դժվար ժամանակներ է ապրում։ Սա էլ կհաղթահարի։ «Բայց մենք երեկ-մեկելօրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էս տեսակ աղետ և, ինչ որ տեսնում ենք, անօրինակ չի մեզ համար»։ Թումանյան
Իմ, քո, բոլորիս տոնը` Հայոց բանակի օրը շնորհավոր:
Բարի ծառայություն մեր զինվորներին:
Խաղաղություն մեր աշխարհին:
Առաջ Աստված՝ հանգիստ ու լիքը հավատով։
Նունե Մովսիսյան