Մարդի՛կ, մի՛ ստորացեք, մի՛ սպանեք ձեր հոգիները

mskh ջան, քանի որ դու ինձ համար վաղուց դարձել ես  մտերիմ մեկը, և (ով գիտե), կարող է և այս օրերին անհանգստանում ես մտածելով` էս ու՞ր է կորել Նունեն,  դրա համար որոշեցի քեզ հետ կիսել իմ անցած մեկ շաբաթվա մտածումները:

Առանց սեթևեթելու ասեմ, որ ապրեցի իմ կյանքի, թերևս, ամենածանր շաբաթներից մեկը: Էն, որ դու կարող ես ֆիզիկապես տկար լինել, դեռ ոչինչ, բայց, երբ նույն վիճակում  հայտնվում է քեզ համար սիրելի մեկը (իմ դեպքում` ամենասիրելի), միանգամից թևաթափ ես լինում: Առանց փակագծերը բացելու ասեմ (սրտամրմուռ բաներ չեմ սիրում պատմել), որ հայտնվել էի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի դռների առջև: Ու, քանի որ ժամեր, օրեր շարունակ դու մի տեղում ես, ուր շուրջբոլորդ տարբեր մարդիկ են ու ստիպված ես, անկախ քո կամքից, լսել ու տեսնել նրանց, ակամայից (գուցե ինքնապաշտպանության բնազդից կամ էլ չխենթանալուց) սկսում ես ինքդ քեզ մտածել տեսածիդ, լսածիդ մասին:

Մարդկային ստորացումները սկիզբ են առնում հենց հիվանդանոցի դռների մոտից: Եվրոպավարի սարքած դռներից ու պատերից ներս սկսվու՜մ է մեր դառը ու դաժան իրականությունը,  որը ստեղծել ենք հենց մենք` հայերս ( հաստատ թուրքի մատը խառը չի): Պատկերացրեք միայն` վերակենդանացման բաժանմունք, սպասասրահում «վխտացող» մի քանի տասնյակի չափ հուսահատ մարդիկ  ու  ընդամենը մի քանի, կիսակոտրած աթոռ:  Մանրու՞ք է, չէ՜…

Չասեմ այդտեղ գտնվող մարդկանց հոգեվիճակի մասին: Ովքեր երբևէ հայտնվել են, հաստատ կպատկերացնեն, ովքեր չեն հայտնվել, աստված չանի, երբևէ առիթ ունենան այնտեղ գնալու:

Ա՛յ մարդ, ա՛յ պետություն, ինչո՞ւ ես ստորացնում այս` առանց այն էլ սրտերը կոտրած մարդկանց, որ մի քանի աթոռ ավել ես դնում, ի՞նչ է լինում:  Չէ՛, ինքը` մարդը կամ պետությունը, էդքանը չի մտածել:

Սրտերը կոտրած մարդիկ… սա արդեն լրիվ ուրիշ խոսակցություն է: Մարդիկ, ովքեր խոսում են հիմնականում նորին գերազանցություն մամոնայից, մարդիկ, ովքեր  անընդմեջ  բամբասում են, բողոքում են, դժգոհում են պետությունից, տնից, հարևանից, ընկերոջից, իրարից, անգամ` բժշկից: Այն բժիշկից, ով այդ պահին գուցե և նրա հարազատի կյանքն է փորձում փրկել մահվան ճիրաններից: Ավելի աստվածուրաց բան հնարավո ՞ ր է պատկերացնել: Աստվա՛ծ իմ, խենթանալ կարելի է: Այդքան բացասական էներգիայի կուտակում հենց այն դռների առջև, որից մի քանի քայլ այն կողմ անգիտակից պառկած է քո հարազատը: Ոչ թե ապակեպատ, բետոնապատ դռներն անգամ անզոր են կանխելու այդչափ բացասական էներգիա:

Մարդի՛կ, մի՛ ստորացեք այդ աստիճան, մի՛ սպանեք ձեր հոգիները ու ձեր հարազատներին: Ախր, չի՛ կարելի այդչափ անգետ լինել:

Աններելի հանցանք է այդչափ ստորացնել, թերևս, ամենամարդկային մասնագետի` բժիշկի արժանապատվությունը: Այն, ինչ անում է բուժանձնակազմը, ամենամեծ հարգանքի է արժանի: Մի՛ ստիպեք նրանց ոտնահարել սեփական արժանապատվությունը ու հայտնվել մուրացիկի կարգավիճակում:  Բուժման դիմաց վճարում կազմակերպելու շատ ավելի քաղաքակիրթ ձևեր կան, որին, ի դեպ,  հանդիպել  եմ Արա Բաբլոյանի հիմնած «Արաբկիր» մանկական հիվանդանոցում:

Սա  է մեր իրականությունը`  դատարկ, անուժ, տգետ, անմխիթար ու ստորացնող:

Վերջում ուզում եմ հարցադրում անել` ինչպե՞ս է,  որ Աշոտ Բլեյան կամ Արա Բաբլոյան (գուցե էլի մարդիկ կան, շատ եմ ուզում հավատալ, որ կան), անունով մարդիկ կարողանում են ստեղծել մեկ այլ, ուրիշ աշխարհ: Իրականություն, ուր չի ստորացվում մարդկային ամենավեհ  բնույթը` արժանապատվությունը: Ուրեմն` հնարավոր է, չէ՞ ստեղծել հենց այդպիսի` չստորացնող  իրականություն: Հնարավոր է, չէ՞…

 Նունե Մովսիսյան

Լուսանկարը`  www.yandex.ru-ից

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий