Փետրվարի 25-ին ծնվել է Անդրանիկ Օզանյանը։
Զորավարի՝ Գորիսից դէպի Ղարաբաղ արշաւանքը սկսուել է 1918թ. նոյեմբերի 16-ին:
Անդրանիկին ճակատ են ճանապարհում մեծ հանդիսավորութեամբ: Գորիսի հայ կանանց միութիւնը հայոց զորքին է նուիրում ոսկեթել ծոպերով կարմիր դրոշ: Մետաքսէ կտորի վրայ կանայք ասեղնագործել էին. «Հայկական առանձին հարուածող զօրամաս» բառերը: Դրօշը զօրավարին հանձնեց եւ ողջերթի խօսքեր ասաց Գորիսի տարեց կանանցից մէկը՝ գորգագործ Սուլթան Բաջին: Անդրանիկը, ընդունելով դրօշը, հուզմունքով պատասխանել է. «Կուզեյի, որ սա վերջին դրօշակը լիներ, որ հայ մայրը կուտայ իր որդուն՝ նրան դէպի կռուի դաշտ քաջալերելով: Կը մաղթեմ, որ սա նշանակ լինի յաջողութեան եւ խաղաղութեան»:
Անդրանիկի արշաւանքը սկսւում է Տեղ գիւղից: Դիմացը հայերի կողմից երիցս անիծուած Զաբուղի ձորն էր՝ ավազակաբարո եւ ռազմատենչ քրդական գիւղերով: Մինչ այդ հայկական ուժերը Բոգդան Մելիք-Հիւսեինեանի գլխավորութեամբ փորձել էին գրաուել Մարքիզի բարձունքը եւ ճանպարհ բացել դէպի Ղարաբաղ, բայց անօգուտ: Սակայն Անդրանիկի համար փակ դարպասներ չկային, միայն թէ կռիւ լիներ: Կոտրելով թշնամու դիմադրութիւնը՝ հայկական զօրքերը գրաւում են Մարքիզ, Ղզլջան, Սուս, Սումուքլու, Նորուզլու, Թաթտարա բննակավայրերը: Անդրանիկին դիմադրելը հեշտ չէր, նրա անունը վաղուղ էր թնդում այդ ձորերում, բայց յաղթանակն էլ հեշտութեամբ չէր տրւում: Մարտերից մէկում զոհուեց զօրավարի օգնականներից ղարաբաղցի Ստեփան Սարգսեանը: Յաղթահարելով ամենադժուարին տեղամասը՝ Զաբուղի ձորը, Անդրանիկն արշաւանքը սկսելուց երկու օր յետոյ կանգ է առնում Հագարի գետի Ավդալար կամրջի մոտ: Նրա հեծեալները գրաուել էին նաեւ Ավդալար գիւղը:
Ճանապարհը դէպի Շուշի բաց էր: Ծրագրուած էր, որ զօրքը Շուշի կը մտնի երկու օր յետոյ՝ նոյեմբերի 20-ին: Բայց հէնց Ավդալլարի կամրջի մոտ նոյեմբերի 18-ին, Շուշիից ընդամենը 40 վերստ հեռավորութեան վրայ, Անդրանիկին է ներկայանում կապավորը եւ նրան հանձնում գեներալ-մայոր Թոմսոնի՝ Անգլիայի անունից ստորագրուած հեռագիրը, որով պահանջում էր դադարեցնել արշաւանքը:
Հեռագիր-նամակի տակ ստորագրել էր Ադրբեջանի պրեմիեր-մինիստր Խան-Խոյսկին: Յաջորդ օրը Ավդալլար է հասնում նաեւ Անտանտի ռազմական միսիան, որի կազմում էին անգլիացի կապիտան Գոլդսմեթը, Ֆրանսիացի կապիտան Կասֆեդը եւ մի շուշեցի՝ Գեանջցեան Արտաշեսը, որպէս թարգման: Արշաւանքի մասնակից կորնիձորցի զինվոր Սարգիս Կարապետեանը հիշում է, որ անգլիական դրօշ պարզած կառքը, որով եկել են պատուիրակները, եղել է սպիտակ գոյնի: Սպիտակ էին հագնուած նաեւ պատուիրակները: Անդրանիկի զօրավարական վրանում զրոյցը տեւել է 3-4 ժամ: Պատուիրակութեան ասելիքը Թոմսոնի հեռագրի պահանի հաստատումն էր՝ դադարեցնել արշաւանքը, այլապէս դաշնակից երկրները չեն երաշխավորում Փարիզի խաղաղութեան կոնֆերանսում (Սեւր) հայկական հարցի քննարկման յաջողութիւնը:
Անդրանիկն անկարող էր հաշուի չառնել համայն հայութեան շահերը: Սակայն ցաւալին այն էր, որ նոյնն էին նամակով պահանջում նաեւ Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանը եւ նարն միացած Սոկրատբեկը՝ նոյնպէս Մելիք-Շանհնազարեան, համարելով, որ արշաւանքը Ղարաբաղում կը խորացնի ազգային հակամարտութիւնը, որից, իբր, կարելիէ խուսափել: Այս վերջին պահանջն Անդրանիկին լիւ թեւաթափ արեց: Զօրավարը բանակցութիւններից յետոյ անտրամադիր էր, գունատ եւ ջղագրգիռ՝ հիշում է նրա կորնիձորցի զինվորը:
Անդրանիկը վերջին անգամ նայելով Ղարաբաղի սեգ, այդքան մոտ եւ այդքան անհաս լեռներին՝ հրաման է արձակում ետ վերադառնալ Գորիս:
1918թ. դեկտեմբերի 8-ին Գորիս է ժամանում անգլիական մի պատուիրակութիւն՝ Գիբոնի գլխավորութեամբ: Պատուիրակութեան նպատակն էր «խաղաղ» ճանապարհով լուծել Զանգեզուրում Ադրբեջանի գերիշխանութեան հարցը: Ժամանակակիցների վկայութեամբ նա մեծամեծ կաշառքներ էր ստացել եւ որոշակի խօստումներ տուել: Գիբոնը Գորիս է գալիս ավտոմեքենայում բազմած, շուրջ 100 հնդիկ սիփահիների ուղեկցութեամբ եւ փորձում հոխորտալով անցնել Զանգեզուրի սահմանը: Ինքնավստահ անգլիացու ուղին մերկացրած սրով փակում է սահմանային պահակապետի սպա Բագրատ Բադիրեանը: Գիբոնը Զանգեզուրի սահմանն անցնում է ժամեր յետոյ միայն, երբ ստացւում է Գորիսի Ազգային խորհրդի (կոմիսար Սմբատ Խոջաբաղյան ֊ խ․ Ա․Խ․) եւ Անդրանիկի թոյլտւութիւնը:
Մեքենայով յայտնուելով Գորիսի փողոցներում, անգլիացին զարմացած էր, որ իրեն պաշտոնապես ոչ ոք չի դիմավորում: Ինչքան որ գորիսեցիներն էին զարմացած Գիբոնի ավտոմեքենայով, նոյնքան էլ նա էր անակնկալի եկել Եվրոպային վայել մի փոքրիկ ու կոկիկ քաղաք մտնելով: Գիբոնին բնակելի տան երկրորդ հարկի պատշգամբից Անդրանիկին ի տես է հրաուիրում բժ. Բոնապարտեանը՝ մաքուր անգլերենով: Անգլիացին սսկուել էր: Նրան երկրորդ անգամ են պատշբամբից հրաուիրում Անդրանիկի մոտ՝ թէյի: Անգլիացի սպան ստիպուած էր՝ թեկուզ ամոթով ետ չդառնալու համար բարձրանալու հիւրասենեակ:
Մինչ այդ քաղաքի հրապարակը հեղեղեց հուզուած ժողովուրդը: Բոլորը գիտեին, թէ ինչու է ժամանել անգլիացի սպան: Թէյելուց յետոյ Գիբոնը եւ նրա հայ հիւրընկալողները դուրս եկան պատշգամբ: Ամբոխը խուլ աղմկում էր եւ լռեց միայն այն ժամանակ, երբ պատշգամբում կանգնածների մէջ վիթխարահասակ ծերունի Ղազար Մալինցեանը բարձրացրեց ձեռքի գաւազանը: Ծերունին խօսելուց առաջ հանեց գլխարկը եւ թարգմանչի օգնութեամբ դիմելով անգլիացուն՝ արտասանեց իր նշանավոր ճառը, որում կային այսպիսի խօսքեր. «Լաւ իմացեք, որ հարիւրավոր տարիների ընթացքում հայ ազգի օրորոցքի ծծկեր մանուկից բռնած մինչեւ խոր ծերութեան հասած տղամարդ թէ կին մարդ այնքան են ծնկաչոք աղոթել մեր տաճարներում քրիստոնեա անգլիացու զենքի յաջողութեան համար, որ մեր տաճարի հատակի սալ քարերը փոս են ընկել: Բայց հիմա դու եկել ես, որ մեր հայրենի հողը մեզանից խլես ու տաս ուրիշ հաւատքի տէր երկրի: Էդ ի՞նչ խայտառակութիւն է… Այսուհետ մենք թքել ենք անգլիական կառավարութեան եւ նրա թագավորի վրայ:… Եթէ կամենում եք մեզ ճնշել զենքով, մենք պատրաստ ենք դիմադրել ձեզ եւ ապացուցել, որ մենք հնդիկներ չենք ձեզ համար…»
Աղբյուր՝ lernci.livejournal.com
Սկզբնաղբյուր՝ Սերգեյ Հախվերդյան «Գորիսի ամփոփ պատմութիւն»
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Անդրանիկ Օզանյան» կայքէջին
ԳԵՆԵՐԱԼԻ ՔՈՒՆԸ ՉԷՐ ՏԱՆՈՒՄ…Ստեփան Կուրտիկյան (1908-1986), արձակագիր
Տասնութ թվականի հուլիս:
Գեներալ-մայոր Անդրանիկն իր զորամասով մտավ Նախիջևանի գավառը, բանակեց Աբրակունիս գյուղում:
Երկար երթերից հոգնած զորքը բաց երկնքի տակ խոր քուն մտավ: Ննջել էին բոլորը, սակայն գեներալի քունը չէր տանում: Բակում, իրեն հատկացված տան առջև, հետուառաջ էր քայլում, մտորում, խոսում էր ինքն իր հետ: Համհարզն էլ դատապարտված էր չքնելու:
Կեսգիշերն անց էր, երբ Անդրանիկը մտավ սենյակ, կանչեց համհարզին:
-Քաջունի, տղա´, մի-մի բաժակ օղի լցրու տեսնենք:
Նստեցին, խմեցին մի-մի բաժակ թթի օղի, կերան թոնրի բույրը վրան լավաշ, հաց ու պանիր, որ հյուրասեր գյուղացիներն էին բերել երեկոյան: Եվ հետզհետե բացվեց Անդրանիկի լեզուն:
Զորավարն իր երիտասարդ համհարզին պատմում էր դժվարին, հերոսական մի կենսագրություն, հայդուկի ու ռազմիկի այն դաժան կյանքը, որ այս աշխարհում, ամբողջ քառորդ դար, բաժին էր ընկել իրեն:
Մեկը մյուսի հետևից պատմական ասպարեզ էին ելնում քարտեզի վրա բոլորովին աննշան գյուղերի անմոռանալի անուններ՝ Ծովասար, Սեմալ, Իշխանաձոր, Նարեկ, Սիփան, Շամիրամ…Արյունալի, անհավասար ընդհարումներ սուլթանական հանցագործ զորքի՝ համիդիեների հետ, պաշարում, հետո պաշարման օղակի առասպելական ճեղքում, անհավատալի փրկություն: Եվ թշնամու դավադիր ձեռքով կոտորած, թալան, խաղաղ գյուղերի հրկիզում…
-Փամփուշտ էլ չունեի համիդիեների հետ կռվելու, անզեն ու անպաշտպան ժողովրդին կոտորածից ու կողոպուտից փրկելու,-հուզմունքով խոսում էր գեներալը:-Ես հրացան ու փամփուշտ էի պահանջում մեր ղեկավարներից, իսկ նրանք ինձ ուղարկում էին լրագրական ճոռոմախոս գովք-հոդվածներ և երգեր իմ մասին հյուսված, «Հերոս մռնչեց, սուլթան դողդողաց…»: Դե, ե´կ համբերիր: Ուրեմն սուլթանի զորքի դեմ ես պետք է կռվեի այդ հոդվածներո՞վ, ճոռոմ խոսքերո՞վ ու երգերո՞վ:
(«Պատմվածքներ Անդրանիկի մասին»)
НравитсяНравится
ԱՆԴՐԱՆԻԿԸ սովորական հերոս չէր, դյուցազնակա’ն հերոս էր, ինչպես Սասունցի Դավիթը: Նա երբեք չէր հաշտվում զինաթափվելու, պարտության հետ:
Երբ Դիլիջանում գտնվելու ժամանակ նրան հայտնի է դառնում Բաթումի ժողովի պայմանները, որի համաձայն Հայաստանին իրավունք է տրվում պահելու միայն 1200 զինվոր և նրանից խլված էին Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը, Ղարաբաղը, Ալեքսանդրապոլը, Անդրանիկը հայտարարում է.
«Ըսէք Վեհիպ փաշային, որ Անդրանիկ իր զօրքերը պիտի չցրէ: Իմ զօրքերը թրքահայեր են, ես ինքս թրքահայ: Հաշտություն կնքողը եղած է Ռուսահայ Ազգային Խորհուրդը: Ես ինքզինս պարտաւոր չեմ զգար ենթարկուելու անոր ստորագրած հաշտության դաշնագրին: Բայց որովհետեւ, ես իրաւունք չունիմ ապրելու այս երկրին մէջ եւ անոր դժուարութիւններ ստեղծելու, դուրս կ’ելլամ անոր սահմաններէն»:
Եվ Նազարբեկովին հղած իր խիստ նամակով նա առաջարկում է իրենից ստանալ Դիլիջանը:
(աղբյուրը՝ Վազգեն Անդրէասեան «ԱՆԴՐԱՆԻԿ» 1982թ)
НравитсяНравится