Ս․ Բարդուդիմեոսի տաճար՝ Վանի իմ խորհրդանիշը

6

Իմ պապերի Էրգրում, շատ եմ եղել։

Սկզբում գնում էի, որովհետև ուզում էի ծանոթանալ իմ արմատների հետ, հետո գնում էի, որովհետև ուզում էի ճանաչել ինքս ինձ, հիմա գնում եմ, որովհետև չեմ կարող չգնալ․․․

Ներսես Շնորհալու հետքերով հասել եմ Կիլիկիա՝ չքնաղագույն Հռոմկլա, եղել եմ նաև հեքիաթային Համշենում, բայց, դե, մեկ է, ինձ ավելի շատ ձգում է իմ պապերի Էրգիրը․․․

Ու թեև իմոնք եղել են Մուշից, ժամանակի ընթացքում հանկարծ հասկացա, որ ինձ մշտապես Վանն է կանչում։ Սկզբում տարտամ, գնալով ավելի ու ավելի պարզորոշ զգացի, որ Վանը ուրի՜շ է, Վանը՝ այդ հավերժական, հուզելու չափ գեղեցիկ Վանը, արժանապատիվ ու հերոսսկան Վանը․․․

Շատ դիպուկ է նկարագրել պատմիչ Լեոն, «Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով․․․կամ ուղղակի՝ Վան»։

Վանի մասին շատ եմ պատմել և լուսանկարել։

Վանը հասարակ քաղաք չէ: Վանն աշխարհի այն եզակի քաղաքներից է, որտեղ կյանքն անընդմեջ շարունակվում է առնվազն 2870 տարի: 

Վանում՝ Քաղաքամեջի ավերակների ու հին Այգեստանի դատարկության, Հայկաբերդում՝ Հայկի ու Բելի հավերժական կռվի դաշտի լռության մեջ ամփոփված է մեր Ինքնությունը․․․

Շշմելու դրական էներգետիկա ունի Վանը։ Զարմանալու բան է՝ հայաթափ Վանը շարունակում է բարբառել հայերեն։ Իսկ ամենազարմանալի այն է, որ Վանը խոսում է խաղաղ, հանգիստ, ավելին՝ Վանը հաղորդակցվում է ժպիտով, ուժ է տալիս ու ոգեշնչում․․․

Վանը նույնքան զարմանահրաշ է այսօր, որքան եղել է դարեր շարունակ։ Վանը երեկ և այսօր նույնն է՝ նույն բացառիկն ու նույն գեղեցիկը, նույն տպավորիչն ու անզուգականը։ Ու, եթե փոխվել ենք, այդ մենք ենք փոխվել․կորցրել ենք ինքներս մեզ ու համառորեն չենք գտնում։ Ոչ թե Վանի, այլ մեր ինքնությունն է աղճատվել, այդ մենք Վանի կարիքն ունենք, ոչ թե Վանը՝ մեր․․

Զարմանալի թեթև ու եթերային բան կա Վանում՝ վախենալու աստիճան խորհրդավոր ու անմեկնելի․․․

Գուրգեն Մահարին կասեր․ «Իսկ Վանի՞ց` ի՛մ Վանից ինձ մնացել է միայն կապույտ ծխի մեջ խեղդված-խեղդվող, տագնապոտ-անհանգիստ, ինքնությանս խորքերում թաքնված մի նո՜ւրբ ու թրթռացող հույզ` անբոց ու անկրակ, անբնական ու անբանական, անտրամաբանական…այրվող այգեստանների նման»։

Վանում հայության միակ վկաները, թերևս, մեր խոնարհված աղոթատեղիներն են, որոնք համառորեն ու անհոգնել դեռ հիշեցնում են մեր մասին։ Դրանց կարելի է հանդիպել ամենուր։ Ինձ միշտ թվացել է, որ դրանք զինվորներ են, որոնք, չնայած արհավիրքին, դեռ կանգուն են, դեռ դիմանում են, դեռ կան, գոյություն ունեն․․․

Երկար մտմտում էի, թե այս անգամ որն է լինելու ուխտագնացության իմ խորհրադանիշը։ Որոշել եմ՝ այս ճամփորդության իմ խորհրադանիշը թող լինի Սուրբ Բարդուղիմեոսի տաճարը, որը կանգուն է առաջին դարից։

Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը` Ս․ Թադեոսը և Ս․ Բարդուղիմեոսը, ովքեր Հայաստանում առաջինն են քարոզել քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերին նշում է մեր ժողովրդի առաջին լուսավորիչներ եւ մեր Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս  առաքյալների տոնը: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է պատարագ` ի հիշատակ Ս. առաքյալների:

Ըստ պատմահայր Խորենացու, Բարդուղիմեոսը, որը հայտնի է նաեւ Նաթանայել անունով (Հովհ. Ա 45, ԻԱ 2), նույնպես Հիսուսի տասներկու աշակերտներից էր, ում Տերը բնորոշել էր որպես մի «ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. Ա 47), եւ ով առաջինը Հիսուսին Աստծո Որդի դավանելու համար (Հովհ. Ա 49) կոչվել է Նախադավան առաքյալ:

Ավանդության համաձայն՝ առաքյալը նախ քարոզում է Պարսկաստանում, ապա հասնում մինչեւ Հնդկաստան, այնուհետեւ ութ պարսիկ հետեւորդների հետ անցնում Հայաստան: Արտաշատի բլրի մոտ իրար են հանդիպում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, գիշերում, խաչ կանգնեցնում, որի համար էլ այդ վայրը հետագայում անվանվել է Օթյաց խաչ: Այնուհետեւ Թադեոսն անցնում է Արտազ, իսկ Բարդուղիմեոսը՝ Հեր եւ Զարեւանդ գավառներ, այնտեղից էլ Անձեւացյաց գավառ եւ Աղբակ:

Հայ կերպարվեստի մեջ Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է դաշույնը և Տիրամոր պատկերը ձեռքին: Համաձայն ավանդության` Սուրբ Կույսի ննջման և թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը չի եղել առաքյալների հետ և վերադառնալով շատ է տրտմում, որ չի կարողացել հրաժեշտ տալ Աստվածածնին: Առաքյալի թախանձանքներին տեղի տալով մյուս առաքյալները բացում են Տիրամոր գերեզմանը, բայց այն թափուր են գտնում. Աստվածածինը վերափոխվել էր երկինք: Ի մխիթարություն Նաթանայել Բարթուղոիմեոսի, Հովհաննես առաքյալը նրան է հանձնում Սուրբ Կույսի կենդանագիր պատկերը, որը տրվել էր Հովհաննես Ավետարանչին` ի սփոփանս և հապաքինումն հիվանդների:

Մովսես Խորենացու վկայությամբ` Բարթուղիմեոսը պատկերը Հայաստան է բերում և զետեղում է Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց է հիմնվում: Բարդուղիմեոս առաքյալի` Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլև ասորական և լատինական աղբույրները: Հայ միջնադարյան գրականության մեջ մեծ տեղ են զբաղեցրել Բարդուղիմեոս առաքյալին նվիրված ճառերը, գանձերը, տաղերը, աղոթքները և շարականները:

Բարդուղիմեոսին սպանել են փշոտ մահակների հարվածների ներքո: Ավանդության համաձայն՝ առաքյալի գերեզմանը գտնվում է պատմական Աղբակ գավառում (այժմ՝ Թուրքիա, Բաշկալե), որի վրա կառուցվել է Ս. Բարդուղիմեոսի վանքը:

Վանի Բաշքալե շրջանի Ալբայրաք գյուղի մոտակայքում, որտեղ տեղակայված է այս տաճարը, տարիներ շարունակ եղել է ռազմական, ասել է թե՝ արգելված գոտի։ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանատեղին տաճարի ներսում էր, որը հայերի համար ուխտագնացության կարևոր վայր էր մինչ ցեղասպանությունը: 1960-ական թվականներին վանքը պայթուցիկների միջոցով մասնակիորեն ավիրվել է թուրքական բանակի կողմից: Հիմնական տաճարն այժմ ավիրված է և վերածվել է ռազմակայանի: Նաև խստիվ արգելված էր լուսանկարել և մոտենալ հայկական տաճարի կանգուն մնացած ավերակներին:

Այսօր այն արդեն հասանելի է զբոսաշրջիկների համար։ Ի դեպ, Բաշքալեում է գտնվում նաև Ձորադիր Սուրբ Էջմիածնի վանքը։ Այս վանքը նշանավոր է նրանով, որ Աղթամարի Սուրբ Խաչի նախատիպն է, կառուցել է ճարտարապետ Մանուելը, հավանաբար, աչքից հեռու լինելու պատճառով գտնվում է համեմատաբար լավ վիճակում։

Աստված առաջ։

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Ս․ Բարդուդիմեոսի տաճար՝ Վանի իմ խորհրդանիշը

  1. Уведомление: «Հոգևորը և աշխարհիկը. միջավայրը ծնում է…» — Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Մայիսյան ամենամյա 18-րդ հավաք — Սեբաստացիական մեդիադարակ

  3. Уведомление: Հաշվետվություն — քննարկում՝ ճամփորդությունները սովորելու-սովորեցնելու միջոց — Մեդիամանկավարժական բլոգ

  4. Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր և Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ

  5. Уведомление: Մայիս ամսվա նախագծեր — Սեբաստացիական մեդիադարակ

  6. Уведомление: Նախագծեր 2022-2023 — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s